ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Վահան Նալբանդյանը 2024 թվականի դեկտեմբերին մասնակցել է «Sunway Sitges Chess Festival»-ին և հաղթել արագ շախմատի մրցաշարում։
«Sunway Sitges Chess Festival»-ը 2013 թվականից ի վեր կազմակերպվում է Իսպանիայի Սիտգես քաղաքում և հայտնի է մրցանակային հիմնադրամով ու միջազգային բարձր վարկանիշ ունեցող մասնակիցներով։ Մրցույթը ներառում է դասական և արագ շախմատի ձևաչափեր, որի շնորհիվ գրավում է շախմատային աշխարհի առաջատար խաղացողների ուշադրությունը։
Վահանը շախմատով սկսել է զբաղվել մանկությունից և մասնակցել է տարբեր մրցաշարերի ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում։
Խոսելով Սիտգեսի մրցաշարի մասին՝ նա նշեց, որ ամենահիշարժան պահը բրիտանացի նշանավոր գրոսմայստերի հետ խաղն էր: Վահանի խոսքով այդ խաղը ոչ միայն մարտահրավեր էր, այլև մեծ փորձ ձեռք բերելու հնարավորություն։
Վահանը շախմատը համարում է ուսմանը նպաստող գործիք, քանի որ այն զարգացնում է վերլուծական ունակություններ և ռազմավարական մտածողություն։ «Շախմատը ձևավորում է մտածելու և որոշումներ կայացնելու ունակություն, ինչը շատ կարևոր է թե՛ կյանքում, թե՛ ուսման մեջ»,- ընդգծում է նա։
Վահանը ակտիվորեն մասնակցում է նաև միջբուհական ուսանողական մրցումներին և ԵՊՀ թիմի հետ պարբերաբար գրանցում հաղթանակներ։