ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում դասախոսությամբ հանդես եկավ ՌԴ գիտությունների ակադեմիայի Ա․Ն․ Սևերցովի անվան էկոլոգիայի և էվոլյուցիայի ինստիտուտի «Կենսաինֆորմատիկայի և կենսաբանական պրոցեսների մոդելավորում» ամբիոնի հիմնադիր և վարիչ, պրոֆեսոր Վարոս Գարեգինի Պետրոսյանը։
Վարոս Պետրոսյանի այցը ԵՊՀ «Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների» ծրագրի «Հայաստանի վտանգված և ինվազիվ կենդանատեսակների տարածման մոդելավորումն ու համակարգումը» գիտական թեմայի շրջանակում էր՝ Հայաստանում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով: Աշխատանքները ներառում են օտարածին կենդանատեսակների տարածման հնարավոր մոդելավորման համատեղ ուսումնասիրություններ։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-01/pxl_20250124_104114697_0.jpg?itok=PBB_IvVj)
Դասախոսության ընթացքում պրոֆեսոր Վ․ Պետրոսյանը ներկայացրեց կլիմայի փոփոխության առկա մոդելները և դրանց տարբեր սցենարները մինչև 21-րդ դարի ավարտը: Կլիմայի փոփոխության հետևանքով վերանայվել են այն առավել վտանգավոր ինվազիվ տեսակները, որոնց տարածման սահմանները փոխվում են։
Ըստ ներկայացված տվյալների՝ կլիմայի փոփոխությունը վերջին 80 տարիների ընթացքում հանգեցրել է 1°C-ի չափով միջին ջերմաստիճանի աճի ինչպես ցամաքային, այնպես էլ ջրային էկոհամակարգերում, ինչի արդյունքում ինվազիվ տեսակների տարածման արեալը տեղափոխվել է մոտ 19,7 կմ դեպի հյուսիս: Կատարված մոդելավորման արդյունքում կանխատեսվել է, որ գալիք 80 տարիների ընթացքում ջերմաստիճանի փոփոխությունը կկազմի 1․93°C, ինչը կհանգեցնի տեսակների տարածման սահմանների տեղափոխման 33±12 կմ, իսկ 4․97°C փոփոխության դեպքում՝ 32․3±12 կմ։
Այս տվյալները, ըստ մասնագետի, կարևոր նշանակություն ունեն Հայաստանում էկոհամակարգերի կայունության պահպանման և օտարածին վտանգավոր տեսակների տարածման կանխարգելման նպատակով համապատասխան միջոցառումներ ծրագրելու համար։
Վարոս Գարեգինի Պետրոսյանի այցը ԵՊՀ և դասախոսությունը հնարավորություն են ընձեռում Հայաստանի կենսաբազմազանության պահպանման շրջանակում ամրապնդելու համագործակցությունը միջազգային գիտական տարբեր համայնքների հետ։