- Главная
- Node
- ԿԳՄՍ նախարարը հանձնեց միջազգային հավատարմագրում ստացած ԵՊՀ կրթական ծրագրերի հավաստագրերը
Января 29, 2025 | 15:24
Գիտություն
Կրթական ծրագրեր
Կրթություն
ԿԳՄՍ նախարարը հանձնեց միջազգային հավատարմագրում ստացած ԵՊՀ կրթական ծրագրերի հավաստագրերը
ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը՝ հանձնելու ԵՊՀ կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման հավաստագրերը: Այցի ընթացքում կատարվեց շրջայց ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներում, քննարկվեցին համալսարանի զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններն ու համագործակցության նոր հնարավորություններ, որոնք նպատակ ունեն բարելավելու կրթական միջավայրը և լավարկելու բարձրագույն կրթության որակը ՀՀ-ում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԲԿԳԿ նախագահի տեղակալը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և պրոռեկտորների հետ շրջայց կատարեցին համալսարանի Կենսաբանության, Քիմիայի ֆակուլտետների, Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտների լաբորատորիաներում՝ ծանոթանալով վերանորոգված և վերազինված լաբորատորիաների տեխնոլոգիական նորարարություններին և այն բոլոր հնարավորություններին, որոնք մեծ կարևորություն ունեն ոչ միայն կրթական գործընթացի զարգացման, այլ նաև գիտության ոլորտում առաջընթացի համար։
Հաշվի առնելով ԵՊՀ-ում ստեղծված հնարավորությունները՝ նախարար Ժ. Անդրեասյանը բարձր գնահատեց համալսարանում կատարվող փոփոխությունները, գիտական և կրթական ծրագրերը, որոնք ապահովում են ակադեմիական առավել արդյունավետ միջավայր՝ ի նպաստ ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացման և բարձրագույն կրթության մրցունակության։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով համալսարանի գրանցած ձեռքբերումները, նշեց. «ԿԳՄՍ նախարարի հետ ԵՊՀ լաբորատորիաներում կատարած բովանդակալից շրջայցը առիթ էր ցույց տալու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի շնորհիվ ձեռք բերված սարքերը, ծանոթացնելու կատարվող հետազոտություններում դրանց կիրառությանը։ Մեր աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել. 2024 թվականին ԵՊՀ-ն ավելի քան 600 հոդված է հրապարակել միջազգային գրախոսվող ամսագրերում»։
ԵՊՀ ռեկտորը հավելեց, որ համալսարանի գրանցած հաջողություններն անմիջականորեն կապված են բարձրագույն կրթության որակի լավարկման և գիտական նորարարությունների հետ։
«Կրթական ծրագրերի հավատարմագրումը գերմանական ASIIN գործակալության հետ համատեղ, որը սկսվեց երկու տարի առաջ, ևս մեծ նշանակություն ունի։ Իրականացված այդ գործընթացի ժամանակ ներդրված մեծ ջանքերի, ռեսուրսների ու նվիրումի արդյունքում գերմանական ASIIN միջազգային գործակալությունը հավատարմագրել է Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» (բակալավրիատական), «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» (մագիստրոսական), «Ֆարմացիա» (բակալավրիատական), «Ֆարմացիա» (մագիստրոսական) կրթական ծրագրերը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը՝ հավելելով, որ այժմ իրականացվում է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 6 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթաց։
Նրա խոսքով՝ միջազգային հավատարմագրումը բարձրացնելու է համալսարանի, կրթական ստորաբաժանումների ու ծրագրերի վարկանիշը՝ դրանք դարձնելով առավել գրավիչ ոչ միայն հայ, այլև օտարերկրյա դիմորդների համար։ Այն ընդլայնելու է նաև շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու հնարավորությունները ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում, խթանելու է ուսանողների և դասախոսների միջազգային շարժունությունը:
Ռեկտորը նաև շնորհակալություն հայտնեց բոլոր այն մասնագետներին, որոնք իրենց աշխատանքի և մասնագիտական ներդրման շնորհիվ հնարավորություն ընձեռեցին գրանցելու այս նշանակալի արդյունքը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը՝ նշելով, որ ստեղծված նոր հնարավորությունները երիտասարդների համար միջավայրը դարձնում են գրավիչ, ինչը էական արդյունք է։
«Համալսարանը՝ որպես կրթական և գիտական կենտրոն, շարունակում է ամրապնդել իր տեղը և նշանակությունը ՀՀ գիտական հետազոտությունների ոլորտում, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի քաղաքականությունը մեր համալսարաններին խրախուսելն է, որպեսզի դրանք դառնան հետազոտական համալսարաններ։ Գիտության հետ կապը պետք է լինի այն տրամաբանությամբ, որ դա կրթական գործընթացի անբաժանելի մասն է։ Ուրախ եմ, որ այսօր ԵՊՀ-ում հենց այդ տրամաբանությամբ է կազմակերպվում աշխատանքը»,- ասաց նա։
Անդրադառնալով կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացին՝ Ժ. Անդրեասյանն ընդգծեց, որ կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրումն այն հիմնական ուղենիշներից է, որը կարևորում է ԿԳՄՍՆ-ն։
Արժևորելով միջազգային պահանջներին համահունչ որակյալ կրթության դերը՝ Հովհաննես Հովհաննիսյանը և Ժաննա Անդրեասյանը կրթական ծրագրերի ղեկավարներին հանձնեցին միջազգային հավատարմագրում ստացած կրթական ծրագրերի հավաստագրերը։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական, վարչական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։