Июля 06, 2023 | 10:00
Наука
Образование
Непрерывное образование
"Наука — это весело! Смотри, трогай, пробуй": летняя школа в ЕГУ
Բնական գիտություններն օգնում են հասկանալ մեզ շրջապատող աշխարհը կառավարող հիմնարար սկզբունքներն ու գործընթացները, պատկերացում կազմել կենդանի օրգանիզմների գործունեության, նյութի և էներգիայի փոխազդեցության, ինչպես նաև տիեզերքի մասին: Այս ամենի շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանում առավել ճշգրիտ «հաղորդակցվելու» բնության հետ և մոտ գտնվելու նրան։
Բնական գիտություններ․․․
Ներառելով ուսումնասիրության կարևորագույն ոլորտներից ֆիզիկան, քիմիան, երկրաբանությունը, կենսաբանական գիտությունները (կենսաբանություն, կենդանաբանություն, գենետիկա, բուսաբանություն մանրէաբանություն)՝ բնագիտությունը, հնագույն ժամանակներից ի վեր, մշտապես եղել է մարդկության ուշադրության կենտրոնում, սակայն այս ուղղությամբ համակարգված և հիմնավորված հետազոտական աշխատանքների սկիզբը դրվել է 16-18-րդ դարերում տեղի ունեցած գիտական հեղափոխության ժամանակ։
Ժամանակակից աշխարհում բնագիտական ուղղություններն ավելի են ամրապնդում իրենց դիրքերը՝ հող պատրաստելով տեխնոլոգիական առաջընթացի և շրջադարձային հայտնագործությունների համար։ Գիտական հետազոտությունների և փորձերի միջոցով հնարավոր է դառնում զգալի ազդեցություն ունենալ էներգետիկայի, գյուղատնտեսության, կապի միջոցների, տրանսպորտի, բժշկության և այլ ոլորտների վրա՝ այդպիսով բարելավելով կյանքի որակն ու նպաստելով հասարակական գործունեության առաջընթացին:
Ամառային աշխատարան ԵՊՀ-ում․․․
Բնական գիտությունների ուսումնասիրումը դպրոցական ուսումնական ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է: Դեռ վաղ տարիքից բնական գիտություններին ծանոթանալը զարգացնում է աշակերտների՝ բնության հետ ճիշտ «վարվելու» գիտակցությունն ու մեծացնում գիտության նկատմամբ հետաքրքրությունը։ Այս նպատակն ուներ Երևանի պետական համալսարանի շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» ամառային աշխատարանը, որը նախատեսված էր 8-12-րդ դասարանների դպրոցականների համար:
Աշակերտները ԵՊՀ դասախոսների և ուսանողների օգնությամբ հնարավորություն են ստացել դպրոցական դասագրքերում կարդացածն ու սերտածը գործնականում տեսնելու և ինքնուրույն կիրառելու՝ համալսարանական մասնագիտացված լաբորատորիաներում կատարելով թեստավորումներ, փորձեր ու մանրադիտակային ուսումնասիրություններ։
Առաջին անգամ կազմակերպված երեքշաբաթյա աշխատարանի շրջանակում դպրոցականներն ուսումնասիրել են «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» (բուսաբանություն, կենդանաբանություն, էկոլոգիա, ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, գենետիկա) առարկաները, սակայն հաջորդ անգամ կազմակերպվող աշխատարանի ժամանակ այս շարքին ավելանալու է նաև «Քիմիան»՝ ամբողջացնելով բնագիտական ուսումնասիրությունների շրջանակն աշակերտների համար:
Դպրոցականները սովորել են, թե ինչ է լույսի բևեռացումը, գույները, օպտիկական մանրաթելը, լույսի ճնշումը, անիվի իներցիայի մոմենտը, Նյուտոնի գնդիկները, լավա լամպը, ձգողականությունը (գրավիտացիա), ոչ նյուտոնյան հեղուկը, ուսումնասիրել են ՀՀ տարածքում աճող սնկերի տեսակները, բարձրակարգ և ստորակարգ բույսերը, տրիպան կապույտի բացառման թեստով գնահատել մարդու քաղցկեղածին բջիջների կենսունակությունը, բացահայտել հողերի աղակալվածության աստիճանը, թե ինչպես է հնարավոր ստանալ ետաֆազային քրոմոսոմներ, օճառացնող հեղուկի միջոցով բանանից անջատել ԴՆԹ-ն, մակաբույծ տափակ և կլոր որդերի վերաբերյալ տեսաֆիլմեր դիտելով՝ կատարել մանրադիտակային ուսումնասիրություն, դիտարկել օդի, ջրի և հողի մանրէաբանական կազմը (Պետրիի թասիկներում և մանրադիտակով), որոշել բակտերիաների հակաբիոտիկային կայունութունը, ֆերմենտների ակտիվությունը բակտերիական թաղանթներում, ինչպես նաև հայտնաբերել և որոշել կարևորագույն կենսամոլեկուլ հանդիսացող սպիտակուցները:
Գաղափարն առաջացել է․․․
Հունիսի 22-ից մեկնարկած աշխատարանի կազմակերպման գաղափարն առաջացել է այս տարվա ապրիլին, երբ կատարվել են ոլորտային ուսումնասիրություներ, անցկացվել հարցումներ և դիտարկվել վերջին տարիների փորձը։ Գաղափարի մտահղացման հիմքում ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի աշխատակիցներն ընդունել են հետևյալ մոտեցումը․ երբ ինչ-որ բան կարդում ենք, հիշում ենք 10%-ը, երբ լսում ենք՝ 20%-ը, երբ տեսնում՝ 30%-ը, տեսնում ու լսում՝ 50%-ը, իսկ երբ ինքնուրույն ենք անում, հիշում ենք 90%-ը: Այսպիսով՝ աշխատարանի ծրագիրը կառուցվել է 20-80 հարաբերակցությամբ․ 20%՝ տեսական մաս, 80%՝ գործնական՝ ծառայելով որպես դպրոցական ծրագրին փոխլրացնող մասնիկ։
Աշխատարանի առավելությունները․․․
Այսօրինակ ծրագրերի կազմակերպումը մեծ նշանակություն և կարևորություն ունի նաև Երևանի պետական համալսարանի համար․ շաբաթական երկու անգամ (երկուշաբթի և հինգշաբթի) կազմակերպվող «Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» ամառային աշխատարանի շրջանակում համալսարանն իր դռներն է բացել նոր սերնդի առաջ՝ ներկայացնելով նրանց համալսարանական կյանքը, կրթական միջավայրը, կատարվող գիտահետազոտական աշխատանքները և կրթագիտական հեռանկարները, որոնք կօգնեն դպրոցականներին կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։
Այսօր՝ աշխատարանի վերջին օրը, դպրոցականների հետ միասին համալսարանում էին նաև նրանց ծնողները։ Ամփոփելով աշխատարանի ընթացքում տարված աշխատանքները՝ թե՛ աշակերտները, թե՛ ծնողները ներկայացրել են իրենց կարծիքը, դիտարկումները, գնահատել աշխատարանի ընթացքում իրագործված ուսումնական ծրագիրը: Վերջում աշխատարանի մասնակիցներին շնորհվել են ավարտական հավաստագրեր և խրախուսական նվերներ։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի գործունեությունը․․․
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը մշակում և իրագործում է ֆորմալ և ոչ ֆորմալ, երկարաժամկետ և կարճաժամկետ կրթական ծրագրեր թիրախային տարբեր խմբերի համար։ Կենտրոնը կազմակերպում է նաև հանրային դասախոսություններ, սեմինարներ, ամառային դպրոցներ ու աշխատարաններ աշակերտների, ուսանողների, դասախոսների, հետազոտողների և այլ խմբերի համար։
Շարունակական կրթության կենտրոնն իրականացնում է ԵՊՀ դասախոսների և ուսումնաօժանդակ անձնակազմի վերապատրաստման և կարողությունների բարձրացման ծրագրեր։
Նշենք, որ աշխատարանը լինելու է շարունակական․ աշակերտների և ծնողների կարծիքների հիման վրա կատարված համապատասխան վերլուծությունների շնորհիվ կազմվելու է առավել ընդարձակ և լրամշակված ծրագիր, ինչը ենթադրում է, որ աշխատարանը, բացի ամառային արձակուրդների ընթացքում կազմակերպվելուց, կանցկացվի նաև այլ ժամանակահատվածներում։