Февраля 02, 2024 | 13:00
Образование
Исследовательские центры и институты
Международное сотрудничество
ЕГУ впервые вошел в мировой рейтинг университетов «Times Higher Education»
«Times Higher Education»-ը ներկայացնում է աշխարհի լավագույն համալսարանների ցանկը՝ կարևորելով հետազոտական առաքելությունը։
Բուհերի վարկանիշավորումը կատարվում է հինգ հիմնական ուղղություններով՝ կրթություն, հետազոտական միջավայր, հետազոտությունների որակ, ինդուստրիա և միջազգային հեռանկարներ:
ԵՊՀ-ն վերոնշյալ առանցքային ուղղություններից առավել բարձր ցուցանիշներ է գրանցել կրթության, հետազոտությունների որակի և միջազգային հեռանկարների դիտարկումներից:
2024 թ. «Times Higher Education»-ի («THE») հրապարակած աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման ցանկում ընդգրկված են 1906 համալսարաններ շուրջ 108 երկրներից։ Համալսարանների գլոբալ վարկանիշավորման այս ցանկում Հայաստանից ներկայացված են չորս համալսարաններ, որոնցից միայն Երևանի պետական համալսարանն է վարկանիշավորված։
Նշենք, որ ԵՊՀ-ն ներկայացված է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման երեք հեղինակավոր ցանկերից («Quacquarelli Symonds», «Times Higher Education», «Shanghai Ranking») երկուսում՝ «Quacquarelli Symonds»-ում և «Times Higher Education»-ում։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, կարևորելով բուհերի վարկանիշավորման լավագույն աղյուսակներում ԵՊՀ ներգրավվածությունը, նշեց, որ վարկանիշավորմանը մասնակցող բուհերի թիվը հիմնականում չափազանց մեծ է լինում, սակայն ոչ բոլորին է հաջողվում գրանցել բարձր ցուցանիշներ։
«Բուհերի վարկանիշավորման լավագույն աղյուսակներում ներառվելը նշանակում է, որ տվյալ բուհը համապատասխանում է միջազգային այնպիսի որակական չափանիշների (կրթության որակ, հետազոտություններ, բուհի միջազգայնացում), որոնք այսօր առաջադրվում են բարձրագույն ուսումնական հաստատություններին։ Այսինքն՝ աղյուսակում ընդգրկվելն արդեն իսկ որակի ցուցանիշ է»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը:
Նա ընդգծեց, որ վարկանիշավորմամբ բուհը տեսանելի է դառնում աշխարհին՝ թե՛ օտարերկրյա դիմորդի, թե՛ հետազոտողի համար․ «Մենք ապահովում ենք կրթական այնպիսի մակարդակ, որը գլոբալ առումով առաջատարն է մեր երկրում՝ հարաբերականորեն բարձր մրցակցություն ունեցող ՀՀ բարձրագույն կրթության բնագավառում։ Վարկանիշավորման շնորհիվ բարձրանում է բուհի միջազգային տեսանելիությունը արտերկրի բուհերի ուսանողների համար, որոնք բարձրորակ կրթություն ստանալու նպատակով կարող են դիմել նաև ԵՊՀ՝ առաջատար այլ բուհերի հետ համեմատելով մեր վարձավճարային քաղաքականությունը»։
Ըստ Ալ. Մարգարովի՝ «Times Higher Education»-ի հրապարակած՝ աշխարհի լավագույն համալսարանների ցանկում ընդգրկվելը վկայում է, որ ԵՊՀ գիտական արտադրանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին:
«Այս համատեքստում կընդլայնվի նաև ԵՊՀ և օտարերկրյա հետազոտողների գործակցությունը։ Մենք շարունակում ենք աշխատել մեր ցուցանիշները բարելավելու ուղղությամբ, քանի որ վարկանիշավորման համար դիմող բուհերի քանակը տարեցտարի ավելանում է, և ավելի բարդ է դառնում աշխարհի լավագույն համալսարանների ցանկում ներառվելը»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՊՀ-ն իր քաղաքականությամբ մի շարք գործընթացներին զուգահեռ շարունակում է խրախուսել միջազգային գիտական շտեմարաններում ներառված բարձր վարկանիշային հանդեսներում գիտական հոդվածների հրապարակումը, ինչպես նաև աշխատել արտասահմանցի ուսանողների, դասախոսների թիվն ընդլայնելու ուղղությամբ։
Ընդգծենք, որ աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման աղյուսակում տեղ գտնելը արտաքին գնահատական է ԵՊՀ-ի համար (դիտարկելու իր ուժեղ և թույլ կողմերը), ինչը կնպաստի հստակ ուղղություններով բարեփոխումներ կատարելուն։