Марта 26, 2024 | 14:57
Мероприятия
Оценивая вклад в развитие ЕГУ: юбилейное мероприятие в ЕГУ
В ЕГУ состоялось расширенное заседание Учёного совета факультета востоковедения, посвященное 60-летию заведующего кафедрой тюркологии, кандидата исторических наук, профессора Александра Сафаряна.
Ալեքսանդր Սաֆարյանը ծնվել է 1964 թվականի մարտի 24-ին: Պրոֆեսորը 1990 թվականից որպես դասախոս աշխատում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնում, իսկ 1996 թվականից մինչ այժմ ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչն է: Ալեքսանդր Սաֆարյանին նվիրված գիտխորհրդի ընդլայնված նիստին մասնակցեցին ԵՊՀ ռեկտորը, պրոռեկտորները, տարբեր ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, օտարերկրյա դեսպաններ, ուսանողներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Կարևորելով պրոֆեսոր Սաֆարյանի գործունեությունը Երևանի պետական համալսարանում՝ նա ընդգծեց․
«Ինձ համար մեծ պատիվ է այս ամբիոնից շնորհավորելը մեր սիրելի դասախոսի, պրոֆեսորի, համալսարանի նվիրյալի 60-ամյակը: Համալսարանը մշտապես աչքի է ընկել իր նվիրյալների նկատմամբ մեծ հարգանքով՝ հիշելով և մեծարելով նրանց: Ա․ Սաֆարյանը հսկայական ավանդ է ներդրել թյուրքագիտության, միջինասիական երկրների հետ մեր հարաբերությունների զարգացման գործում, որն անգնահատելի է ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար»,- ընդգծեց Հ. Հովհաննիսյանը՝ Ալեքսանդր Սաֆարյանին մաղթելով առողջություն, երկար տարիների կյանք:
Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հիշողությունների ակնարկ կատարեց՝ պատմելով ուսանողական տարիների պատմություններ: Նա նշեց, որ թյուրքագիտութան ասպարեզում Ալեքսանդր Սաֆարյանն իր ուսուցիչն է եղել և իր առաջին հանդիպումը պրոֆեսորի հետ եղել է 1996 թվականին:
«Ա․ Սաֆարյանի մեծ ներդրումը թյուրքագիտության ոլորտում ամրագրված է օբյեկտիվ փաստերով: Նա մեծագույն ջանքեր է գործադրել 1990-ականներին թյուրքագիտության դպրոցի աշխատանքները շարունակելու համար, քանի որ տվյալ ժամանակաշրջանը ճգնաժամային էր։ Հենց նրա ջանքերով է, որ համալսարանական թյուրքագիտությունը վեր է հառնել, շարունակվել և զարգացել: Սա Ա․ Սաֆարյանի կենսագրության մեջ ոսկե տառերով գրվելիք փաստ է»,- ասաց Ռ. Մելքոնյանը:
Միջոցառմանը ներկա էին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Արսեն Ավագյանը, Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը: Դեսպաններն ընդգծեցին ԵՊՀ-ի, ռեկտոր Հ. Հովհաննիսյանի և պրոֆեսոր Ա. Սաֆարյանի բացառիկ դերը հայ-ղազախական և հայ-թուրքմենական դարավոր բարեկամության ամրապնդման, գիտակրթական և մշակութային կապերի համակողմանի զարգացման գործընթացներում: Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը Ա. Սաֆարյանին հանձնեց պաշտոնական շնորհավորական ուղերձ և նվիրեց Ղազախստանի ազգային տարազ:
Արևելագետների բազում սերունդների ուսուցիչ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը փաստեց, որ Ալեքսանդր Սաֆարյանը մեծացել է գիտնականների ընտանիքում, որտեղ ստացել է համապարփակ գիտելիքներ։
«Հպարտությամբ եմ արձանագրում, որ համալսարանը այսպիսի գիտնական ունի, տոհմիկ հայ և մարդ, համալսարանական մարդ. այս կոչումը բոլորին տրված չէ, Ալեքսանդր Սաֆարյանը զինվորագրված է իր գործին: Շնորհակալ ենք Ա․ Սաֆարյանին, որ նա իր գիտելիքները շռայլորեն նվիրում է իր սաներին, համալսարանական այն շրջանավարտներին, որոնք այսօր զարդարում են Եվրոպայի ցանկացած համալսարան»,- ասաց Գուրգեն Մելիքյանը:
Ելույթ ունեցավ նաև ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ Վարուժան Խաստուրը, որը պատմեց իր և պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի ստեղծագործական բազմամյա համագործակցության մասին, որի արդյունքում հրատարակվել են թուրքմենական և ղազախական գրականության դասականների բազմաթիվ ստեղծագործություններ:
«Նրա ջանքերի շնորհիվ ես ընդգրկվեցի ղազախական և թուրքմենական գրականության թարգմանչական աշխատանքներում և ուզում եմ առանձնացնել նրա գիտական վերաբերմունքը, նրա պատասխանատվությունն այդ աշխատանքները կազմակերպելիս»,- նշեց Վարուժան Խաստուրը՝ ընթերցելով Մահթումկուլի Ֆրագիի և Մաղժան Ժումաբաևի բանաստեղծությունների հայերեն թարգմանությունները:
Միջոցառման ավարտին Ալեքսանդր Սաֆարյանը երախտագիտություն հայտնեց ներկաներին, ընտանիքի անդամներին, իր ուսուցիչներին՝ Գուրգեն Մելիքյանին և Դավիթ Հովհաննիսյանին: