- Главная
- Node
- ԵՊՀ ԹԻՄԸ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՆՎԱՃԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Августа 06, 2019 | 14:48
Կրթություն
ԵՊՀ ԹԻՄԸ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՆՎԱՃԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Ավարտվել է Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացվող 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան։ Օլիմպիադային Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ։
Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 77 համալսարանի թիմեր (360 մասնակից)։
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ու ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների ուսանողներից բաղկացած թիմի մասնակիցներից երեքը՝ Ալբերտ Գևորգյանը, Արսեն Համբարձումյանը և Գրիգոր Քերոբյանը, արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը, Սևակ Աբրահամյանը և Արման Բայրամյանը՝ արծաթե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով: Ալբերտ Գևորգյանն անհատական հաշվարկում կիսել է 19-21-րդ տեղերը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 13-րդ տեղը՝ առաջ անցնելով մի շարք հեղինակավոր համալսարաններից:
Ուսանողական միջազգային օլիմպիադայի ԵՊՀ-ի թիմը ղեկավարել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, որն օլիմպիադայում թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 2-րդն էր: ԵՊՀ թիմը մարզել են Վազգեն Միքայելյանն ուԿարեն Քեռյանը:
Ysu.am-ի հետ զրույցում ոսկե մեդալակիր Ալբերտ Գևորգյանն ասաց, որ մրցապայքարը բարդ էր, քանի որ օլիմպիադային մասնակցում էին Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Լատինական Ամերիկայի առաջատար համալսարանների լավագույն ուսանողները։ Օլիմպիադայի ժյուրին, հաշվի առնելով այդ ամենը, ընտրել էր բավականին բարդ խնդիրներ, որոնց լուծման համար տրամադրում էր ընդամենը 5 ժամ, իսկ այդ ժամանակահատվածը քիչ էր այդօրինակ բարդ մաթեմատիկական խնդիրներ լուծելու համար։
Այն հարցին, թե երբվանից են նրանք սկսել պատրաստվել օլիմպիադային մասնակցելու համար, Ալբերտ Գևորգյանը պատասխանեց․ «Պետք է նշեմ, որ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողն ամբողջ օրն էլ առնչվում է մաթեմատիկա գիտության հետ։ Այնուամենայնիվ, բուն օլիմպիադային սկսել ենք պատրաստվել հունիսի սկզբից՝ մասնակցելով պարոն Քեռյանի կողմից կազմակերպված օլիմպիական խմբակներին»։
Պատմելով իր տպավորությունների մասին՝ վերջինս նշեց, որ դրանք շատ տարբեր են։
«Նախ շատ հաճելի էր լինել իմ հասակակից լավագույն մաթեմատիկոսների միջավայրում։ ԵՊՀ-ի համար հոբելյանական տարում համալսարանը լավ ներկայացնելը մեծ պատիվ է։ Այնուամենայնիվ, եթե օլիմպիադայի ժամանակ թույլ չտայի որոշ, սպորտային լեզվով ասած՝ ոչ պարտադիր սխալներ, ապա արդյունքը կարող էր ավելի լավը լինել, ինչի պատճառով փոքր-ինչ հիասթափված եմ»,-ավելացրեց նա։