- Главная
- Node
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
Января 18, 2019 | 13:14
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ու քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնների դասախոսների կողմից համատեղ իրականացվող «Անչափահասների հանցավորության կանխարգելման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ թեմատիկ ծրագիրը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման:
Ուսումնասիրությունն իրականացնող խմբի ղեկավարը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն է: Խմբի կազմում ներառված են իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանը, իրավ. գիտ. դոկտոր, դոցենտ Աննա Մարգարյանը և իրավ. գիտ. թեկնածու Տաթևիկ Սուջյանը:
Ըստ մասնագետների՝ անչափահասների հանցավոր կամ դեվիանտ վարքագծի դեմ պայքարը, դրան հակազդելու արդյունավետ մեխանիզմների մշակումը ժամանակակից հանրության ուշադրության կենտրոնում գտնվող առավել սուր սոցիալ-իրավական խնդիրներից է:
Նրանց հավաստմամբ, այս երևույթի դեմ պայքարը ենթադրում է անչափահասների հանցավորության կանխարգելման ոլորտում պետական իշխանության տարբեր մարմինների, քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտների կողմից համատեղ ջանքերով կազմակերպաիրավական բնույթի համալիր միջոցառումների իրականացում, որոնք թույլ կտան ոչ միայն կանխարգելելու անչափահասների կողմից հանցավոր կամ շեղվող վարքագծի դրսևորումը, այլև ընտրելու և կիրառելու վերջիններիս կողմից նման վարքագիծ դրսևորելու դեպքերում պատշաճ արձագանքման մեխանիզմներ՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը:
«Այս հիմնախնդրի արդիականության մասին է վկայում այն, որ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծում անչափահասների արդարադատության հասանելիության ապահովման համտեքստում, իբրև ռազմավարական նպատակ, նախատեսված է անչափահասների իրավունքների և օրինական շահերի համապարփակ պաշտպանության արդյունավետ մեխանիզմների զարգացումը»,- մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Ղազինյանը:
Ըստ նրա՝ քննարկվող խնդրի լուծման լավագույն ուղիներից մեկը կարող է լինել անչափահասների հանցավորության քրեաիրավական, քրեադատավարական, քրեակատարողական և կրմինալոգիական հիմնախնդիրների համակարգային վերլուծությունը, տեսական, գործնական և օրենսդրական խնդիրների վերհանումը և դրանց լուծմանն ուղղված գործնական առաջարկների մշակումը. «Այս տեսանկյունից կարևոր է նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը՝ հաշվի առնելով խնդրի առնչությամբ բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթերի առկայությունը»:
Ուսումնասիրությունը մեկնարկել է 2018 թվականի սեպտեմբերից, և դրա իրականացման 8 եռամսյակների ընթացքում աշխատանքային խմբի կողմից խնդիր է դրվել իրականացնել ՀՀ-ում անչափահասների հանցավորության վիճակի ուսումնասիրություն, անչափահասների հանցավոր կամ դեվիանտ վարքագծի պատճառ կամ պայման հանդիսացող գործոնների բացահայտում, անչափահասին մեղսագրվող հանցանքի վերաբերյալ գործով վարույթի առանձնահատկությունների, անչափահասների նկատմամբ նշանակվող պատիժների համակարգի ուսումնասիրություն, անչափահասների նկատմամբ կիրառվող դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների դերի, նշանակության և արդյունավետության վերլուծություն և այլն:
Այդ խնդիրների լուծման համար գիտական խմբի կողմից ուսումնասիրվելու են տեսական, օրենսդրական աղբյուրներ, միջազգային փորձ, դատական պրակտիկա, իրականացվելու են փորձագիտական հարցումներ, կազմակերպվելու են այցեր քրեակատարողական հիմնարկներ:
Գագիկ Ղազինյանը հավաստիացրեց, որ հետազոտության արդյունքները հրապարակայնացնելու համար ծրագրվում է նաև տպագրել հետազոտության արդյունքներն ամփոփող մենագրություն, մեթոդական ուղեցույցներ, կազմակերպել քննարկումներ նաև օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ:
Քնար Միսակյան