Декабря 13, 2023 | 14:20
Наука
Образование
Исследовательская работа
Подведены итоги курса, направленного на улучшение аналитических способностей и профессиональных навыков студентов ЕГУ
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակում անցկացվեց «Հայաստանը և արժեքները ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացում» խորագրով դասընթացը:
Դասընթացը, որն անցկացվել է երեք փուլով (ս.թ. մայիսի 12-14-ը, հունիսի 23-25-ը, դեկտեմբերի 1-3-ը), նախատեսված էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների և ՀՀԻ երիտասարդ գիտաշխատողների համար:
«Հայաստանը և արժեքները ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացում» խորագրով դասընթացի նպատակներից էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների վելուծական կարողությունների ու մասնագիտական հմտությունների զարգացումն ու կատարելագործումը: Դասընթացի շրջանակում ուսանողներին ներկայացվեցին ազգային անվտանգության ռազմավարությունը, ռազմական դոկտրինների և արտաքին քաղաքական կոնցեպտների մշակման ներքին և արտաքին քաղաքականության և որոշումների կայացման գործընթացները (եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի փորձի հիման վրա)՝ մասնագիտական մեծ փորձառություն ունեցող բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետների ներգրավմամբ:
Անցկացվեցին նաև տեսական, գործնական, ինչպես նաև անհատական ու խմբային վերլուծական աշխատանքներ և քննարկումներ՝ ուսանողների պրակտիկ կարողությունների զարգացման նպատակով:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումների ու դասընթացների անցկացումը, որոնք միտված են ԵՊՀ ուսանողների վելուծական կարողությունների և մասնագիտական ունակությունների բարձրացմանը:
«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գևորգյանն ընդգծեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն ապագայում ավելի կամրապնդվի:
Մասնակիցները փաստեցին, որ դասընթացն օգտակար էր ոչ միայն գիտելիքների հարստացման, այլև ունկնդիրների և բանախոսների միջև գործնական ամուր կապերի հաստատման առումով։ Ըստ նրանց՝ այսօրինակ դասընթացներ պետք է հաճախ կազմակերպվեն, ինչը հնարավորություն կտա ուսանողին դասախոս-ուսանող փոխհարաբերություններից դուրս, առավել անկաշկանդ միջավայրում մասնակցելու քննարկումների ու խոսելու տարաբնույթ հարցերի շուրջ։ Բացի դրանից՝ կարևոր էին նաև օտար լեզուներով սեմինար-քննարկումների անցկացումը, առանձին ոլորտներում մասնագիտացած բանախոսներից կարծիքներ լսելը, ինչպես նաև հետաքրքրող հարցերի պատասխաններն ստանալը։ Դասընթացի մասնակիցները կարևորեցին նաև ոչ ֆորմալ կրթական նախաձեռնությունների դերը մասնագետների կայացման և կողմնորոշման գործում:
Դասընթացի ավարտին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանն ու ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Սարգիս Գրիգորյանը, ամփոփելով արդյունքները, ընդգծեցին, որ ԵՊՀ ուսանողների ակտիվ մասնակցությունն ընտրական փուլին (դասընթացին մասնակցում էին ընտրական փուլը հաղթահարած ուսանողները) և եռափուլ դասընթացին վկայում են ծրագրի կարևորության և պահանջված լինելու մասին, ինչը նախանշում է ապագա միջազգայնագետների ու քաղաքագետների մասնագիտական կատարելագործման ու կարողությունների զարգացման հեռանկարները:
Նշենք, որ դասընթացն անցկացվեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ ՊՆ, ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների, հայաստանյան բարձրագույն ուսումնական այլ հաստատությունների և օտարերկրյա գիտնականների համագործակցության շրջանակում:
ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությունների, տեսական և գործնական գործառույթների, դիվանագիտական ներկայացուցչությունների առանձնահատկությունների վերաբերյալ դասընթացի շրջանակում ներկայացված դասախոսությունների թեմաներին հնարավոր է ծանոթանալ այստեղ: