- Главная
- Node
- ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՄԱԼՐԵՑ ԻՐ ԳՐԱԴԱՐԱՆԸ
Октября 06, 2022 | 17:10
Կրթություն
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՄԱԼՐԵՑ ԻՐ ԳՐԱԴԱՐԱՆԸ
Տեղի ունեցավ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հրատարակած «Սփյուռքագիտություն. քննական անթոլոգիա» գրքի շնորհանդես-քննարկումը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, փաստեց, որ համալսարանում ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ, այն է՝ գրքերի շնորհանդեսների ու դրանց շուրջ քննարկումների կազմակերպումը: Հ. Հովհաննիսյանը նշեց, որ հայ գրականությունը հարստանում է այսօրինակ գրքերի լույսընծայումով, ինչը ողջունելի է:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ, ԱՄՆ Միչիգանի համալսարանի դասախոս Վահե Սահակյանի հեղինակած «Սփյուռքագիտություն. քննական անթոլոգիա» գրքում ներառված են առաջին անգամ հայերեն թարգմանված և Սփյուռքն ուսումնասիրող ոլորտներում ներդրում ունեցած միջազգային ճանաչում ունեցող հեղինակների ուսումնասիրություններ:
Անթոլոգիայում ներառված են նաև Սփյուռքի սահմանումներին, Սփյուռքի ուսումնասիրության ոլորտի զարգացմանն ու առանձնահատկություններին նվիրված քննական աշխատություններ։ Ի դեպ, «Սփյուռք» հասկացության ըմբռնումների շուրջ բազմազան ու երբեմն հակընդդեմ մոտեցումների ներկայացմամբ անթոլոգիան նպատակ ունի խթանելու և խրախուսելու քննական մոտեցումները Հայկական սփյուռքի ուսումնասիրություններում։
Վ. Սահակյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ գիրքը կիրառական նշանակություն կունենա սոցիոլոգների, սփյուռքագետների, հայագետների, պատմաբանների, քաղաքագետների ու հոգեբանների համար:
«Սփյուռքագիտություն. քննական անթոլոգիա» գրքի գրախոս, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի խոսքով՝ գիրքը դասական կոնցեպտուալ մոտեցումների ամբողջություն է:
Նշենք, որ գիրքը հասանելի է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի գրադարանում։