- Գլխավոր
- Նորություններ
- Շարունակական կրթության զարգացման նոր հնարավորություններ ԵՊՀ-ում
Փետրվար 26, 2025 | 16:41
Գործընկերներ
Կրթական ծրագրեր
Շարունակական կրթություն
Շարունակական կրթության զարգացման նոր հնարավորություններ ԵՊՀ-ում
ԵՊՀ-ն և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան գրասենյակը՝ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը», ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի համատեղ ծրագրերով նպաստելու մեծահասակների ուսումնառության և շարունակական կրթության համակարգի զարգացմանը։

ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի միջոցով տարիներ շարունակ իրականացվում են հետբուհական լրացուցիչ և շարունակական կրթական մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ դասախոսների, մինչբուհական կրթական հաստատություններում դասավանդողների մասնագիտական և մանկավարժական որակավորման բարձրացման, ինչպես նաև պետական և քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ուղղությամբ։

Մեծահասակների կրթության ոլորտում շուրջ 20 տարվա փորձ ունեցող «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը» Գերմանիայի կառավարության և միջազգային կառույցների աջակցությամբ Հայաստանում իրականացրել է մի շարք կրթական նախաձեռնություններ։ Իր ծրագրերի շրջանակում կառույցը նախատեսում է 2025-2027 թթ․ ԵՊՀ-ի հետ համատեղ իրականացնել մի շարք նախաձեռնություններ՝ ներդնելով ուսուցման նոր մեթոդներ և զարգացնելով շարունակական կրթության ոլորտը։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է ԵՊՀ դասախոսների համար անցկացնել «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ» դասընթացը, ինչպես նաև ներդնել «Անդրագոգիա» նոր դասընթացը ԵՊՀ-ի բակալավրիատում և մագիստրատուրայում։ Բացի դրանից՝ համագործակցության շրջանակում նախատեսվում է զարգացնել էլեկտրոնային ուսուցումը, կատարել հետազոտություններ և կազմակերպել համաժողովներ։

Հուշագրի համաձայն՝ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը» և ԵՊՀ-ն կաշխատեն ոչ ֆորմալ կրթության ծրագրերի մշակման և հանրայնացման ուղղությամբ, ինչպես նաև կմշակեն նորարարական ուսումնական մոդուլներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով համագործակցությունը, ընդգծեց, որ այն կարևոր քայլ է համալսարանի շարունակական կրթության և հասարակության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների ամրապնդման գործում։
«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը ևս կարևորեց համագործակցության հեռանկարները՝ նշելով, որ հուշագրի շրջանակում նախատեսված ծրագրերի իրագործումը կնպաստի Հայաստանի կրթական համակարգում մեծահասակների ուսումնառության բարելավմանը և ընդլայնմանը։
Կողմերը հավաստիացրին, որ շարունակական կրթության ոլորտում համատեղ ջանքերով կօժանդակեն նոր հնարավորությունների ստեղծմանն ու գիտելիքի հասանելիության ընդլայնմանը։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանը: