Января 07, 2025 | 12:42
Образование
Студенческий
Трудолюбие, правильное планирование времени и настойчивость. История успеха студентки ЕГУ Лиды Егиазарян
Студенческая жизнь содержит не только много вызовов, но и больших возможностей, которые способствуют профессиональному развитию. Студентка ЕГУ Лида Егиазарян рассказала о препятствиях и успехах, встречающихся на пути к становлению в качестве специалиста, и о том, как важно быть целеустремленным и всегда стремиться к лучшему.
ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման այս տարվա մրցույթի ԵՊՀ մրցանակակիր ուսանողներից է Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Լիդա Եղիազարյանը։ Նա նշում է, որ մասնագիտության ընտրության հարցում իրեն ոգեշնչել է հայտնի հոգեբան և հոգեթերապևտ Էլդա Գրինը, որի աշխատանքները հիմնականում կենտրոնացած են հոգեբուժության, հոգեթերապիայի և անձնական զարգացման վրա։
Ուսանողական առաջին տարիների մարտահրավերները
Ինչպես շատ ուսանողներ, այնպես էլ Լիդան առաջին կուրսում բախվել է համալսարանական կյանքի դժվարություններին՝ նոր միջավայր, հարմարվելու խնդիր, նոր՝ ուսանողական կյանք։ Նա այս ամենը հաղթահարել է՝ աջակցություն ստանալով ընտանիքից, ընկերներից, ինչպես նաև՝ շնորհիվ իր ինքնակազմակերպվածության։ Ներկայում Լիդան իր ուսանողական կյանքը նկարագրում է մեկ բառով՝ ֆանտաստիկ։
«Իմ հաջողություններում իր ուրույն դերն ունի Ուսանողական խորհուրդը, որի շնորհիվ յուրաքանչյուր օրս ակտիվ է անցնում` լի ջերմ ու հաճելի հույզերով։ Ուսանողական կյանքը «գունավորվում է» ժամանցային տարբեր միջոցառումներին մասնակցելու շնորհիվ, ինչպես նաև նոր, յուրօրինակ գաղափարներ իրագործելով, ուսանողական խենթություններով։ Ըստ իս՝ ուսանողը նա է, ով կարողանում է համադրել տարբեր աշխատանքներ և զբաղմունքներ։ Ուսանողական գերակտիվ կյանքիս զուգահեռ՝ ներգրավված եմ նաև գիտական տարբեր միջոցառումներում։ Գիտաժողովներին և տարատեսակ սեմինարներին մասնակցությունս չի սահմանափակվում միայն համալսարանով։ Փորձում եմ առավելագույնս ներգրավվել մասնագիտական տարբեր համաժողովներում, սեմինարներում, վերապատրաստումներում»,- նշում է Լիդան։
Ժամանակի կառավարումը՝ հաջողության բանալի
Այն հարցին, թե ինչպես է կարողանում կազմակերպել իր օրը, Լիդան նշում է, որ ժամանակի ճիշտ կառավարումն իր հաջողությունների գլխավոր գաղտնիքն է։ Աշխատանքները պլանավորելը և ամեն ինչ ժամանակին հասցնելու կարողությունը հնարավորություն են տալիս նրան եռանդով և խանդավառությամբ իրագործելու իր նպատակները։
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնագիտության հիմնասյունը հիմնարար և խորքային կրթությունն է, որը ստանում ենք ԵՊՀ-ում։ Ես իմ մասնագիտության մասին ամբողջական պատկերացում եմ կազմել հենց կրթության շնորհիվ, ինչն էլ հիմք է դառնում զարգացնելու մասնագիտական կարողություններս։ Երևանի պետական համալսարանի կրթական համակարգը ուսանողին տալիս է մասնագիտական մտածողություն, աշխարհայացք և մեթոդաբանություն լավ մասնագետ դառնալու համար»,- ընդգծում է նա։
Լիդայի հաջողությունները արդյունք են ոչ միայն ժամանակի ճիշտ կառավարման, այլև նրա խիզախության, նպատակասլացության և համառության։
Սպասումներ և ձեռքբերումներ
Պատասխանելով հարցին, թե արդյոք սպասում էր մրցույթում հաղթելուն, նա մատնանշում է․ «Իհարկե, հույս ունեի և ուզում էի, սակայն այդքան էլ վստահ չէի, որ մրցույթում հաղթող կճանաչվեմ։ Հատկանշական էր, որ մրցույթում հաջողելու մասին տեղեկացել եմ ինձ համար շատ կարևոր օրերի․ այն, որ ԵՊՀ-ից որպես հասարակագիտական ոլորտի ուսանող ե՛ս եմ անցել, իմացել եմ ծննդյանս օրը։ Իսկ արդեն մրցույթում հաղթելու մասին լուրը իմացել եմ Ամանորի նախօրեին։ Իմ սիրելի երկու տոներին ամենահաճելի նվերներն եմ ստացել»,- ժպիտով պատմում է Լիդան։
Անդրադառնալով համալսարանական տարիների իր ամենակարևոր ձեռքբերմանը, Լիդան ընդգծում է, որ ամենամեծ ձեռքբերումն իր ընկերներն են, որոնց հետ ծանոթացել է համալսարանական տարիներին և ստեղծել իր կյանքի ամենավառ հիշողությունները։
Լիդայի մոտեցումն անհաջողություններին ևս շատ հետաքրքիր է․ դրանք նա դիտարկում է որպես հնարավորություններ, ոչ թե խոչընդոտներ։ Անհաջողությունները նա համարում է սովորելու և ինքնակատարելագործվելու փուլեր, որոնք ձևավորում են իր անձնական աշխարհը։ Նա չի վախենում սխալվելուց, քանի որ դրանք նրան օգնում են ավելի ուժեղ լինել։
Գիտական գործունեությունը՝ ի նպաստ մասնագիտական ուղու ձևավորման
Խոսելով իր գիտական գործունեության մասին՝ Լիդան մատնանշում է․ «Փորձում եմ բաց չթողնել գիտական տարատեսակ սեմինարներն ու գիտաժողովները։ Այս պահին ունեմ տպագրված մեկ գիտական հոդված՝ ««Սասունցի Դավիթ» էպոսի առաջին ճյուղի հոգեբանախորհրդանշական վերլուծության փորձ» վերնագրով։ Հոդվածի թեմայի կարևորությունն այն է, որ էպոսում կարելի է գտնել հայերի ազգային բնավորության, ոգու, մտածելակերպի, վարքի և կերպարի էթնոհոգեբանական դրսևորումները, որոնց ուսումնասիրությունը կարող է նպաստել երիտասարդների էթնիկական ինքնագիտակցության և նույնականացման զարգացման նորագույն մոտեցումների համակարգմանը»:
Ուսումնառությանը զուգահեռ՝ Լիդան աշխատում է իր մասնագիտությամբ դեռ 2-րդ կուրսից և նպատակ ունի շարունակելու ուսումը մագիստրատուրայում, այնուհետև ասպիրանտուրայում։ Նա ցանկություն ունի ապագայում աշխատելու ԵՊՀ-ում որպես դասախոս։
Երաժշտության, ֆիլմերի և հոգեբանական գրքերի սիրահար Լիդա Եղիազարյանի մասին հետաքրքիր փաստեր ենք արձանագրել նաև «Ուսանողի օրագիր» խորագրով հարցարանում ընդգրկված անավարտ նախադասությունների միջոցով։ Լիդան շարունակել է անավարտ նախադասությունները հետևյալ կերպ․
Համալսարանում առաջին անգամ ճանաչել եմ իմ իսկական «ես»-ը, ինչին մեծապես նպաստել են իմ մասնագիտական գիտելիքները։
ԵՊՀ-ն ինձ համար իմ երկրորդ տունն է։
Կրթությունը համալսարանում ոչ թե պարզապես դասախոսություններ լսելն է, այլ մտածելու, քննադատական մտածողությունը զարգացնելու, խնդիրներ լուծելու, ստեղծագործելու և անձնական աճ ապահովելու գործընթաց:
ԵՊՀ-ում ինձ դուր են գալիս ուսանողությունը և նրանց ակտիվությունը։
Համալսարանում ես կներդնեի հոգեբանական աջակցության նոր ծրագրեր՝ ուսանողների բարեկեցությունն ապահովելու նպատակով:
Մեկ հետաքրքիր փաստ իմ մասին․ ես կարողանում եմ հասցնել անել այն ամենը, ինչ ուզում եմ և ինչ ինձ անհրաժեշտ է՝ կրթություն, աշխատանք, ժամանց։
Եթե կարողանայի գնալ ապագա, կնայեի իմ այսօրվա «ես»-ին և կհպարտանայի ինձնով։