- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում մեկնարկել է Իսպաներենի դասախոսների եվրոպական ասոցիացիայի միջազգային 28-րդ գիտաժողովը
Ապրիլ 15, 2025 | 12:58
Կոնֆերանսներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում մեկնարկել է Իսպաներենի դասախոսների եվրոպական ասոցիացիայի միջազգային 28-րդ գիտաժողովը
Երևանի պետական համալսարանում մեկնարկեց Իսպաներենի դասախոսների եվրոպական ասոցիացիայի (AEPE) միջազգային 28-րդ գիտաժողովը՝ «Իսպաներեն՝ ժամանակի և տարածության մեջ առանց սահմանների լեզու. ավանդույթ, նորարարություն և միջմշակութային երկխոսություն» խորագրով։ Եռօրյա գիտաժողովի քննարկման առանցքում են ժամանակի և տարածության մեջ իսպաներենի զարգացմանն առնչվող բազմաբնույթ խնդիրները։

Իսպաներենի դասախոսների եվրոպական ասոցիացիայի (AEPE) (այն աշխարհում իսպաներենի, իսպանական մշակույթի և լեզվի դասավանդման ամենահեղինակավոր ասոցիացիաներից է, որը միավորում է շուրջ 40 երկրների մասնագետների) միջազգային 28-րդ գիտաժողովի բացման արարողությունը կայացավ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում։ Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Ռաֆայել Գոնսալես Ալեմանը, ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության դեսպանության ներկայացուցչության գործերի հավատարմատար Սանդրա Սանտանան և ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի հավատարմատար Քրիստինա Կոնեսան, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք, ուսանողներ, դասախոսներ։

Եռօրյա գիտաժողովն այս տարի անցկացվում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի հետ համագործակցությամբ՝ հարթակ ստեղծելով իսպաներենի զարգացմանն ու դասավանդմանը, ինչպես նաև իսպանալեզու գրականությանն ու մշակույթին վերաբերող հարցերի քննարկման համար։
Գիտաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ առաջիկա օրերին սպասվում են մասնագիտական բովանդակալից քննարկումներ, որոնք կխթանեն նոր գաղափարների առաջացումը և գործակցային կապերի ամրապնդումը։

«Իսպաներենը հարուստ և հետաքրքիր լեզու է։ Նույնիսկ թարգմանությամբ կարդալով իսպանալեզու հեղինակների գործերը՝ հնարավոր է զգալ այդ լեզվի ներքին խորությունը և բովանդակային բազմաշերտությունը։ Լեզուն մի յուրահատուկ միջոց է՝ իմաստները փոխանցելու և ընկալելու, և հենց այդ կարողության շնորհիվ է, որ մենք կարողանում ենք զգալ լեզվի, մտքի ամբողջ խորությունը։ Իսպաներենի միջմշակութային հզոր ներուժը ևս անժխտելի է։ Այն դրսևորվում է պատմության տարբեր փուլերում՝ թե՛ արաբական աշխարհի հետ շփումներում, թե՛ Հարավային և Կենտրոնական Ամերիկայի մշակութային առնչություններում։ Այս բազմազան շփումները բերում են եզակի ու «վառ» նորարարությունների, որոնք ծնվում են մարդկային մտքի ստեղծագործական ու բազմամշակութային խաչմերուկներում»,- նշեց պրոռեկտորը։

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, խոսելով անցկացվող գիտաժողովի նպատակների մասին, շեշտեց, որ այն կնպաստի նաև կրթության և դիվանագիտության ոլորտներում գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև ցույց կտա իսպաներենի նշանակալից դերը միջազգային հաղորդակցության մեջ:
«Սա հիանալի հնարավորություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու իսպաներենի դերը կրթության, գիտության և համագործակցության շրջանակում։ Այս հեղինակավոր գիտաժողովին ձեր մասնակցությունը կարևոր քայլ է միջազգային մակարդակով ակադեմիական գերազանցության, հետազոտությունների և արդյունավետ համագործակցության խթանման գործում»,- ասաց նա:
Ըստ ֆակուլտետի դեկանի՝ գիտաժողովի շրջանակում մասնակիցները կխոսեն մի շարք թեմաների մասին՝ լեզվաբանությունից մինչև գրականություն, մշակույթից մինչև հաղորդակցություն:

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հասմիկ Բաղդասարյանը, կարևորելով գիտաժողովի անցկացումը, նշեց․ «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել և Երևանում՝ ԵՊՀ-ում անցկացնել Իսպաներենի դասախոսների եվրոպական ասոցիացիայի միջազգային 28-րդ գիտաժողովը։ Այսօր մեզ միավորում է լեզվի հանդեպ սերն ու նվիրվածությունը, որը ոչ միայն հաղորդակցության հզոր միջոց է, այլև ծառայում է որպես տարբեր մշակույթների և ավանդույթների միացուցիչ կամուրջ։ Մենք սկսում ենք ակադեմիական երկխոսություն և մշակութային փոխանակման հետաքրքիր ճանապարհորդություն։ Այս հանդիպումը մեզ հնարավորություն կտա քննարկելու, թե ինչպես է իսպաներենը տարածվում և զարգանում ժամանակի ընթացքում՝ դառնալով ընդհանուր հորիզոն, որը միավորում է տարբեր մշակույթների մարդկանց»,- ասաց նա և հավելեց, որ գիտաժողովն ավելին է, քան պարզապես ակադեմիական հանդիպում։ Այն ապացուցում է, որ իսպաներենը հնչում է նաև այստեղ՝ Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում, իսպաներենի ուսուցիչների և ուսանողների խոսքում, որոնք հավատում են լեզուների ստեղծագործական և փոխակերպող ուժին։

ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի հավատարմատար Քրիստինա Կոնեսան կարևորեց միջոցառման անցկացումը՝ ընդգծելով, որ այն մեծ աջակցություն է իսպանալեզու երկրների դիվանագիտական ներկայացուցիչների համար: Նա իր երախտագիտությունը հայտնեց Երևանի պետական համալսարանի ռոմանական բանասիրության ամբիոնին՝ ազգային և միջազգային ճանաչում ունեցող մի շարք հետազոտողների գիտական մեկ հարթակում համախմբելու համար:
«Իսպաներենը համաշխարհային լեզու է, որը՝ որպես Իսպանիայի արտաքին քաղաքականության առաջնային ուղղվածություն, ունի ռազմավարական նշանակություն: Սերվանտեսի ինստիտուտի տարեգրքի վերջին հրատարակությունը տրամադրում է որոշ տվյալներ, որոնք արտացոլում են իսպաներենի կարևորությունն այսօր: Ամբողջ աշխարհում պոտենցիալ իսպանախոսների թիվը գերազանցում է 600 միլիոնը, որը կազմում է աշխարհի բնակչության 7,5%-ը»,- հավելեց նա։
Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են հայաստանյան և եվրոպական երկրների առաջատար բուհերի (Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Ռումինիա, Լատվիա, Վրաստան) մասնագետներ՝ քննարկելու իպաներենի, իսպանախոս երկրների գրականությանն ու մշակույթին առնչվող բազմաբնույթ հարցեր։ Գիտաժողովը կշարունակվի ապրիլի 16-ին և 18-ին՝ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի լսարաններում և կոնֆերանսների դահլիճում։