- Главная
- Node
- ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ԸՆՏՐՎԵԼ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
Май 30, 2019 | 18:53
Քաղաքականություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ԸՆՏՐՎԵԼ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր օրակարգային երկու հարցով տեղի ունեցավ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 11 նիստը:
Նիստի սկզբում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց օրակարգը, որը հաստատվեց միաձայն:
Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի համաձայն իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը:
Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 23-ին տեղի ունեցած ԵՊՀ գիտխորհրդի նիստի ավարտին Արամ Սիմոնյանը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս, քանի որ ըստ նրա՝ ԵՊՀ 100-ամյակը պետական մակարդակով չնշելը կլինի ազգային ամոթ, խայտառակություն, իսկ ներկայիս իշխանությունները չեն ցանկանում այն նշել իր հետ:
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 30 կողմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեց Արամ Սիմոնյանի՝ որպես ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը:
Նիստի օրակարգային երկրորդ հարցը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը:
Մինչ թեկնածուների առաջադրմանն անցնելը՝ ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանն առաջարկեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունն անցկացնել փակ, գաղտնի քվեարկությամբ, իսկ ԵՊՀ կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Հաջյանն առաջարկեց բաց քվեարկություն անցկացնել՝ նշելով, որ այս դեպքում յուրաքանչյուրը պետք է տղամարդկություն ունենա ազատ արտահայտելու իր դիրքորոշումը:
Այս հարցի վերաբերյալ ելույթներով հանդես եկան ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը, որը պնդեց, որ փակ քվեարկությունն ազատ կամընտրության դրսևորում է լինելու, և ԵՊՀ անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ Մարգարիտա Ապրեսյանը, ըստ որի՝ փակ քվեարկությունից վախենալը նշանակում է կասկածի տակ դնել ժողովրդավարության պայմաններից մեկը:
Գևորգ Մուրադյանը բացատրեց, որ ԵՊՀ ռեկտորի ընտրության կարգի համաձայն՝ քվեարկությունն անցկացվում է փակ, իսկ այս դեպքում որոշվում է, թե ով է լինելու ժամանակավոր պաշտոնակատարը, այսինքն՝ իրավական կարգավորում չկա, թե ինչ կարգով պետք է անցնի քվեարկությունը, և Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացրեց առաջարկությունը՝ արդյոք ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է համապատասխանի այն չափորոշիչներին, որոնք սահմանված են ԵՊՀ ռեկտորի պաշտոնին հավակնողի համար: 22 կողմ, 0 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջարկությունն ընդունվեց:
Քվեարկության դրվեց նաև ԵՊՀ ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունը փակ, գաղտնի անցկացնելու հարցը, որը 12 կողմ և 20 դեմ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց:
Անցնելով ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուների առաջադրմանը՝ Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանն առաջադրեց ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով նախկին պրոռեկտոր, Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանի թեկնածությունը՝ փաստելով, որ նա վարչական աշխատանքների տասնամյակների փորձ և մեծ ավանդ ունի համալսարանի գիտական ձեռքբերումների գործում:
Արթուր Վաղարշյանն առաջադրեց ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը՝ փաստելով, որ համալսարանի գործունեության այս փուլում կարևոր է, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը զինված լինի իրավական գիտելիքներով և հմտություններով:
Թեկնածուների առաջադրումներից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումները: Ապա ելույթով հանդես եկան ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուները:
Գեղամ Գևորգյանն իր ելույթում ասաց, որ ցավալի է, որ իր անունը վերջին շրջանում կապվել է քաղաքական իրադարձությունների, հեղափոխության կամ հակահեղափոխության հետ. «Ես տարիներ շարունակ աշխատել և ծառայել եմ գիտությանն ու կրթությանը: Ես չեմ ամաչում այն կադրերից, որ հիմա շրջանառվում են համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես եմ համալսարանում դիմավորել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Արայիկ Հարությունյանին: Ինձ համար ցավալի է, որ դրանց մասին դատողություն են անում այն մարդիկ, որոնք, այդ երկու դռների հետևում նստած, դողում էին և չգիտեին ինչ անել»:
Գեղամ Գևորգյանը փաստեց, որ այս պահին անտրամաբանական է խոսել ծրագրային դրույթների մասին այն պարագայում, երբ երեք ամսվա ընթացքում լինելու են քննաշրջան և արձակուրդ, ապա համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ. «Թե ինչպիսի վարչական աշխատող եմ եղել ես, համալսարանականները գիտեն, ովքեր էլ չգիտեն, այս ընթացքում կարող էին հետաքրքրվել: Այս նույն ամբիոնից ես դեռ երկու տարի առաջ խոսել եմ համալսարանում բարեփոխումների անհրաժեշտության մասին, որն անհետևանք մնաց: Երբ լինեն ԵՊՀ ռեկտորի ընտրությունները, ես հանդես կգամ ծրագրային ելույթով, որը կքննարկվի և կամ կհաստատվի, կամ չի հաստատվի»:
Վահե Հովհաննիսյանն ասաց, որ հեռանկարային ծրագրերի մասին խոսելը դեռ շատ վաղ է, իսկ կարճաժամկետ ծրագրերի մասին խոսելով՝ փաստեց, որ առաջին հերթին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է կայունություն ապահովի բուհում:
«Պետք է գործուն քայլեր ձեռնարկենք՝ առողջ մթնոլորտ ձևավորելու համար: Բացի դրանից՝ կարծում եմ, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է բավարար պայմաններ ապահովի՝ առաջիկայում ԵՊՀ ռեկտորի ընտրությունը կազմակերպելու համար: Իհարկե, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն իրավական տեսանկյունից անմիջական կազմակերպման պատասխանատվություն չի կարող կրել, բայց մթնոլորտի ընդհանուր տեսանկյունից դա կարևոր է»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հարցը չպետք է քաղաքականացվի, պետք է առաջնորդվել համալսարանի շահերով, պետք է լինի իրավիճակի վերահսկում:
Ելույթների ավարտին քննարկվեց հարցը, թե ինչ հաջորդականությամբ պետք է քվեարկել թեկնածուների օգտին: Առաջարկվեցին թեկնածուների ներկայացման հերթականությունը որոշել՝ ըստ առաջադրման հաջորդականության և ըստ վիճակահանության: Առաջարկությունները դրվեցին քվեարկության, որի արդյունքում որոշվեց թեկնածուներին ներկայացնել՝ ըստ առաջադրման հաջորդականության:
Ապա քվեարկության դրվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության հարցը, որի արդյունքում Գեղամ Գևորգյանը ստացավ 21, իսկ Վահե Հովհաննիսյանը՝ 11 ձայն:
Նիստի ամբողջական տեսանյութը կարող եք դիտել ստորև։
Քնար Միսակյան