- Главная
- Node
- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
Июля 20, 2022 | 17:12
Կրթություն
Ուսանողական
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Գևորգ Արշակյանի անվան ամառային դպրոցի սաներն այսօր մասնակցեցին մասնագիտական ցուցահանդեսի, որտեղ ներկայացվեցին ԵՊՀ-ում առկա մասնագիտությունները, աշխատանքի հնարավորություններն ու հեռանկարները:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում գործող, Գևորգ Արշակյանի անունը կրող ամառային դպրոցի սաները ՀՀ մարզերի ավագ դպրոցներից են:
Երկու շաբաթվա ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել զարգացնելու ժամանակի կառավարմանը, հաղորդակցման ու առաջնորդելու հմտություններին, արագ ընթերցանությանը վերաբերող գիտելիքները:
Գիտելիքի ամառային դպրոցի աշխատանքները համակարգող Խաչիկ Աբաջյանը, խոսելով մասնագիտական ցուցահանդեսից և դրա կարևորությունից, մեզ հետ զրույցում ընդգծեց. «Ցուցահանդեսը կազմակերպվել էր ամառային դպրոցի շրջանակում: Երկու շաբաթվա ընթացքում դպրոցի սաներն ստանում են այնպիսի գիտելիքներ, որոնք նպաստում են մասնագիտական կողմնորոշմանը: Նմանատիպ ցուցահանդեսները շատ կարևոր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս առավել պատկերավոր ներկայացնելու այդ մասնագիտություններն ու ակնկալվող հեռանկարները»:
Նշենք, որ «Գիտելիքի դպրոց»-ի գաղափարը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ բրոնզե մեդալակիր Գևորգ Արշակյանինն էր, ով, ընտրվելով ԵՊՀ ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի նախագահ, պատրաստվում էր իրականացնել այս ծրագիրը՝ առաջնորդվելով «ուսանողները ուսանողների համար» գաղափարով: Գիտելիքի դպրոցում բանախոսում են բարձր կուրսերում սովորող ուսանողներ, շրջանավարտներ։