- Գլխավոր
- Նորություններ
- Սեմինարների շարք ԵՊՀ-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համագործակցության շրջանակում
Հունվար 30, 2025 | 12:12
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Սեմինարների շարք ԵՊՀ-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համագործակցության շրջանակում
Երևանի պետական համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT, ԱՄՆ) համագործակցությամբ իրականացվող նախագծի շրջանակում ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնում սեմինարներ է անցկացնում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչ Դանիել Օդենթալին։
Երկու համալսարանների գործակցությամբ իրականացվող նախագծի շրջանակում մոտ մեկ ամիս տևողությամբ սեմինարների ընթացքում ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեն կատարելու նախատիպավորում և թվային մոդելավորում:
Նախագծի մասին առավել մանրամասն պատմել է Դ. Օդենթալին:
Սեմինարների ընձեռած հնարավորությունները...
Նախագիծը կազմված է ինը սեմինարներից, որոնց ընթացքում ուսանողները կատարում են նախագծման գործընթաց՝ կիրառելով դասախոսության և գործնական աշխատանքի համադրություն: Յուրաքանչյուր սեմինարի առացքում է նախագծման գործընթացի որոշակի փուլը՝ իրական աշխարհի խնդիրների նույնականացումից մինչև լուծումների զարգացում և նախատիպավորում: Օրինակ՝ սեմինարների ընթացքում ուսանողները սովորում են 3D մոդելավորման հիմունքները, այդ թվում՝ ինչպես օգտագործել համակարգչային ծրագիրը և պատրաստել իրենց մոդելները 3D արտածմանը: Այնուհետև նրանք կյանքի են կոչում իրենց գաղափարները՝ ստեղծելով նախատիպեր և ձեռք բերելով առավել խոր պատկերացում, թե ինչպես է նախագիծը աշխատում գործնականում: Ուսանողներն աշխատում են փոքր խմբերով: Սեմինարների շարքը կավարտվի եզրափակիչ ցուցադրությամբ, որտեղ խմբերը կներկայացնեն իրենց նախագծման արդյունքները: Սեմինարների ընթացքում ձեռք բերած հմտությունները զարգացնում են նրանց տեխնիկական փորձառությունը և օգնում ստեղծագործական մոտեցմամբ հաղթահարելու ապագա նախագծերի մարտահրավերները։
ԵՊՀ ուսանողների մասնագիտական պատրաստվածության և ԵՊՀ-ում կրթության որակի մասին...
Ուսանողների հետ աշխատելու փորձից կարող եմ ասել, որ նրանք արհեստավարժ են, մեծ ցանկություն ունեն սովորելու և գնահատում են ուսուցման այն մեթոդները, որոնք ես կիրառել եմ սեմինարների ընթացքում: Հատկապես տպավորված եմ նրանց ստեղծագործական մոտեցմամբ և խնդիրները լուծելու հմտությամբ: Նրանք ունեն քննադատորեն մտածելու և խնդիրները տարբեր տեսանկյուններից դիտարկելու կարողություն: Ե՛վ ուսանողները, և՛ ԵՊՀ անձնակազմը շատ հյուրընկալ են։
ԵՊՀ-ում կրթական սկզբունքների և մեթոդների բարելավման ուղղությամբ առաջարկների մասին...
Կարծում եմ, որ ավելի շատ գործնական պարապմունքների ներառումը կարող է նշանակալիորեն բարելավել ԵՊՀ ուսանողների ուսուցման փորձառությունը: Նման պարապմունքները հնարավորություն կտան ուսանողներին ավելի ակտիվորեն կիրառելու դասախոսության ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները աշխատանքային գործընթացում:
Հայաստանում ինձ հատկապես դուր է եկել...
Ինձ բախտ է վիճակվել ուսումնասիրելու Հայաստանի որոշ տեսարժան վայրեր: Հիշարժան էր ուղևորությունը դեպի Դիլիջան, որտեղ ինձ գրավել են ցնցող լեռնային լանդշաֆտները և խաղաղ արշավային կածանները, որոնք ապահովում են կատարյալ մեկուսացում քաղաքի աղմուկից: Այցելել եմ նաև մի քանի վանքեր, որոնք ինձ տվել են երկրի հարուստ պատմության և մշակութային ժառանգության մասին ընդհանուր գաղափար: Սակայն ամենաշատը ես տպավորված եմ հայ ժողովրդի ջերմությամբ և հյուրընկալությամբ, որն այնքան առատաձեռն է իր մշակույթն ու ավանդույթները կիսելու հարցում: Հայաստանում անցկացրած ժամանակս՝ համեմված զրույցներով, տեղական խոհանոցի և պատմական վայրերի ուսումնասիրությամբ եղել է և՛ հոգեպես հարստացնող, և՛ ոգեշնչող: