- Главная
- Node
- ԵՊՀ-ն և Հայաստանի բանկերի միությունը՝ արցախցի ուսանողների կողքին
Февраля 25, 2025 | 16:29
Գործընկերներ
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ-ն և Հայաստանի բանկերի միությունը՝ արցախցի ուսանողների կողքին
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանի և արցախցի ուսանողների մասնակցությամբ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ քննարկվեցին կրթական հնարավորությունները ու համագործակցության հեռանկարները։ Հանդիպման ժամանակ Դանիել Ազատյանն ուսանողներին ներկայացրեց բանկային համակարգի առանձնահատկություններն ու պատասխանեց նրանց հարցերին։


ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդգծելով համալսարանի ներդրած ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ապահովելու գործում, ասաց․ «Հաշվի առնելով պատերազմի հետևանքով ստեղծված սոցիալական ծանր պայմանները՝ մենք դիմել ենք մի շարք կազմակերպությունների, բարերարների, ընկերությունների՝ նպատակ ունենալով վերջիններիս աջակցությամբ ապահովելու արցախցի ուսանողների անխոչընդոտ ուսումնառությունը համալսարանում։ Շնորհիվ այս նախաձեռնությունների՝ մենք կարողացանք 100%-ով ապահովել բոլոր ուսանողների ուսման վարձավճարները։ Մեր պարտքն է աջակցել մեր հայրենակիցներին այս դժվարին ժամանակաշրջանում»։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը կարևորեց ուսանողների կրթության շարունակականության ապահովումը՝ նշելով, որ բանկային համակարգը պատրաստ է աջակցելու երիտասարդներին։

«Երբ մեզ ներկայացվեց նշյալ խնդիրը, Հայաստանի 18 բանկեր անմիջապես արձագանքեցին և պատրաստակամորեն աջակցեցին։ ՀՀ բանկերը ոչ միայն ֆինանսական աջակցություն են ցուցաբերել, այլև պատրաստակամություն են հայտնել ներդնելու կրթական ծրագրեր, որոնք կնպաստեն ուսանողների մասնագիտական զարգացմանը։ Կրթված և որակյալ մասնագետների առկայությունը կարևոր է ոչ միայն բանկային համակարգի, այլև երկրի զարգացման համար, ուստի մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը ԵՊՀ-ի հետ՝ աջակցելով ուսանողներին»,- մատնանշեց Դանիել Ազատյանը։
Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը։ Նրանք հետաքրքրվեցին ոչ միայն ֆինանսական աջակցության ծրագրերով, այլև բանկային ոլորտում առկա աշխատանքի հնարավորություններով, պրակտիկայի կազմակերպմամբ, ինչպես նաև ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաներով, մասնավորապես կրիպտոարժույթներով և քարտային համակարգերով։

Հանդիպման ավարտին Հայաստանի բանկերի միության նախագահն ընդգծեց, որ համագործակցությունը լինելու է շարունակական, և ներկայում քննարկվում են կրթական նոր ծրագրեր ու հնարավորություններ՝ ուսանողների համար առավել բարենպաստ կրթական պայմաններ ստեղծելու նպատակով։
ԵՊՀ ռեկտորը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին արցախցի ուսանողների կողքին կանգնելու համար՝ շեշտելով, որ ԵՊՀ-ն շարունակելու է աջակցել իր ուսանողներին։
Նշենք, որ ԵՊՀ-ի և ՀԲՄ-ի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին։