Апреля 18, 2024 | 15:27
Наука
Конференции
Исследовательская работа
«Война, граница и культура». Конференция в ЕГУ
На историческом факультете Ереванского государственного университета проходит двухдневная конференция, в рамках которой обсуждаются вопросы, связанные с сохранением культурного наследия приграничных населенных пунктов. На конференции подводятся итоги 2-летнего исследования. Представленные доклады планируется обобщить в виде коллективной монографии.
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2022» մրցութային ծրագրի շրջանակում ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, դասախոս Հայկուհի Մուրադյանը հետազոտական թիմի հետ անցկացրել է «Համայնքը և հանրային մշակութային տարածքի փոխակերպուﬓերը հետխորհրդային Հայաստանում սահմանաﬔրձ բնակավայրերի օրինակով» թեմայով հետազոտություն:
Հետազոտական թիմի անդամները շուրջ երկու տարի կատարել են դաշտային աշխատանքներ՝ դիտարկելով սահմանամերձ բնակավայրերի մշակութային փոփոխությունները և հաշվի առնելով պատերազմների հետևանքները:
Ծրագրի ղեկավար Հայկուհի Մուրադյանը, խոսելով հետազոտության և գիտաժողովի կարևորության մասին նշեց. «Գիտաժողովը հնարավորություն է տալիս մեկ հարթակում համախմբելու գիտական հանրույթի՝ այս խնդրով զբաղվող ներկայացուցիչներին, ընդ որում՝ ոլորտի լավագույն մասնագետներին: Կարծում եմ՝ սա կարևոր քայլ է հետազոտության արդյունքները ներկայացնելու, մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին ծանոթանալու համար»:
Չնայած հետազոտությունը կատարվել է Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, սակայն գիտաժողովին ներկայացվող զեկուցումների աշխարհագրությունն առավել ընդգրկուն է. թեմաներն առնչվում են սահմանին գտնվող մշակութային կոթողների հեռանկարներին, խնդիրներին, պահպանությանը:
Հետազոտական թիմի մյուս անդամներն են ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Նժդեհ Երանյանը, նույն ամբիոնի հայցորդ, ասպիրանտ Անուշ Սաֆարյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ Համազասպ Աբրահամյանը: Թիմի խորհրդատուն է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյան:
Նրանցից յուրաքանչյուրը հետազոտությանը մասնակցել է կոնկրետ ուղղվածությամբ: Հայկուհի Մուրադյանը զբաղվել է մշակութային կառույցների՝ խորհրդային և հետխորհրդային շրջանում կատարված փոխակերպումների ուսումնասիրությամբ, Անուշ Սաֆարյանը դիտարկել է պատերազմի պատճառով մշակութային լանդշաֆտի փոխակերպումները՝ ուսումնասիրելով, թե ինչ նոր հուշարձաններ և խաչքարեր են ի հայտ եկել, ում նախաձեռնությամբ, ինչպես են դրանք տեղադրվել և արդյունքում ինչ փոփոխությունների է ենթարկվել մշակութային լանդշաֆտը: Խմբի երրորդ մասնակիցը՝ Նժդեհ Երանյանը, զբաղվել է սահմանամերձ բնակավայրերի նորահայտ հուշարձանների «ճակատագրերի» հետազոտմամբ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ սահմանին շատ մոտ գտնվող հուշարձաններին մարդիկ հասանելիություն չեն ունենում վտանգավոր լինելու պատճառով:
Հետազոտական թիմի խորհրդատու, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, կարևորելով կատարված ուսումնասիրության և գիտաժողովի նշանակությունը, ասաց. «Ուրախությամբ փաստեմ, որ հետազոտության շրջանակում մեր փորձառու մասնագետներին են միացել նաև բազմաթիվ երիտասարդ գիտաշխատողներ, ինչը վկայությունն է գիտական մտքի հարատև զարգացման: Չափազանց կարևորում եմ այս գիտաժողովի անցկացումը, քանի որ սա միջագային գիտական հանրույթին դիմելու հնարավորություն է՝ ներկայացնելով Հայաստանի մշակութային ժառանգությունը»:
Պրոֆեսորը նաև ընդգծեց, որ մշակութային ժառանգության պահպանումը չպետք է կապվի դրա ծագման, ժամանակի, էթնիկական և դավանական դիմագծին. յուրաքանչյուր պարագայում այն ենթակա է պահպանման:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ. Մխիթար Գաբրիելյանը՝ նշելով, որ նմանօրինակ գիտաժողովները կարևոր են ոչ միայն գիտական, այլև կրթական կյանքի զարգացման համար՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու մշակութային ժառանգության պահպանությանը և հարակից այլ խնդիրների:
Հավելենք, որ գիտաժողովը կշարունակվի նաև վաղը։ Գիտաժողովին զեկուցումներով են հանդես գալիս մասնագետներ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: