- Главная
- Node
- ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ՇՔԱՆՇԱՆՈՎ
Сентября 02, 2019 | 14:52
Հասարակություն
ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ՇՔԱՆՇԱՆՈՎ
Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՀ նախագահի նստավայրում օգոստոսի 31-ին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ժամանակ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել պաշտպանության բանակի մի խումբ ազատամարտիկների, պետական և հասարակական գործիչների, բարերարների, տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչների:
Շքանշանը ստանալիս Գուրգեն Մելիքյանն ասել է, որ երջանիկ է Արցախյան գոյապայքարին զինվորագրվելու համար. «Այս պարգևն իմ այն ընկերներինն է, որոնք Արցախի հզորացման համար ջանք չեն խնայել: Այս պարգևը պատկանում է նաև այն մարդկանց, որոնք օժանդակեցին, որ 32 հազար հայ երեխա ծնվի Արցախում, տնկվի տասը հազար ծառ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միասնականության համար: Փառք ու պատիվ այն հերոսներին, որոնք զինվորագրվել են մեկ գաղափարի շուրջ»:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը 1992-2017 թթ. եղել է Արևելագիտության ֆակուլտետի դեկանը: Նա հեղինակ է երեք տասնյակ գիտական հրապարակումների, երեք մենագրության և երկու դասագրքի: Զբաղվել է պարսկերենի թարգմանական, ինչպես նաև վերջինիս հարադիր բառակապակցությունների, բառաքերականական, բարդ բառերի, իրանական բարբառների հետ կապված հիմնահարցերի ուսումնասիրությամբ:
Գուրգեն Մելիքյանը 1988-1994 թթ. գործուն մասնակցություն է ունեցել Արցախի ազգային-ազատագրական շարժմանը: Լեռնային Ղարաբաղ է ուղարկել կապի միջոցներ, մարդասիրական օգնություն, մասնակցել է Մաճկալաշենի կամավորական ջոկատի կազմավորման, զինելու և հանդերձավորելու աշխատանքներին: Արցախյան ազատամարտի ընթացքում եղել է Ազատագրական բանակի հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ (1993-1999 թթ.):
1998 թվականից նա «Գուրգեն Մելիքյանի`Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» գործադիր տնօրենն է, որն իրականացնում է հայրենասիրական-բարեգործական բազմաբնույթ միջոցառումներ:
Պատրաստեց Քնար Միսակյանը