«Էրազմուս+»-ի «PRINTeL» նախագծի ԵՊՀ մասնակիցներն այսօր ամփոփեցին իրականացված վերապատրաստումները և քննարկեցին առաջիկա անելիքները:
2018 թ. հունվարից մեկնարկել է Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+»-ի «PRINTeL» նախագիծը, որը համակարգում է Երևանի պետական համալսարանը: Նախագծի աշխատանքային ծրագրով իրականացվել են վերապատրաստումներ եվրոպական 5 գործընկեր համալսարաններում, որոնք նպատակաուղղված են դասախոսների մասնագիտական և ժամանակակից տեխնոլոգիական միջոցներին տիրապետելու կարողությունների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև վերապատրաստման կենտրոնների գործունեության վերակազմակերպմանը։
Այսօրվա հանդիպմանը մասնակցում էին «PRINTeL» նախագծի ղեկավար, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը, կենտրոնի առաջատար մասնագետ, նախագծի համակարգող Մարի Սանթուրջյանը և ԵՊՀ այն 16 դասախոսները, որոնք վերապատրաստվել են եվրոպական գործընկեր բուհերում և այժմ իրենց փորձն ու գիտելիքը փոխանցում են գործընկեր դասախոսներին:
Ամփոփելով կատարված աշխատանքները՝ Արմեն Բուդաղյանը փաստեց, որ ներկա փուլում վերապատրաստված դասախոսներից 14-ն արդեն ավարտել են 5-օրյա վերապատրաստման դասընթացները, որոնց շնորհիվ ձեռք բերված փորձն ու գիտելիքը փոխանցել են գործընկեր դասախոսներին:
Ա. Բուդաղյանը փաստեց, որ նախատեսվում է «Համագործակցային ակտիվ ուսուցում լսարանում», «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում․ մոբայլ ուսումնառություն և խաղայնացում», «Տեսանյութերը որպես դասավանդման գործիք», «Ակտիվ ուսուցում «շրջված դասարանում»», «Համակցված դասավանդում և ուսուցում» թեմաները՝ որպես կանոնավոր դասընթացներ, ներառել ԵՊՀ դասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրում:
Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները քննարկեցին «PRINTeL» նախագծի շրջանակում նախատեսված գիտաժողով-աշխատաժողովի կազմակերպական աշխատանքները, որը տեղի է ունենալու մայիսի 16-17-ը և նվիրված է լինելու նաև ԵՊՀ 100-ամյակին:
«Մենք հրավիրելու ենք արտասահմանյան և արևելյան մեր գործընկեր բուհերի ներկայացուցիչներին՝ լսելու նրանց տեսակետերը:
Նախատեսվում է, որ կմշակվեն այդ դասընթացների վերաբերյալ երաշխավորություններ՝ համապատասխան տեղերում ներդնելու համար»,- ասաց Արմեն Բուդաղյանը:
«PRINTeL» նախագծի համակարգողի հավաստմամբ, նախնական որոշվել է, որ միջոցառումը կանցկացվի «Innovative Teaching and Learning in Higher Education» խորագրով, բայց հետաքրքիր առաջարկների դեպքում այն կարող է փոփոխվել:
Արմեն Բուդաղյանն ասաց, որ միջոցառման առաջին օրը կանցկացվի պլենար նիստ, որի ժամանակ եվրոպացի գործընկերները կներկայացնեն իրենց անցկացրած վերապատրաստման դասընթացների արդյունքները, իսկ օրվա երկրորդ կեսին աշխատաժողովը կշարունակվի զուգահեռաբար ընթացող 5 բաժանմունքներում։
«Յուրաքանչյուր բաժանմունքում ընդգրկված կլինեն 15 մասնակիցներ, որոնց կազմում կլինեն և՛ դասախոսներ, և՛ ուսանողներ»,- հավելեց նա:
«Երկրորդ օրվա առաջին կեսին բաժանմունքներում կշարունակվեն աշխատանքները, իսկ երկրորդ կեսին տեղի կունենա ամփոփում, որի ժամանակ կներկայացվեն քննարկումների արդյունքները»,- փաստեց «PRINTeL» նախագծի համակարգող Արմեն Բուդաղյանը:
Քննարկման ընթացքում դասախոսները հանդես եկան տարբեր առաջարկություններով՝ կապված աշխատաժողովի անցկացման ձևաչափի, օրակարգի և դրանց հաջորդող միջոցառումների վերաբերյալ: