- Главная
- Node
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՆԱԽԱԳԻԾԸ ՎԵՐԾԱՆԵԼՈՒ Է ԴԵՌԵՎՍ ՉՆԿԱՐԱԳՐՎԱԾ ԵՎ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄԱՆՐԷՆԵՐԸ
Октября 03, 2018 | 14:25
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՆԱԽԱԳԻԾԸ ՎԵՐԾԱՆԵԼՈՒ Է ԴԵՌԵՎՍ ՉՆԿԱՐԱԳՐՎԱԾ ԵՎ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄԱՆՐԷՆԵՐԸ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կողմից ներկայացրած «Արքեաների կենսաբազմազանությունը և էկոլոգիական գործառույթը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի երկրաջերմային աղբյուրներում» գիտական ծրագիրը երաշխավորվել է ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից պայմանագրային ֆինանսավորման:
Վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց գիտական խումբը կազմված է 5 անձից, այդ թվում՝ արտասահմանյան խորհրդատու, Բերգենի համալսարանի (Նորվեգիա) պրոֆեսոր Նիլս-Կորե Բիրկելանդը:
Խմբում ընդգրկված են ամբիոնում աշխատող երկու երիտասարդ մասնագետներ և մեկ ասպիրանտ, ովքեր արդեն հինգ տարի է ակտիվորեն մասնակցում են իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին:
Հովիկ Փանոսյանը նշեց, որ նախագծի հիմնական նպատակն է աճեցման և աճեցումից անկախ (մոլեկուլային) մեթոդների կիրառմամբ ուսումնասիրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մի շարք երկրաջերմային աղբյուրներում արքեաների ֆիլոգենետիկական և գործառույթային բազմազանությունը, մեկուսացնել և նույնականացնել մենահատուկ նյութափոխանակությամբ բնութագրվող արքեաների նոր տեսակները:
«Սպասվող արդյունքները կարող են էական ներդրում ապահովել մանրէների էկոլոգիայում հանգուցային հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև էքստրեմալ էկոհամակարգերում արքեաների երկրաքիմիական ակտիվության գնահատման և կանխատեսման մեջ»,-հավելեց նա:
Ըստ ծրագրի ղեկավարի՝ նախագիծը վերծանելու է նոր, դեռևս չնկարագրված և կենսատեխնոլոգիայում կիրառման առումով արժեքավոր մանրէները և դրանց գեները:
Ներկայացնելով խմբի կատարած աշխատանքը՝ նա նշեց, որ վերջին տարիների ընթացքում խումբն իրականացրել է Հայաստանի որոշ երկրաջերմային աղբյուրների մանրէային համակեցությունների ուսումնասիրության աշխատանքներ:
Անդրադառնալով ծրագրի սպասվող արդյունքներին՝ Հովիկ Փանոսյանն ասաց, որ դրանք կարող են էական ներդրում ապահովել մանրէների էկոլոգիայում հանգուցային հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև էքստրեմալ ֆիզիկաքիմիական պայմաններով բնական էկոհամակարգերում արքեաների երկրաքիմիական ակտիվության գնահատման և կանխատեսման, ինչպես նաև մանրէաբանական գործընթացների էվոլյուցիոն զարգացման վերծանման մեջ:
«Նախագծով նախատեսվող հետազոտությունը եզակի է և՛ Հայաստանի, և՛ Կովկասի երկրաջերմային աղբյուրների հետազոտության առումով: Այդ էկոհամակարգերի կենսաբազմազանության վերծանումը տեսական կենսաբանության գիտական հիմնախնդիրներից է, իսկ կենսատեխնոլոգիական ներուժ ունեցող մանրէների մեկուսացումը հեռանկարային կարող է լինել գիտության և արտադրության միջև երկխոսության համար»,- հավելեց նա:
Նադեժդա Տեր-Աբրահամյան