- Главная
- Node
- «ՊԻՆԴՄԱՐՄՆԱՅԻՆ ՆԱՆՈՖԻԶԻԿԱ ԵՎ ՆԱՆՈՆՅՈՒԹԵՐ» ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Май 30, 2019 | 13:43
Կրթություն
«ՊԻՆԴՄԱՐՄՆԱՅԻՆ ՆԱՆՈՖԻԶԻԿԱ ԵՎ ՆԱՆՈՆՅՈՒԹԵՐ» ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնում 2019-2020 ուստարուց գործելու է «Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր» մագիստրոսական ծրագիրը:
Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արշակ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր» մագիստրոսական ծրագիրը սպասված նորություն էր, այն վաղուց էր նախատեսված ներդնել ֆակուլտետի կրթական ծրագրերում:
Նրա խոսքով, «Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր» կրթական ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել պինդմարմնային նանոֆիզիկայի, նյութագիտության և նանոէլեկտրոնային սարքաշինության ոլորտների մասնագետներ, որոնք կիրականացնեն ոչ միայն նորագույն գիտական հետազոտություններ կամ կկազմակերպեն բարձրտեխնոլոգիական արտադրություններ, այլև կնախաձեռնեն և կառևտրայնացնեն նորարարական գործարար ձեռնարկումներ:
Ըստ Արշակ Վարդանյանի՝ ծրագրի ներմուծումը մեծապես կօգնի դիմորդներին մասնագիտական կողմնորոշման հարցում և կմեծացնի նրանց հոսքը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ: «Ծրագրի հաջող իրականացումը կարող է ապագա դիմորդների շրջանում կտրուկ մեծացնել «Ֆիզիկա» գիտության նկատմամբ հետաքրքրությունը, որը երկրի համար ունի ռազմավարական նշանակություն: Ծրագիրը հեռանկարում կարող է լինել ամենահաջողվածներից մեկը՝ ԵՊՀ-ում օտարերկրյա դիմորդներ ներգրավելու առումով: Ինչպես նաև այս ծրագիրը կարող է օժանդակել համալսարանին՝ միջազգային կրթական և գիտատեխնիկական միջավայրին ինտեգրվելու գործում»,- ասաց նա:
Ծրագրի դասավանդումն իրականացվելու է հայրենով, իսկ հետագայում նախատեսվում է նաև անգլերենով:
Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչի խոսքով, այսօր մեր երկրի տնտեսությունը և ռազմական արդյունաբերությունը պահանջներ են առաջադրում կառավարելիության բարձր աստիճան, էներգախնայողական, հուսալի գործարկվող, բնապահպանական նորմերին բավարարող, տարբեր համակարգերում հեշտությամբ ինտեգրվող պինդմարմնային նանոօբյեկտների ստեղծման վերաբերյալ. «Այդ պահանջարկը շատ մոտ ապագայում կտրուկ մեծանալու է:
Դա վկայվում է բարձր տեխնոլոգիական արտադրության զարգացման ներկա տեմպով: Գիտական միավորումներից բացի՝ երկրում պինդմարմնային նանոֆիզիկայի և նյութագիտության մասնագետները պահանջված են լինելու էներգետիկայի, կապի, էլեկտրոնային և ռազմական արդյունաբերության, մեքենաշինության, առողջապահության, բնապահպանության և այլ ոլորտներում»:
Արշակ Վարդանյանը նշեց, որ ծրագրի իրականացման համար ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնն ունի անհրաժեշտ մարդկային գիտական և տեխնիկական ռեսուրսներ. «Կրթական ծրագրի գործնական մասը լիարժեք ապահովելու համար նախատեսվում է նաև ՀՀ հետազոտական կենտրոնների ժամանակակից սարքավորումներով ապահովված լաբորատորիաների, փորձարարական բազաների, ինչպես նաև էլեկտրոնային ռեսուրսների օգտագործում»։
Ամբիոնի վարիչը նշեց, որ «Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների՝ պինդմարմնային նանոֆիզիկային և նյութագիտությանն առնչվող ոլորտների ձեռնարկություններում:
Նադեժդա Տեր-Աբրահամյան