Декабря 04, 2024 | 16:10
Образовательные программы
Международное сотрудничество
Непрерывное образование
Студентам ЕГУ представили перспективы продолжения образования в Германии
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կայացավ հանդիպում Բեռլինի ազատ համալսարանի Արևելյան Եվրոպայի բաժնի պետ Թոբիաս Շտուդեմանի հետ: Հանդիպման շրջանակում Թոբիաս Շտուդեմանը համալսարանի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ակադեմիական համակարգողներին ներկայացրեց Բեռլինի ազատ համալսարանի ընձեռած հնարավորությունները «Էրազմուս+» ծրագրի, ինչպես նաև փոխանակման այլ ծրագրերի շրջանակում:
Թոբիաս Շտուդեմանը նշեց, որ Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունները բազմաթիվ ոլորտներում (ինժեներություն, հասարակական գիտություններ, լեզուների ուսուցում և այլն) բարձրորակ կրթություն ապահովելու տեսանկյունից ճանաչված են գրեթե ողջ աշխարհում, ուստի ուսումնառությունը շարունակելու համար լավագույն երկրներից մեկը հենց Գերմանիան է։
«Բեռլինի ազատ համալսարանում յուրաքանչյուր ոք կարող է կազմել իր ուսումնական գրաֆիկը։ Ուսանողն ընտրում է այն առարկան, որն ուզում է խորապես ուսումնասիրել, այսինքն՝ ուսանողը կենտրոնանում է այն առարկայի վրա, որն իրականում իրեն հետաքրքրում է: Կարծում եմ, որ այս մոտեցումը ևս բավականին մոտիվացնող է»,- ասաց նա:
Թոբիաս Շտուդեմանը, խոսելով Գերմանիայի համալսարաններից, մասնավորապես՝ Բեռլինի ազատ համալսարանից, ընդգծեց, որ այնտեղ կրթությունը շարունակում են ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից։ Հատկանշական է, որ օտարերկրյա ուսանողների համար ևս կրթությունը բուհում անվճար է։
«Միայն առկա է կիսամյակային վճար, որը նախատեսված է վարչական ծախսերի համար։ Այն բավական փոքր գումար է կազմում և ներառում է նաև հանրային տրանսպորտից օգտվելու տոմսի վճարը»,- մատնանշեց բանախոսը:
Ինչ վերաբերում է գերմաներենի իմացությանը, Բեռլինի ազատ համալսարանի Արևելյան Եվրոպայի բաժնի պետն ընդգծեց, որ կրթական շատ ծրագրեր կան, որոնց համար պարտադիր չէ գերմաներենի իմացությունը:
Նա հավելեց, որ արտերկրում կրթություն ստացած լինելու փաստը մասնագետին դարձնում է առավել մրցունակ աշխատաշուկայում, քանի որ բազմաթիվ գործատուներ դա դիտարկում են որպես առավելություն:
Թոբիաս Շտուդեմանը ներկայացրեց նաև Բեռլինի ազատ համալսարանի յուրահատուկ ճարտարապետությունը, մասնաշենքերը, ուսանողական հանրակացարանի պայմանները, արտալսարանային զբաղմունքները, օրինակ՝ տաղանդավոր ուսանողներից կազմված համալսարանի նվագախումբը, սպորտային ծրագրերը:
Նշենք, որ Բեռլինի ազատ համալսարանի ընձեռած հնարավորություններից օգտվելու հնարավորություն ունեն նաև ԵՊՀ դասախոսները՝ այնտեղ հանդես գալով դասախոսություններով, իսկ հետազոտողները դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կարող են կատարել հետազոտական աշխատանքներ:
Հանդիպման ավարտին Թոբիաս Շտուդեմանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ուսումնառության ընթացքում Գերմանիայում բնակվելու ժամանակահատվածին, ուսումն ու աշխատանքը համատեղելուն: