- Գլխավոր
- Նորություններ
- Կրթությունը սահմաններից այն կողմ. ԵՊՀ ուսանող Ռոզա Մկոյանի պատմությունը
Ապրիլ 11, 2025 | 10:53
Կրթություն
Ուսանողական
Կրթությունը սահմաններից այն կողմ. ԵՊՀ ուսանող Ռոզա Մկոյանի պատմությունը
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցություն» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Ռոզա Մկոյանը դպրոցական տարիներին հետաքրքրված էր գրականությամբ և լեզուներով։ Ինչպես ինքն է նկարագրում՝ դա ոչ միայն դպրոցական հետաքրքրություն էր, այլև իրական նպատակ երազանքերին հասնելու և նոր հորիզոններ բացահայտելու համար։ Գրականության մեջ ներթափանցելու և այն խորապես ընկալելու ձգտումը Ռոզային ուղեկցել է դեպի ԵՊՀ՝ կրթական ճանապարհին ընձեռելով արտերկրում ուսանելու հնարավորություն։

Երբ կրթությունը դառնում է ոչ միայն գիտելիք ստանալու, այլև ինքնաճանաչման, մշակույթների բացահայտման և աշխարհընկալման ձևավորման ուղի, այն վերածվում է կյանքի նշանակալից փորձառության։ Ռոզա Մկոյանը այդ ուղին անցել է մեծ սիրով ու հետաքրքրությամբ՝ խորանալով լեզուների և գրականության աշխարհում։ Նրա պատմությունը վկայում է, թե ինչպես կարող է կրթությունը կամուրջ դառնալ ակադեմիական գիտելիքի, մշակութային փորձառության և անձնական զարգացման միջև։
«Իմ նպատակներից մեկն էր կարդալ իմ սիրելի գրական ստեղծագործություններն իրենց բնագրային լեզվով, զգալ այն նրբություններն ու երանգները, որոնք հաճախ կորչում են թարգմանության մեջ։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ ոչ միայն իրագործել եմ այդ նպատակը, այլև կարողացել եմ վերածել այն մասնագիտական ուղու։ Թե՛ ակադեմիական հետազոտությունների և թե՛ միջմշակութային հաղորդակցության միջոցով ես այսօր կիրառում եմ այդ կարողությունը իմաստալից և գործնական ձևով։ Իմ ուսումը տվել է ինձ ոչ միայն լեզվական հմտություններ, այլև խորացված ըմբռնում մարդկային արտահայտչականության, ինքնության և մշակույթի վերաբերյալ»,- ասում է Ռոզան։

