- Главная
- Node
- ԵՊՀ ՈՒԳԸ-ն՝ գիտական հարցերի շուրջ ուսանողներին համախմբող կարևոր հարթակ
Июня 05, 2024 | 17:00
Գիտություն
Միջոցառումներ
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԳԸ-ն՝ գիտական հարցերի շուրջ ուսանողներին համախմբող կարևոր հարթակ
ԵՊՀ ՈւԳԸ ընդլայնված նիստով ամփոփվեց կառույցի կիսամյակային գործունեությունը, ծավալվեց պանելային քննարկում երիտասարդ և փորձառու հետազոտողների շրջանակում, ինչպես նաև տեղի ունեցավ «ՈՒԳԸ պատվավոր անդամ»-ի պարգևատրման արարողությունը։
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճը մարդաշատ էր. համալսարանի տարբեր ֆակուլտետների` գիտությամբ հետաքրքրված երիտասարդ հետազոտողները, ՈՒԳԸ անդամները հավաքվել էին ամփոփելու 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակը, լսելու գիտահետազոտական աշխատանքներ կատարելու մարտահրավերների վերաբերյալ քննարկում։
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանը, խոսելով գիտաժողովի անցկացման կարևորության և նպատակի մասին, նշեց. «Սա լավ հնարավորություն է, որպեսզի ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերը հղեն մասնագետներին՝ մանրամասներ ճշտելով, օրինակ, միջազգային և տեղական ամսագրերում հոդվածների տպագրությունների, դրանց չափորոշիչների և հետաքրքրող այլ հարցերի վերաբերյալ: Կիսամյակային գիտաժողովները նաև հնարավորություն են ընձեռում ամփոփելու կատարված աշխատանքները, ուղենշելու առաջիկա ծրագրերը»:
Գիտական աշխարհ մուտք գործելիս ուսանողները բախվում են մի շարք խնդիրների: Դրանցից առաջինը գիտական թեմայի և ղեկավարի ընտրությունն է:
«Գիտահետազոտական աշխատանքներ կատարելու արդի մարտահրավերները» խորագրով պանելային քննարկման բանախոսներից ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Փոլադյանն ուսանողներին ներկայացրեց գիտական թեմայի և ղեկավարի ճիշտ ընտրության կարևորությունը:
«Յուրաքանչյուր թեմա ընտրելիս պետք է հաշվի առնել նրա արդիականությունը, ՀՀ-ին վերաբերելիությունը, թեմայի շուրջ միջազգային համագործակցության հնարավորությունները: Նույնքան կարևոր է նաև գիտական ղեկավարի ընտրությունը՝ որպես հիմնական ուղղորդողի»,- ասաց Աննա Փոլադյանը՝ հավելելով, որ գիտությամբ զբաղվելու կարևոր նախապայմաններից է նաև անհրաժեշտ սարքավորումների և նյութերի առկայությունը, ինչը հատկապես վերջին երեք տարիներին պետության և համալսարանի ուշադրության առանցքում է (նաև թեմատիկ բազմաթիվ դրամաշնորհների միջոցով)։ Ըստ Ա. Փոլադյանի՝ հետազոտողներին ոչ միայն հնարավորություն են ընձեռում ձեռք բերելու անհրաժեշտ տեխնիկա, այլև մեկնելու միջազգային գիտաժողովների և վերապատրաստումների։
Անդրադառնալով ԵՊՀ ՈւԳԸ ծավալած գործունեությանը՝ Աննա Փոլադյանն ընդգծեց, որ այն մի հարթակ է, որը զբաղվում է ուսանողներին գիտական հարցերի շուրջ համախմբելու և գիտական հետաքրքրություն առաջացնելու կարևոր առաքելությամբ։
«Գիտության նկատմամբ հետաքրքրությունը պետք է սկսի դեռևս մանկապարտեզի տարիքից, այնուհետև կոփվի, զարգանա և ուղղորդվի հետագա տարիներին տարբեր միջավայրերում։ Համալսարանի և հատկապես Ուսանողական գիտական ընկերության դերակատարումն այս հարցում անժխտելի է»,- նշեց Ա․ Փոլադյանը։
