- Главная
- Node
- «ԻՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ ԵՂԵԼ Է ԵՊՀ-Ն». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱԿԱԼԱՎՐ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆ
Января 25, 2019 | 13:44
Ուսանողական
«ԻՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ ԵՂԵԼ Է ԵՊՀ-Ն». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱԿԱԼԱՎՐ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆ
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Նարեկ Ավագյանն արժանացել է ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի «Լավագույն բակալավր» անվանակարգում: Մեզ հետ զրույցում Նարեկը պատմում է իր հաջողությունների ու նվաճումների մասին, ինչպես նաև անդրադառնում ԵՊՀ-ի դերին՝ դրանց հասնելու գործում:
Նարեկը «Լավագույն բակալավր» անվանակարգում երկրորդ կարգի մրցանակի համար ստացել է վկայագիր, հուշախորհրդանիշ և դրամական պարգև: Նշենք, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերին: ՏՏ ոլորտում պետական կրթական մրցանակի են արժանացել հանրապետության տարբեր բուհերից 25 ուսանող: Հաղթողներին մրցանակները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իմ կյանքի ճիշտ ու կարևոր որոշումներից մեկը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելն էր: Ես ինձ գտել եմ իմ մասնագիտության մեջ: Մեր ֆակուլտետում դասախոս-ուսանող հարաբերությունները շատ ջերմ են, որն էլ իր նշանակալի դերն ունեցավ իմ կյանքի ձեռքբերումներում: Համալսարանում սովորում եմ բարձր առաջադիմությամբ:
Ինձ համարում եմ ակտիվ ուսանող, անդամակցում եմ ՈՒԽ-ին և ՈՒԳԸ-ին, ինչպես նաև ինքս եմ կազմակերպում միջոցառումներ՝ ուսանողական կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Երկրորդ կուրսում մասնակցել եմ «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցանակաբաշխությանը, որի ժամանակ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի լավագույն ուսանող անվանակարգում արժանացել եմ արծաթե մեդալի:
Յուրաքանչյուր ստացած մրցանակ ինձ ոգևորել և հիմք է դարձել հետագա հաջողություններ գրանցելու համար: 2018 թ. փետրվարին մասնակցել եմ «ՀՀ լավագույն ուսանող» մրցանակաբաշխությանը և ճարտարագիտության ոլորտում արժանացել եմ երկրորդ կարգի մրցանակի: Ստացել եմ հավաստագիր և դրամական պարգև: Այս մրցանակն ինձ համար նոր ձեռքբերումների ուղի հարթեց:
Ուսանողական տարիների ընթացքում ստացած լավագույն մրցանակը ես համարում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնած գավաթը: Այն ստացել եմ ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակակիրների հանձնման արարողության ժամանակ «Լավագույն բակալավր» անվանակարգի համար:
Իմ հաջողության գաղտնիքներն են՝ որոշումներ կայացնելու հարցում լինել սկզբունքային, հետևողական և շատ աշխատասեր, ինքնակրթվել ու ձգտել հաջողության:
Չեմ սահմանափակվելու իմ ձեռքբերումներով: Այս մրցանակը ես համարում եմ իմ գիտական հաջողությունների սկիզբը, քանի որ որոշել եմ զբաղվել գիտահետազոտական աշխատանքով և գիտության մեջ առաջարկել նոր գաղափարներ:
Ուսանողը չպետք է սպասի, որ մրցանակաբաշխություն լինի, և իր մասնակցությունն ունենա, այլ պետք է ինքն իր նախաձեռնությամբ գիտական հետազոտություններ անցկացնի և ստանա մրցանակներ ու պարգևներ՝ գիտության ոլորտում առաջարկելով նոր գաղափարներ:
ԵՊՀ-ի ներդրումը մեծ է եղել իմ նվաճումներում և աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած ձեռքբերումներում: ԵՊՀ-ում ուսանողն առաջին հերթին ձեռք է բերում լայն աշխարհայացք, որն օգնում է կյանքում ճիշտ կողմնորոշվել: Համալսարանի իմ սիրելի ֆակուլտետում ես ձեռք եմ բերել այնպիսի տեսական և գործնական գիտելիքներ, որոնց շնորհիվ այժմ աշխատում եմ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում՝ որպես ինժեներ:
Ուսանողը պետք է լիովին գիտակցի և օգտագործի համալսարանական տարիներին տրված հնարավորությունները. ոչ միայն պետք է լավ սովորի, այլև պետք է հետաքրքրվի աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով, պետք է պահանջատեր լինի, կարողանա իր գիտելիքները տեղ հասցնել և իր ձայնը լսելի դարձնել:
Հաջողության հասնելու գրավականն այն է, որ ուսանողը կարողանա ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել և իր ունեցած հնարավորություններն օգտագործել: Ուսանողներն իրենց քննադատական մտածելակերպը պետք է օգտագործեն ինչպես ԵՊՀ-ում կառուցվածքային որոշ հարցերի շուրջ, այնպես էլ գիտական ոլորտում:
Իմ ցանկությունն է, որ ԵՊՀ-ի դասախոսական կազմը համալրվի երիտասարդ կադրերով, իսկ մեր ֆակուլտետի գործնական պարապմունքներն առաջին կուրսից անցկացվեն նորարարական կենտրոններում:
Իմ հաջողություններին հասնելու բանալիները եղել են ԵՊՀ-ն և իմ շատ սիրելի դասախոսները:
Նադեժդա Տեր-Աբրահամյան