Октября 10, 2024 | 11:49
Конференции
Непрерывное образование
"Чёрное море: интересы, территории, перспективы". Конференция в ЕГУ
В зале Инновационного центра ISTC ЕГУ прошла конференция на тему «Чёрное море: интересы, территории, перспективы», посвящённая Черноморскому региону.
«Դիլեմա» շարժական ակադեմիայի հայաստանյան առաջին կոնֆերանսը անցկացվեց ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի հետ համագործակցության շրջանակում։
«Դիլեմա» շարժական ակադեմիան ստեղծվել է լեհական «Fundacja Pogranicze» (թարգմանաբար՝ «Մերձսահմանագոտու հիմնադրամ») կազմակերպության նախաձեռնությամբ՝ ի պատասխան աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների՝ համախմբելով մտավորականների, անվանի գիտնականների, արվեստագետների, հանրային գործիչների ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Հարավային Կովկասից, ինչպես նաև Մոլդովայից և Ուկրաինայից:
Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը: Անդրադառնալով միջոցառման կարևորությանը՝ նա նշեց. «Շատ հետաքրքիր է քննարկել նմանօրինակ թեմաներ և կիրառել կոնկրետ գործիքներ ու մեթոդներ՝ ուսումնասիրելու այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում: Եթե առկա են պատշաճ մեթոդներ, գործիքներ և ճշգրիտ տվյալներ, ապա քննարկումների արդյունքում կկայացվեն որոշումներ՝ ուղղված խաղաղության հաստատմանը, բարգավաճմանը: Կարծում եմ, որ այս միջոցառման հիմնական նպատակներից մեկը միասնաբար մտորելն է խոշոր գործընթացների շուրջ, որոնք տեղի են ունենում այս տարածաշրջանում»։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը, խոսելով «Դիլեմա» շարժական ակադեմիայի գործունեության մասին, ասաց, որ այն խրախուսում է տարբեր գաղափարների շրջանառությունը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Եվրոպայի երկրներում, ինչպես նաև Կովկասում:
««Դիլեմա» շարժական ակադեմիան ամեն անգամ անդրադառնում է որևէ կոնկրետ խնդրի. Հայաստանում անցկացվող միջոցառումների շարքի հիմնական թեման առնչվում է Սև ծովի տարածաշրջանին: Անցյալ տարի Վրաստանում հանդիպում ունեցանք, որտեղ քննարկեցինք, թե ինչ դիլեմաների ենք բախվում ներկայում, երբ աշխարհը փոփոխվում է և անհայտ է՝ ինչ ուղղությամբ: Միավորվեցինք մի շարք արվեստագետների, ակադեմիական համայնքի ներկայացուցիչների, մշակութային ոլորտի աշխատակիցների հետ՝ հասկանալու, թե ինչ հիմնախնդիրներ են մեր առջև ծառացած, իսկ այսօր մենք քննարկում ենք Հայաստանում Սև ծովի դիլեման: Քննարկումների շնորհիվ կարելի է հասկանալ, թե որքանով է թեման առնչվում նաև մեր կյանքին»,- ընդգծեց Լ. Խառատյանը։
«Դիլեմա» շարժական ակադեմիայի նպատակն է հասկանալ, թե այս տարածաշրջանում ինչ նոր պատումներ կարող են առաջանալ, որոնք կօգնեն այլ կերպ կառուցելու ապագան: Ըստ Լուսինե Խառատյանի՝ գիտաժողովից բխող գաղափարների հիման վրա հետագայում ստեղծվելու են տեքստեր, հոդվածներ, կյանքի են կոչվելու տարբեր նախաձեռնություններ:
Կոնֆերանսի շրջանակում անցկացվեցին բաց դասախոսություններ, պանելային քննարկումներ:
«Անցողիկության ծով» թեմայով ելույթ ունեցավ Իլիայի պետական համալսարանի (Վրաստան) սոցիալական և մշակութային մարդաբանության ասպիրանտական ծրագրի ղեկավար, սոցիալական և մշակութային մարդաբանության պրոֆեսոր Թամթա Խալվաշին:
«Երեք ծովի համակարգը» թեմայի շուրջ խոսեց ԵՊՀ արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը:
«Ի՞նչ են նշանակում սահմանները. արմատազուրկ աշխարհաքաղաքացու մտորումները օվկիանոսի մյուս կողմից» թեմայով հանդես եկավ Յեյլի համալսարանի (ԱՄՆ) պատմության պրոֆեսոր Մարսի Շորը: Նրա գիտական հետազոտություններն առնչվում են 20-րդ և 21-րդ դարերի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ինտելեկտուալ պատմությանը։ Իսկ «Մեդեա. սահմանամերձության առասպելը» թեմային անդրադարձավ լեհական «Բորդերլանդ» հիմնադրամի համահիմնադիր և նախագահ Քշիշթոֆ Չեժինսկին:
«Գաղութացո՞ւմ, ո՞ւմ գաղութացումը» խորագրով պանելային քննարկման ժամանակ իրենց մասնագիտական տեսակետները ներկայացրին մշակութային քննադատ, դասախոս Հրաչ Բայադյանը, Յեյլի համալսարանի դասախոս, փիլիսոփա Վիկտորաս Բախմետևասը, Բուխարեստի համալսարանի ասպիրանտ Վասիլ Վիստոչին:
Նշենք, որ հայաստանյան կոնֆերանսը ֆինանսավորվել է «ԵՄ-ն հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում՝ Մերձսահմանագոտու հիմնադրամի համաֆինանսավորմամբ: