Май 15, 2024 | 16:06
Наука
Образование
В ЕГУ прошла программа «Школа эссе»
Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ ս․թ․ մայիսի 6-15-ը անցկացվեց «Հոդվածագրության դպրոց» աննախադեպ ծրագիրը, որը նպատակ ուներ զարգացնելու ուսանողների՝ գիտական աշխատանքներ կատարելու հմտությունները, ինչպես նաև ուղենշելու կատարված հետազոտությունները հայաստանյան և միջազգային գիտաժողովների ժամանակ լավագույնս ներկայացնելու առանձնահատկությունները։
Այս տարի Երևանի պետական համալսարանի ՈՒԳԸ գիտական խորհուրդը որոշում է կայացրել անցկացնելու հոդվածագրությանը վերաբերող առավել մեծամասշտաբ միջոցառումներ, որոնց շրջանակում էլ մեկնարկել է «Հոդվածագրության դպրոց» ծրագիրը: Ծրագրին մասնակցելու հնարավորություն են ունեցել ՀՀ բոլոր բուհերի և գիտահետազոտական այլ հաստատությունների ուսանողները, ասպիրանտները, գիտությամբ հետաքրքրված երիտասարդները:
««Հոդվածագրության դպրոց» ծրագրին մասնակցելու համար հայտատուներից ընտրվել էր մոտ 70-ը, որոնց թվում եղել են և՛ հումանիտար-հասարակագիտական, և՛ բնագիտամաթեմատիկական ոլորտների ներկայացուցիչներ։ Հաշվի առնելով այն, որ տարբեր բնագավառների հոդվածագիրներն ունեն գիտական աշխատանք կատարելու տարբեր սկզբունքներ, կատարվել է բաժանում: Այն հնարավորություն է տվել ոչ միայն համակարգված դարձնելու ծրագիրը, այլև համապատասխան բնագավառների ուսանողների շրջանում ապահովելու բարձր ներգրավվածություն։
Ծրագրի շրջանակում բանախոսները` պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանը (թեմա՝ «Ինչպե՞ս կատարել գիտական աշխատանք»), պ.գ.թ., դոցենտ Մհեր Հովհաննիսյանը (թեմաներ՝ «Հետազոտության պլանավորում», «Հետազոտության մեթոդաբանություն»), տ.գ.դ., դոցենտ Միքայել Ալեքսանյանը (թեմա՝ «Նանոտեխնոլոգիաների ոլորտի բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում գիտական հոդվածների տպագրման հմտություններ»), պ.գ.թ., դոցենտ Վարուժան Գեղամյանը (թեմա՝ «Հետազոտության աղբյուրներ և մոտեցումներ») և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս Մերի Փանոսյանը (թեմա՝ «Հոդվածագրության տեխնիկա և հոդվածի տպագրության առանձնահատկություններ») բազմաթիվ թեմաներ են քննարկել՝ ուսանողներին ներկայացնելով գիտահետազոտական աշխատանք կատարելու առանձնահատկությունները, արդիական թեմաներ ու «գրավիչ» վերնագրեր ընտրելու կարևորությունը և այլն։
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանը, խոսելով ծրագրի շրջանակում գրանցված արդյունքներից, նշեց, որ դրանք գոհացնող են, ավելին՝ հիմք են դարձել, որ դպրոցը դառնա ամենամյա և հետագայում ընդգրկի նաև միջազգային ճանաչում ունեցող համալսարանների, գիտակրթական կենտրոնների մասնագետների։
«1947 թվականից ի վեր՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունն իրականացրել և իրականացնում է հոդվածագրությանը, գիտական աշխատանքներ կատարելուն առնչվող ավելի քան 10․000 միջոցառում, այդ թվում՝ դասախոսություններ, սեմինարներ, պանելային քննարկումներ, աշխատաժողովներ և այլն։ Ուրախությամբ նշեմ, որ դրանք էապես նպաստել են ուսանողների շրջանում գիտական մտածողության զարգացմանը։ Դրա մասին են փաստում գիտության ոլորտում ՈՒԳԸ երբեմնի անդամների գրանցած հաջողությունները։ Լիահույս եմ, որ «Հոդվածագրության դպրոց» ծրագիրը նոր թափ կհաղորդի ուսանողների՝ գիտահետազոտական աշխատանքներ կատարելուն», - ընդգծեց Ս․ Բաղումյանը։
Նշենք, որ ծրագրի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր։