Марта 19, 2025 | 12:28
Образование
Исследовательская работа
Совершенствование механизмов управления экономическими рисками Республики Армения находится в сфере научных исследований доцента ЕГУ Нонны Хачатрян
Геополитические изменения оказывают непосредственное влияние на развитие внешнеэкономических связей Армении со странами региона, в результате возникает ряд экономических рисков. Изучением таких рисков занимается доцент кафедры менеджмента и бизнеса факультета экономики и менеджмента Ереванского государственного университета Нонна Хачатрян.

Նոննա Խաչատրյանի՝ «ՀՀ տնտեսական ռիսկերի կառավարման կառուցակարգերի կատարելագործումը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով գիտական նախագիծը երաշխավորվել է ֆինանսավորման ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքում։
Ավելի քան 60 գիտական հոդվածների, հինգ ուսումնական ձեռնարկների հեղինակ, դոցենտ Նոննա Խաչատրյանը նշում է, որ տարածաշրջանային զարգացումների համատեքստում առաջ եկող տնտեսական ռիսկերի առումով ՀՀ տնտեսությունը շատ ավելի զգայուն է, քանի որ ունի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, օտարերկրյա կապիտալի էքսպանսիայի, կուտակված մարդկային կապիտալի փոշիացման, կայուն զարգացման և տնտեսական ինքնավարության կորստի ռիսկեր: Հետևաբար, կարևորվում է ՀՀ տնտեսական ռիսկերի կառավարման կառուցակարգի կատարելագործումը տարածաշրջանային զարգացումների համատեքստում։
«Կարևորում ենք կառավարման այնպիսի մոդելի մշակումը, որը հնարավորություն կստեղծի ճկուն կառավարչական որոշումներ կայացնելու երկրի տնտեսության անվտանգային համակարգում և մեղմելու տարածաշրջանային զարգացումներին առնչվող ներքին և արտաքին ռիսկերը»,- նշում է Նոննա Խաչատրյանը:
- Տիկի՛ն Խաչատրյան, ե՞րբ եք սկսել թեմայի ուսումնասիրությունը։
- Թեմայի ուսումնասիրմամբ առավել ակտիվ զբաղվում եմ վերջին երեք տարիներին։ Առանձնահատուկ պետք է նշեմ, որ մրցույթում հաղթելը էապես պայմանավորված է եղել մեր թիմային աշխատանքով։ Թիմակիցներս՝ Նարինե Միրզոյանը, Գրիգոր Հայրապետյանը, Անի Խալաթյանը և Ալիսա Գևորգյանը, կառավարման տարբեր ոլորտների՝ միջազգային տնտեսագիտության, մոդելավորման փորձառու մասնագետներ են, որոնց վերջին տարիների գիտահետազոտական գործունեությունն առնչվում է նախագծի հիմնախնդիրներին։ Համոզված եմ, որ այսպիսի թիմով նախագծի իրագործումը նույնպես հաջողությամբ կավարտվի։

- Ինչպիսի՞ մոդելներ կարող են օգտակար լինել ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման գործում, հատկապես տարածաշրջանային զարգացումների համատեքստում:
- Անկախություն ձեռք բերելուց ի վեր՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց տնտեսական շրջափակման մեջ` կորցնելով նաև նախկինում ձեռք բերված տնտեսական կապերը: Ներկա իրավիճակում տեսանելի են ՀՀ տնտեսության զարգացման նոր հնարավորություններ գլոբալ և տարածաշրջանային արագ փոփոխությունների համատեքստում: Մասնավորապես, ՀՀ-ի կողմից առաջ է քաշվում «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, աշխարհաքաղաքական ակտիվ քննարկումների փուլում են գտնվում հանրապետության տնտեսության ապաշրջափակման հարցը և տարածաշրջանային երկրների հետ տնտեսական հարաբերությունների վերանայումը: Մակրոմակարդակով տնտեսական ռիսկերի կառավարումը բխում է երկրի անվտանգային շահերից: Հայաստանի Հանրապետությունը ներկայում հայտնվել է աշխարհաքաղաքական շահերի բախման խաչմերուկում, և նման պայմաններում է՛լ ավելի է կարևորվում երկրի տնտեսական անվտանգության ապահովումը և դրան առնչվող ռիսկերի կառավարումը: Հետազոտության թիրախը տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված՝ անվտանգային ռիսկերի մոդելավորումն է, որը հնարավորություն կընձեռի ոչ միայն կանխատեսելու հնարավոր ռիսկային սոցիալ-տնտեսական հետևանքները, այլև կայացնելու կառավարչական որոշումներ դրանց կանխարգելման կամ զսպման ուղղությամբ։
- Ի՞նչ ազդեցություն ունեն տարածաշրջանային տնտեսական գործոնները ՀՀ ռիսկերի կառավարման ռազմավարության վրա։
- ՀՀ տնտեսական անվտանգության համար սպառնալիք կարող է լինել տարածաշրջանային երկրներից կապիտալի ինտենսիվ ներհոսքը բաց սահմանների պարագայում: Հայաստանն իր տնտեսական ներուժով ամենափոքրն է տարածաշրջանում և հարևանների հետ սահմանները բացելու պարագայում կարող է չդիմակայել օտարերկրյա կապիտալի ներհոսքին՝ որոշակիորեն կորցնելով տնտեսական ինքնավարությունը: Ուստի, հետազոտության արդյունքում առաջարկվելու են տնտեսական «անվտանգային բարձիկներ»` դիմակայելու տարածաշրջանային կապիտալի ճնշումներին:
- Որքանո՞վ է կարևոր հաշվի առնել համաշխարհային տնտեսական միտումները, երբ զարգացնում ենք տարածաշրջանային տնտեսական ռիսկերի կառավարման մեխանիզմներ։ Ի՞նչ մարտահրավերներ կարող են ծագել այս պարագայում։
- Տնտեսական անվտանգության սպառնալիք կարող է լինել տարածաշրջանային զարգացումների արդյունքում ՀՀ-ում կուտակված մարդկային կապիտալի փոշիացումը: ՀՀ-ն առանձնանում է որակյալ մարդկային կապիտալի կուտակումներով, որոնց արտագաղթը կարող է ակտիվանալ տարածաշրջանային տնտեսական հարաբերությունների ազատականացմամբ: Այս առումով, հետազոտության են ենթակվելու ՀՀ մարդկային կապիտալի արտահոսքի և փոշիացման ռիսկերը՝ դրանք ներառելով նախատեսվող կառավարման մոդելում: Տնտեսության անվտանգության կառավարման մոդելում իրենց ուրույն տեղն են զբաղեցնելու նաև լոգիստիկ խափանումների ռիսկերը: Տարածաշրջանային ապաշրջափակումից հետո կրկին կարող են առաջանալ լոգիստիկ սահմանափակումներ, որոնք հաշվի են առնվելու հետազոտությունում և ներառվելու են տնտեսության անվտանգության ռիսկերի կառավարման մոդելում: Կայուն զարգացման խափանումները նույնպես ռիսկային են համարվում երկրի տնտեսության անվտանգության ապահովման համակարգում:
Հետազոտության արդյունքնում տրվելու են պարզաբանումներ, թե որքանով են ESG (Environmental, Social, and Governance) hայեցակարգային մոտեցումները պահպանվելու ՀՀ-ում տարածաշրջանային զարգացումների ընթացքում, և որքանով են կայուն զարգացման ռիսկերը դառնալու կառավարելի:
- Ի՞նչ վերջնարդյունքներ եք ակնկալում ծրագրից։
- Հետազոտական ծրագրի իրականացման արդյունքում կազմակերպվելու են գիտական սեմինարներ, աշխատաժողով՝ պետական գերատեսչական մարմինների և ակադեմիական համայնքի շահառուների համար, ազդեցության գործակցով միջազգային ամսագրերում (ՄԳՇ) հոդվածների հրապարակում, հետազոտության արդյունքների ներկայացում միջազգային գիտաժողովներում, մասնավորապես նախատեսվում է մասնակցել Միջազգային (RSAI) և Եվրոպական տարածաշրջանային գիտական ասոցիացիաների (ERSA) կողմից կազմակերպվող գիտաժողովներին։