- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ պատվիրակությունը՝ Վիեննայի համալսարանում․ քննարկվել են սնկերի բազմազանության հետազոտությունների և ԴՆԹ բարկոդավորման զարգացման ուղիները
Ապրիլ 15, 2025 | 10:17
Գիտություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ պատվիրակությունը՝ Վիեննայի համալսարանում․ քննարկվել են սնկերի բազմազանության հետազոտությունների և ԴՆԹ բարկոդավորման զարգացման ուղիները
ԵՊՀ պատվիրակությունն այցելել է Վիեննայի համալսարան, որտեղ արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ անցկացվել են մեկնարկային աշխատաժողով և գիտական քննարկումներ՝ «Հայաստանի անտառածածկ շրջանների միկորիզային և քսիլոտրոֆ սնկերի բազմազանության գնահատում և ԴՆԹ բարկոդավորում» թեմայով ծրագրի շրջանակում: Համալսարանականները Վիեննա են գործուղվել «APPEAR»-ի կողմից ֆինանսավորվող «APPEAR Academic Project 373» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

«Հայաստանի անտառածածկ շրջանների միկորիզային և քսիլոտրոֆ սնկերի բազմազանության գնահատում և ԴՆԹ բարկոդավորում» («BioBarFungArm») թեմայով իրականացվող ծրագրի համակարգողն է Երևանի պետական համալսարանը՝ ի դեմս կ.գ.դ., պրոֆեսոր Սիրանուշ Նանագուլյանի։

«BioBarFungArm» ծրագրի միջոցով ամրապնդվում է Վիեննայի և Երևանի պետական համալսարանների գիտակրթական համագործակցությունը՝ սնկերի բազմազանության հետազոտությունների և ԴՆԹ բարկոդավորման զարգացման ուղղությամբ: Ծրագիրն ուղղված է ուժեղացնելու հետազոտական կարողությունները, խթանելու բարձրագույն կրթությունը և աջակցելու կայուն զարգացմանը։ Այն ամրապնդում է համագործակցությունը համալսարանների միջև՝ վերապատրաստելով երիտասարդ հետազոտողներին, ծանոթացնելով նրանց ժամանակակից սնկաբանական և բուսաբանական հետազոտությունների նորագույն մեթոդներին:
Վիեննայի համալսարանում անցկացված աշխատաժողովին ներկա է գտնվել նաև «OeAD-GmbH–Austria’s Agency for Education and Internationalisation» ծրագրի համակարգող Էլկե Ստինիգը: ԵՊՀ ներկայացուցիչները աշխատաժողովի շրջանակում մանրամասն ներկայացրել են ինչպես Կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնում կատարվող գիտական և կրթական աշխատանքները, այնպես էլ ԵՊՀ գիտակրթական տարբեր ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ:

Կլոր սեղան-քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքներին, սահմանվել է գործողությունների ժամանակացույցը (նշենք, որ հետազոտությունները կկատարվեն մինչև 2027 թվականը): Քննարկվել են նաև ընդունող համալսարանի ուսումնական ծրագրերը, մանկավարժական մեթոդաբանությունը և լաբորատոր պարապմունքների անցկացման ձևաչափը:
«BioBarFungArm» ծրագրի շրջանակում կարևորվում է գենդերային բաղադրիչի ներառումը՝ ապահովելով հավասար հնարավորություններ կանանց համար։
«APPEAR»-ի շրջանակում իրականացվող այս ծրագիրը նպաստում է կենսաբազմազանության պահպանմանը և բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը։ Նախաձեռնությունն աջակցում է STEM կրթությանը, որը կարևոր է համաշխարհային այնպիսի մարտահրավերների համար, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և թվայնացումը։ Այն նպաստում է նաև բնական գիտությունների զարգացմանը Հայաստանում։
Ծրագրի կարևոր ուղղություններից մեկն է Հայաստանում սնկաբանության և անտառային էկոհամակարգերի պահպանության ոլորտի մասնագետների պատրաստումը: Այն արդիականացնում է Երևանի պետական համալսարանի ուսումնական ծրագրերը՝ զարգացնելով շրջանավարտների գործնական հմտությունները և բարձրացնելով նրանց պահանջարկն աշխատաշուկայում:
Միջազգային համագործակցության շրջանակում «BioBarFungArm»-ը կաջակցի գիտությանը և կրթությանը՝ ապագա սերունդներին ապահովելով բարձրորակ, միջազգային չափանիշներին համապատասխան կրթությամբ։