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԵԼՀ ուսանողը մեկ կիսամյակ ուսանել է Ռուժոմբերկի կաթոլիկ համալսարանում (Սլովակիա)՝ ձեռք բերելով արժեքավոր հմտություններ, ինչպիսիք են ժամանակի կառավարումն ու խնդիրների արագ լուծումը։
«Մասնակցել եմ այնպիսի դասընթացների, որոնք ընդլայնել են իմ մասնագիտական մտահորիզոնը։ Օրինակ՝ «Անգլիական դրամա» և «Ամերիկյան գրականություն» դասընթացները հնարավորություն տվեցին մանրամասնորեն բացահայտելու ազդեցիկ հեղինակների ստեղծագործությունները՝ է՛լ ավելի զարգացնելով իմ աշխարհընկալումը և գրական ժառանգության գնահատումը։ Մասնակցել եմ նաև լեզվաբանական դասընթացների՝ խորացնելով մասնագիտական հմտություններս։ Սլովակերենի և տեղի մշակույթի դասընթացներն էլ օգնեցին հասկանալու Սլովակիայի ժառանգությունը ինչպես մշակութային, այնպես էլ լեզվական տեսանկյունից»,- նշում է ուսանողը։
Ռոզան պատմում է, որ Սլովակիայում ուսանելու ընթացքում հնարավորություն է ունեցել մասնակցելու մի շարք մշակութային միջոցառումների։ Դրանցից մեկի՝ «Cultural Market» ծրագրի շրջանակում, որտեղ միջազգային և տեղացի ուսանողները ներկայացնում էին իրենց երկիրը, Ռոզան խոսել է Հայաստանի մասին՝ ներկայացնելով հայ մշակույթն ու ժառանգությունը և ընկերական նոր կապեր հաստատելով տարբեր մշակույթներ ունեցող մարդկանց հետ։
«ԵՊՀ-ն և Ռուժոմբերկի կաթոլիկ համալսարանը տարբեր և յուրահատուկ են իրենց կրթական համակարգի կազմակերպման առումով։ Ամենակարևոր տարբերություններից մեկը, որը նկատեցի, այն էր, որ Ռուժոմբերկի կաթոլիկ համալսարանում կրթությունն ավելի պրակտիկ էր։ Ակտիվ քննարկումներն ու բանավոր վարժությունները ուսման հիմնական մասն էին կազմում, ինչը հնարավորություն էր տալիս ինտերակտիվ ուսուցման և քննադատական մտածողության բարելավմանը»,- խոսելով գիտակրթական գործընթացների կազմակերպման մասին՝ շեշտում է Ռոզան։
Մեկ կիսամյակ արտերկրում ուսանելու մեկնած Ռոզան նույնպես հանդիպել է որոշակի մարտահրավերների, որոնցից մեկը լեզվական խոչընդոտն էր։

«Սկզբում հաղորդակցվելը բավականին դժվար էր, քանի որ սլովակները, լինելով բավականին պահպանողական ազգ, փորձում էին այլ լեզու չկիրառել, սակայն մեկ այլ հակառակ պատկեր էր համալսարանում, որտեղ ուսանողները մեծ ոգևորությամբ և սիրով էին մեզ հետ հաղորդակցվում բոլորիս հասկանալի լեզվով։ Ակադեմիական խոչընդոտները այնքան էլ շատ չէին. հիմնականներից մեկը ուսումնական համակարգի տարբերությունն էր՝ կապված առարկաների ընտրության և քննությունների կարգի հետ, սակայն այս ամենին հարմարվելը բավականին արագ ստացվեց»,- ասում է ուսանողը։
Ռոզայի համար ուսումը պարզապես գիտելիք ստանալու գործընթաց չէ, այլ նաև անձնական աճի և հարստացման ուղի։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր օր, որ անցկացրել է ԵՊՀ-ում, նրան դարձրել է առավել գիտակից, ընկալող և բաց նոր գաղափարների համար։ Այդ միջավայրը, հանդիպումներն ու փորձառությունները ձևավորել են նրա աշխարհայացքը, վերաիմաստավորել արժեքները և խորացրել ինքնաճանաչումը։
«Կարծում եմ՝ իսկական կրթությունը պետք է մարտահրավեր նետի, ոգեշնչի և հնարավորություններ ստեղծի։ ԵՊՀ-ն էական դեր է կատարել այդ հնարավորությունների ստեղծման գործում։ Համալսարանն ինձ տվել է ոչ միայն ակադեմիական ամուր հիմք, այլև խրախուսել է դուրս գալ հարմարավետության սահմաններից և զարգանալ։ Արտերկրում կրթություն ստանալու՝ ԵՊՀ տված հնարավորությունը դարձավ առիթ՝ ձեռք բերելու միջազգային ակադեմիական փորձ, ընկերներ և կիրառել գիտելիքներս նոր միջավայրում»,- անկեղծանում է նա։
Ռոզան վստահ է, որ շարունակելու է իր կրթական ճանապարհը՝ դիտարկելով ուսումը որպես երկարաժամկետ ուղի, որը բացում է նոր հնարավորություններ: Նրա գլխավոր նպատակներից մեկն է ցույց տալ, թե լեզվի և գրականության ուժը ինչպես կարող է ձևավորել աշխարհը: