- Главная
- Node
- 2018. ԵՊՀ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
Декабря 28, 2018 | 16:49
Հասարակություն
2018. ԵՊՀ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
Ձեզ ենք ներկայացնում 2018 ուստարվա ընթացքում ԵՊՀ-ի կարևոր ձեռքբերումները և նվաճումները:
Փետրվարի 6-ին ԵՊՀ հրատարակչության լույսընծայած «Հովհաննես Շիրազ, գիրք Բ» հատորին շնորհվեց Հայաստանի գրողների միության նախագահության մրցանակ:
Փետրվարի 6-ին Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի ուսանող Հայկ Ղազարյանը մասնակցեց Պարսկերենի 14-րդ միջազգային օլիմպիադային, որտեղ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
Փետրվարի 13-ին տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որտեղ մրցանակակիրների մեծ մասը ԵՊՀ ուսանողներն էին:
Փետրվարի 20-ին պաշտոնապես բացվեց «Արցախի տուն» գիտակրթական և մշակութային ուսանողական կենտրոնը:
Փետրվարի 27-ին բացվեց Կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը, որնունի սարքավորումներ, որոնք եզակի են ողջ Արևելյան Եվրոպայում:
Մարտի 9-11-ն ԱՄՆ Նյու Յորք քաղաքում անցկացվեց «Մեր ցանկալի ապագան» խորագիրը կրող ՄԱԿ-ի մոդել համաժողով, որին մասնակցեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Իգոր Միրզախանյանը՝ արժանանալով«Լավագույն դիրքորոշում» («Best Position Paper») մրցանակին։
Մարտի 12-16-ն առաջին անգամ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Տիգրան Դադունցը և Գրիգոր Չոբանյանը մասնակցեցին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացած միջազգային ներդրումային իրավունքի ոլորտում ամենահեղինակավոր դատախաղ-մրցույթին («11th Frankfurt Investment Arbitration Moot Court 2018»)՝արժանանալով ինչպես արբիտրների, այնպես էլ մրցակից թիմերի ղեկավարների գովասանքին:
Մարտի 19-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն՝ ԵՊՀ-ում կհիմնադրվի միջազգային հանրային իրավունքի իրավաբանական կլինիկա:
Մարտի 24-25-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցեց Հայաստանի ամերիկյան համալսարանում Եվրոպայի խորհրդի և «ԷյԴիԱր փարթներս» ընկերության կողմից կազմակերպված արբիտրաժ խաղ մրցույթին և զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Ապրիլի 11-ին պաշտոնապես բացվեց ԵՊՀ ֆրանկոֆոնների ակումբը:
Ապրիլի 13-ին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում բացվեց Մոլեկուլային բջջագենետիկայի հայ-գերմանական լաբորատորիա՝ վերազինված լաբորատոր նոր սարքավորումներով և տեխնիկայով:
Ապրիլի 24-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Լիլիթ Պետրոսյանն ամերիկյան Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում հանդես եկավ «Կրոնական ազատության վերաբերյալ միջազգային չափանիշները և ՀՀ փորձը» դասախոսությամբ:
Ապրիլի 26-ին ԵՊՀ-ի և Լյուբլյանայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետները հուշագիր ստորագրեցին, որի շրջանակում համագործակցություն կծավալվի ինչպես գիտահետազոտական դաշտում, այնպես էլ ուսանողների փոխանակման ծրագրերի միջոցով:
Մայիսի 8-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց ԵՊՀ-ի և Ֆրանսիայի Բուրգունդիա Ֆրանշ-Կոմտե համալսարանի միջև, որի շրջանակում երկու բուհերը կհամագործակցեն ճշգրիտ գիտությունների ոլորտում:
Մայիսի 11-ին տեղի ունեցավ ամենամյա «Չինարենի կամուրջ» մրցույթը, որտեղ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մանե Գասպարյանը հաղթող ճանաչվեց «Լավագույն ճառ» անվանակարգում:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմն առաջին անգամ մասնակցեց Նելսոն Մանդելայի անվան մարդու իրավունքների համաշխարհային դատախաղ-մրցույթին՝ առաջին փուլի արդյունքներով հայտնվելով աշխարհի լավագույն թիմերի շարքում և հնարավորություն ստանալով մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին:
Մայիսի 21-ին ԵՊՀ ռեկտորը հյուրընկալեց Կիպրոսի համալսարանի ռեկտորին, որի ընթացքում հստակեցվեցին այն ոլորտները, որոնց շրջանակում երիտասարդ մասնագետները կարող են ընդգրկվել եվրոպական կրթական ծրագրերում և փորձի փոխանակում իրականացնել:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ազգային, ՀՀ ինժեներական և Միջազգային ճարտարագիտական ակադեմիաների ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանին Միջազգային գիտական ասոցիացիայի կողմից շնորհվեց «FOR USEFUL LABOUR» ոսկե մեդալ:
ԵՊՀ գիտական քաղաքականության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը և Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Կարեն Քեռյանը «Որոշ օրթոգոնալ շարքերի զուգամիտության և միակության հարցեր» գիտական հոդվածների շարքի համար արժանացան ՀՀ նախագահի մրցանակին:
ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Առաքելյանը Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպի թարգմանության համար արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտներ Սուսաննա Գագինյանը և Էլմիրա Մելյանը մարտի 4-ից մայիսի 31-ը մասնակցեցին «Կանայք գիտության մեջ» ծրագրի շրջանակում Չեխիայի Հանրապետության Բռնոյի տեխնոլոգիայի համալսարանում անցկացված գիտական աշխատանքներին:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Էլմիրա Մելյանը հունիսի 20-ից հուլիսի 3-ն Իտալիայի Մարատեա քաղաքում մասնակցեց «CERN» միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության և «JINER» միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի համատեղ կազմակերպած Բարձր էներգիաների ֆիզիկայի եվրոպական դպրոցին:
ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, Հայկական մաթեմատիկական միության նախագահ Յուրի Մովսիսյանը հուլիսի 23-26-ը մասնակցեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հիմնադրված «Մետաքսե ճանապարհ» մաթեմատիկական կենտրոնի ղեկավար կազմի հանդիպմանը, որտեղ ՀՄՄ-ն միաձայն ընտրվեց «Մետաքսե ճանապարհ» մաթեմատիկական կենտրոնի անդամ, իսկ ԵՊՀ պրոֆեսոր Յուրի Մովսիսյան՝ սույն կենտրոնի ղեկավար կազմի անդամ:
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն սեպտեմբերին հրապարակեց գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը, որի համաձայն՝ ԵՊՀ-ից ֆինանսավորման երաշխավորվեցին 43 թեմաներ:
Սեպտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում անցկացվեց «Եվրասիա 2018» միջազգային երիտասարդական կրթական ֆորումը, որին մասնակցեց Ռուս բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ Աննա Խիզանցյանը:
Հեղինակավոր «Springer» հրատարակչական տան կողմից հրատարակվեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանի խմբագրությամբ «Եվրասիական էկոհամակարգերի էքստրեմոֆիլներ, էկոլոգիան, բազմազանությունը և կիրառությունը» 17 գլխից բաղկացած ստվարածավալ գիրքը:
Սեպտեմբերի 25-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Սեպտեմբերի 28-ին հանդիպեցին ԵՊՀ և Լ. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի ռեկտորները և որոշեցին մասնագետների վերապատրաստման ծրագրեր իրականացնել՝ սկիզբ դնելով երկկողմ համագործակցությանը:
Հեղինակավոր «Springer» հրատարակչական տունը սեպտեմբերին լույս ընծայեց «Քվանտային օղակների ֆիզիկա» (Physics of quantum rings) գիրքը, որի երկու գլուխների հեղինակներն են Ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Արամ Մանասելյանը և Ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Մանուկ Բարսեղյանը:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանող Հովհաննես Ադոնցը նոր տեխնոլոգիա առաջարկեց և արժանացավ «ԱՐՓԱ» ինստիտուտի կողմից անցկացվող նորարարության ամենամյա մրցույթի երկրորդ մրցանակին՝ արժանանալով պատվոգրի և դրամական պարգևի:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողուհի Լենա Թանգամյանը մասնակցեց «ԱՐՓԱ» ինստիտուտի նորարարության մրցույթին` ներկայացնելով «Ջրային համակարգերից մետաղների կորզումը ՄԱՆ-մոդիֆիկացված ցեոլիտների կիրառմամբ» թեման և արժանացավ պատվոգրի ու դրամական պարգևի:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը «STAR-NET» ցանցի հետ համագործակցությամբ ձեռք բերեց վիրտուալ լաբորատորիա, որի շնորհիվուսանողները պատկերացում են կազմելու, թե ինչպես են տեղի ունենում միջուկային ռեակտորի կառավարման որոշ գործողություններ:
Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից կազմակերպվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղը, որի հաղթող ճանաչվեց ԵՊՀ թիմը:
Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ-ում բացվեց Չինագիտության կենտրոն:
Հոկտեմբերին ԵՊՀ ֆուտզալի աղջիկների ֆուտբոլային թիմը վերսկսեց խաղը և դարձավ Ֆուտբոլի ուսանողական առաջնության չեմպիոն:
Բրիտանական «Quacquarelli Symonds» (QS) ընկերությունը հրապարակեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի առաջատար բուհերի վարկանիշային աղյուսակը, համաձայն որի՝ Երևանի պետական համալսարանը լավագույնների ցանկում է: ԵՊՀ-ն այդ վարկանիշային աղյուսակում տեղավորվել է 151-րդ և 160-րդ հորիզոնականներում՝ բարելավելով նախկին դիրքերը (181-190)
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը ներկայացնող թիմը մասնակցեց Ուզբեկստանի Ալ-Խորեզմի անվան համալսարանում անցկացված մաթեմատիկայի միջազգային մրցույթին և նվաճեց 1 ոսկե ու 2 արծաթե մեդալներ:
Նոյեմբերի 16-18-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց փաուերլիֆտինգի՝ ուժային եռամարտի Եվրոպայի առաջնություն, որտեղ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայի ուսանող Կամո Եղոյանը զբաղեցրեց պատվավոր առաջին հորիզոնականը:
ԵՊՀ իրավաբանական կլինիկան արձանագրեց դատական նոր հաղթանակ:
ԵՊՀ ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնի տնօրեն Համլետ Ավետիսյանի «Ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկա. քվանտէլեկտրադինամիկական վակուումը և մատերիան գերհզոր ճառագայթային դաշտերում» անգլերենով աշխատությունն արժանացավ պետական մրցանակի:
Դեկտեմբերի 14-ին ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնում բացվեցին համաժամանակյա (սինքրոն) թարգմանության երկու լսարան՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով:
Դեկտեմբերի 25-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ ձայնագրման և ձայնային մոնտաժի նորագույն սարքավորումներով հագեցած «Մուլտիմեդիա» լաբորատորիայի բացումը:
Քնար Միսակյան