- Գլխավոր
- Նորություններ
- Դասագրքաստեղծման նոր ուղիները. քննարկում մայրենիի և գրականության դասագրքերի հեղինակների հետ
Ապրիլ 15, 2025 | 16:19
Գիտություն
Գրադարան
Կրթություն
Դասագրքաստեղծման նոր ուղիները. քննարկում մայրենիի և գրականության դասագրքերի հեղինակների հետ
Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը շարունակում է հարթակ ստեղծել կրթական կարևոր հարցերի շուրջ կառուցողական քննարկումների համար։ Այսօր այնտեղ կայացավ «Դասագրքաստեղծում, նոր հնարավորություններ և մարտահրավերներ. հանդիպում մայրենիի և գրականության դասագրքերի հեղինակների հետ» խորագրով բովանդակալից հանդիպում-քննարկումը։

Հանրակրթական դասագրքերի հեղինակների մասնակցությամբ անցկացված այս անգամվա քննարկման առանցքում էին մայրենիի և գրականության դասագրքերի մշակման, վերանայման և կրթական արդի չափորոշիչներին համապատասխանեցման գործընթացները։

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն, միջոցառման կազմակերպիչ Ավետիք Մեջլումյանը, կարևորելով այսօրինակ նախաձեռնությունները, ասաց․ «Այս քննարկումը մի մասն է ավելի լայն նախաձեռնության, որը նպատակ ունի կրթական ոլորտում ընդգրկելու տարբեր առարկաների դասագրքաստեղծներին և ընձեռելու բաց երկխոսության հնարավորություն։ Առաջին հանդիպումը նվիրված էր մաթեմատիկայի դասագրքերին, իսկ այս անգամ անդրադարձանք մայրենիի և գրականության դասագրքերին։ Մեր նպատակն է պարզել՝ ինչն է լավ աշխատում, ինչն է պետք վերանայել և ինչպես կարող ենք համատեղ ուժերով բարելավել կրթական բովանդակությունը՝ ի նպաստ աշակերտի և ուսուցչի»։

Միջոցառման համակազմակերպիչ, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի համալրման և մշակման բաժնի աշխատակից Աննա Խալաթյանը մասնավորապես նշեց․ «Մայրենի լեզվի իմացությունը, կարծում եմ, հիմնարար նշանակություն ունի յուրաքանչյուրիս համար։ Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է՝ բացահայտելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում դասագրքաստեղծման ոլորտում, ինչ նորարարություններ ու մարտահրավերներ կան, ինչպես են նոր չափորոշիչները վերաձևակերպում ուսուցման բովանդակությունն ու մեթոդները։ Ուսուցիչները հաճախ ունենում են հստակ հարցեր, որոնց պատասխանները կարող են ստանալ միայն հեղինակների հետ անմիջական շփման ժամանակ»։
Հանդիպման բանախոսներն էին ոլորտի առաջատար մասնագետները՝ Թամար Ալեքսանյանը և Ալբերտ Մակարյանը։

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Մայրենի 5, 6» և «Գրականություն 8» դասագրքերի համահեղինակ Թամար Ալեքսանյանը խոսեց առարկայական չափորոշիչների վերանայման հիմնական սկզբունքների մասին՝ շեշտադրելով ուսուցման եռաչափ մոտեցման ներդրումը, որի առանցքային հասկացություններն են ընթերցանությունը, ստեղծարարությունն ու ինքնությունը։ Ըստ նրա՝ հայեցակարգային այս նոր փոփոխությունները զգալի ազդեցություն են ունեցել դասագրքերի բովանդակության և մեթոդաբանության վրա՝ օգնելով ձևավորել մտածող, քննադատող և ինքնադրսևորվող աշակերտ։
Բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի վարիչ, 8-րդ և 10-րդ դասարանների «Հայ գրականություն» դասագրքերի համահեղինակ Ալբերտ Մակարյանն ընդգծեց գրականության դասավանդման դաստիարակչական և գեղագիտական նշանակությունը։ Նա խոսեց գրական նյութի ընտրության սկզբունքների, ժամանակակից ուսանողի ընթերցողական նախասիրությունների և սոցիալական մեդիայի ազդեցության մասին՝ նշելով, որ ժամանակակից դասագիրքը պետք է համադրի դասական արժեքներն ու նոր դինամիկան։
Քննարկման մասնակիցները անդրադարձան նաև դասագրքերի ձևաչափային նորամուծություններին՝ որպես օրինակ բերելով 8-րդ դասարանի գրականության դասագիրքը, որն աչքի է ընկնում գունային լուծումներով, պատկերագրությամբ և դասավորության արդիականությամբ։ Ակտիվ քննարկումներ ծավալվեցին նաև դասագրքերում ընդգրկվող հեղինակների ընտրության, ժամանակակից գրականության ներկայացվածության և դպրոցի կրթադաստիարակչական նշանակության շուրջ։
Միջոցառման նպատակն էր ոչ միայն ներկայացնել կրթական քաղաքականության և դասագրքաստեղծման ընթացիկ զարգացումները, այլև խոսք տրամադրել ուսուցիչներին՝ հարցեր ուղղելու դասագրքերի հեղինակներին և կիսվելու դաշտի հստակ փորձով։ Մասնակիցների խոսքով՝ այս հանդիպումները կարևոր հարթակ են կրթության բոլոր շղթաների ներկայացուցիչների երկխոսության համար, որտեղ լսելի են դառնում ինչպես հեղինակների, այնպես էլ ուսուցիչների և սովորողների ձայները։
Այսօրինակ քննարկումները վկայում են, որ որակյալ կրթությունը սկսվում է բաց ու բովանդակալից խոսակցությունից՝ կառուցված արժևորման, վստահության և համագործակցության հիմքի վրա։