«Ինչո՞ւ եք ընտրել գիտությունը, այն ի՞նչ է տալիս ձեզ ու աշխարհին»․ այս հարցերով սկսեց իր ելույթը պանելային քննարկման մյուս բանախոսը՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Վարուժան Գեղամյանը։
Հնչած տարբեր պատասխաններին ի լրացում՝ բանախոսը պատմեց․ «Կա կարծրատիպ, որ գիտնականները ինչ-որ հեռավոր լաբորատորիաներում, մութ անկյուններում, փոշոտ գրքերի մեջ, կոլբաներով, խալաթներով նստած մարդիկ են, որոնք ինչ-որ աշխատանքով են զբաղվում, որի արդյունքը մենք չենք տեսնում: Երբ նման կարծիք ունեցողներին հարցնես, թե ունեն բջջային հեռախոս, կպատասխանեն՝ այո։ Հենց այդ ժամանակ էլ կարող ես ասել, որ այդ սմարթֆոնը, որով զանգում ես, սնունդ պատվիրում, տարբեր գործողություններ կատարում, իրականում ստեղծել է մեկը, որը օրերով մութ սենյակներում, խալաթով, կոլբաների ու փոշոտ գրքերի մեջ նստած զբաղվել է գիտությամբ, այլ կերպ ասած՝ «այդ ինչ-որ մեկը» եղել է գիտնական»։
Շարունակելով իր խոսքը և ներկայացնելով գիտության գրավչությունն ու ընձեռած հնարավորությունները՝ Վ․ Գեղամյանը պատմեց, որ գիտությամբ զբաղվելը թույլ է տալիս ունենալ իշխանություն, ազդելու հասարակության վրա, քանի որ հենց գիտնականներն են, որ կանգնած են մարդկության զարգացման գլխավերևում։
«Խիստ կարևոր է, որ ժամանակակից գիտնականը լավագույնս ճանաչի իրեն շրջապատող աշխարհն ու զգա այդ աշխարհի նյարդը, որպեսզի կարողանա ճիշտ և նպատակաուղղված ներդրում ունենալ պետության և աշխարհի զարգացման գործում։ Միշտ պետք է հիշել, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելու առաջին նպատակը Հայաստանի զարգացումն է, հետևաբար գիտնականը որևէ թեմա ընտրելիս պետք է անպայման հաշվի առնի դրա՝ մեր երկրին վերաբերելիությունն ու մեզ համար արդիականությունը»,- իր խոսքը եզրափակեց Վ․ Գեղամյանը։
Պանելային քննարկմանը զեկուցմամբ հանդես եկավ նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, ՈՒԳԸ նախկին նախագահ Մերի Փանոսյանը։
Խոսելով ՈՒԳԸ-ի ընձեռած հնարավորությունների մասին՝ Մ․ Փանոսյանը նշեց․ «Գիտությամբ հետաքրքրվող ուսանողների համար չափազանց կարևոր է գիտական հոդվածներ տպագրելու հնարավորությունը։ Նրանք կարող են հոդվածներ տպագրել ԵՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու» պարբերականում։ Ուսանողները հենց այսպես կատարում են իրենց առաջին քայլերը, սովորում գիտական հոդվածներ կառուցելու համար անհրաժեշտ մեթոդները, հասկանում, թե ինչ է, օրինակ, գրախոսությունը, ինչպես նաև հնարավորություն ստանում շփվելու իրենց ոլորտի լավագույն մասնագետների հետ, լսելու արժեքավոր գիտական զեկուցումներ և այլն»։
Պանելային քննարկումն ավարտվեց ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանի զեկուցմամբ, որտեղ ներկայացվեց ՈՒԳԸ ստորաբաժանումների վարկանիշային աղյուսակը՝ ըստ կիսամյակային գործունեության ծրագրերի արդյունքների:
Հայտարարվեցին նաև կիսամյակի ընթացքում ակտիվ գործունեություն ծավալած ՈՒԳԸ լավագույն անդամների անունները, որից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: ԵՊՀ ՈՒԳԸ գիտական խորհրդի որոշմամբ «ԵՊՀ ՈՒԳԸ պատվավոր անդամ» ճանաչվեց Ուսանողական գիտական ընկերության նախկին նախագահ Մերի Փանոսյանը: