- Главная
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Май 20, 2020 | 10:29
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ:
- Պարո՛ն Վարդանյան, ինչո՞ւ և ինչպե՞ս որոշվեց ստեղծել կրթական այս նոր ծրագիրը:
- Բակալավրական կրթական այս ծրագրի ստեղծմանը մենք վաղուց ենք նախապատրաստվել: Ծրագրի իրականացման հիմնական խթանն այն փաստն է, որ աշխարհում այսօր նյութական, մտավոր և ֆինանսական հսկայական ռեսուրսներ են ներառվում նանոգիտության և նանոտեխնոլոգիաների բնագավառներ, քանի որ կիրառական ձեռքբերումները մարդկային կյանքի բոլոր ոլորտներում հսկայական են և խոստանում են գայթակղիչ նոր հեռանկարներ:
Կրթական ծրագրի ստեղծումը մեզ հեշտությամբ չի տրվել, սակայն պետք է փաստել, որ դրա իրականացումը խոշոր հրամայական է մեր երկրի համար, ինչի վկայությունն է նաև զարգացած երկրների փորձը: Այս առումով նշեմ թեկուզև հետևյալ փաստը. դեռևս 1995 թ. ԱՄՆ պաշտպանության նախարարին ուղղված զեկուցման մեջ ասվում է, որ ուսումնասիրելով առաջատար գիտական հետազոտությունների լաբորատորիայի ներկայացրած տվյալները՝ կարելի է կատարյալ համոզվածությամբ պնդել, որ նանոտեխնոլոգիաներն ի վիճակի են արմատապես փոխելու ուժերի հարաբերակցությունն ավելի մեծ չափով, քան միջուկային զենքը:
Աշխարհի առաջատար երկրներն արդեն հսկայական միջոցներ են ներդրել այս ուղղությամբ կրթության և գիտական հետազոտությունների իրականացման համար: Մեր ամբիոնը և գիտահետազոտական լաբորատորիան ևս հիմնականում աշխատում են այդ բնագավառում: Մեր գործունեության երկու հիմնական ուղղություններն են նանոֆիզիկան և նյութագիտությունը՝ ռենտգենյան մեթոդների օգտագործմամբ:
Ի դեպ, պետք է փաստել, որ այսօրվա նյութագիտությունն իր բովանդակությամբ էականորեն տարբերվում է տասնամյակների ընթացքում ձևավորված նյութագիտության կարծրատիպից: Այսօր պահանջված, ցանկալի հատկություններով նյութերի ստեղծումը շատ դեպքերում իրականացվում է նանոմակարդակներում, ինչը թույլ է տալիս ստեղծել ավելի կառավարելի և կատարյալ, էներգախնայող, քիչ ծախսատար, ավելի հուսալի և հեշտ ինտեգրող սարքային տարրեր, որոնց շնորհիվ մեր կենցաղային, արդյունաբերական և գիտական սարքերը դարձել են մանրաչափային, արագագործ, բազմագործառույթ և, հետևաբար, հարմարավետ: Նանոնյութերի օգտագործման ծավալները մարդկային գործունեության բոլոր ոլորտներում աճում են շատ բարձր տեմպերով:
Այս բնագավառում մեր ամբիոնի ակտիվ գործունեության վկայությունն է այն, որ ամբիոնի և լաբորատորիայի 28 աշխատակիցներից չորսն այսօր ընդգրկված են Հայաստանի հարյուր արդյունավետ գիտաշխատողների ցուցակում: Մեր ամբիոնը յուրաքանչյուր աշխատանքային երկու շաբաթում գիտական հոդված է հրապարակում միջազգային հեղինակավոր, երկուսից բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում: Հայաստանում նմանօրինակ արդյունքներ գրանցող սակավաթիվ գիտահետազոտական կազմակերպություններ կան:
Մենք կարծում ենք, որ կրթական այս ծրագրի օգնությամբ իրապես կարող ենք մեր ուսանողներին ընդհուպ մոտեցնել հիմնարար գիտության և ճարտարագիտության այսօրվա հետազոտությունների առաջնագծին:
- Ի՞նչ հնարավորություններ է այն ընձեռելու ուսանողներին:
- Կրթական այս ծրագիրը ճանապարհ է դեպի մտավոր գործունեության և հաջողակ գործարարության ոլորտներ: Այն ապահովում է մուտք դեպի նանոգիտության և նանոտեխնոլոգիաների բնագավառներ, որոնց նվաճումները 21-րդ դարում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, էներգետիկայի, բժշկության, բնապահպանության, արհեստական բանականության և քվանտային նոր տեխնոլոգիաների ոլորտներում արդեն արմատապես փոխում են մարդկության կյանքը:
Ծրագրի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն իրականացնելու են գործող գիտնականներ: Նանոֆիզիկայի բնագավառում մեր ամբիոնում արվում են հետազոտություններ կիսահաղորդչային նանոկառուցվածքների մագնիսական, օպտիկական, կինետիկ և այլ հատկությունների վերաբերյալ և, ըստ էության, ձևավորվել է գիտական հետազոտությունների ընդգրկուն բնագավառ՝ հարակից և նույնիսկ հեռու ոլորտներ կիրառության հեռանկարներով: Օրինակ, կարող է թվալ, որ վերոնշյալ հետազոտությունները կարող են աղերս չունենալ, ասենք, օրինակ, բժշկական գիտության հետ: Մինչդեռ կիսահաղորդչային քվանտային կետերը, ածխածնային նանոխողովակները, ինչպես նաև տարբեր նանոմասնիկները, որոնց վերոնշյալ հատկությունների ուսումնասիրմամբ զբաղվում են մեր ամբիոնի և լաբորատորիայի աշխատակիցները, կարող են էականորեն առնչվել բժշկության մեջ ախտորոշման, դեղերի հասցեական մատակարարման և բուժման խնդիրներին:
Կրթական այս ծրագրի շրջանավարտները հեշտությամբ կարողանալու են գործունեություն ծավալել և դառնալ լավագույն մասնագետներ նմանատիպ շատ ոլորտներում: Վստահ ենք, որ այսպիսի մասնագետների պահանջարկը մեր երկրում շատ մեծ է լինելու, ինչպես ամբողջ աշխարհում:
- Կրթական ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար տեխնիկական հագեցվածությունն այս պահին բավարա՞ր է:
- Տեխնիկական հագեցվածությունը չի կարող երբեք բավարար լինել: Այսօր մեր աշխատակիցները կարողանում եմ փորձարարական բնույթի գիտական աշխատանքներ տպագրել միջազգային գիտական հանդեսներում, ինչը վկայում է որոշակի տեխնիկական բազայի առկայության մասին: Սակայն ժամանակակից ծրագրերի տեխնիկական և տեխնոլոգիական կատարյալ ապահովման համար մեզանում ու հետխորհրդային տարածքում բավարար հագեցվածություն չկա: Եթե որևէ մեկը հակառակն է պնդում, ուրեմն պատկերացում չունի աշխարհում կրթության և գիտության ոլորտներում ներդրումների չափի մասին: Ասվածը, սակայն, չի նշանակում, որ պետք է ոչինչ չանել: Մեր հիմնական ներուժը պրոֆեսորադասախոսական կազմի բարձր արհեստավարժությունն է, ինչը թույլ կտա պատրաստել հիմնարար գիտելիքներով երիտասարդ մասնագետներ, որոնք կկարողանան բացատրել դիտվող ֆիզիկական երևույթներ, կանխատեսել նոր երևույթներ և առաջադրել նոր գաղափարներ:
Այդպիսի մասնագետներն անհրաժեշտ տեխնոլոգիաների առկայությամբ շատ արագ և հեշտությամբ կգործարկեն ժամանակակից «խելացի» սարքեր և կիրագործեն այն գաղափարները, որոնք ծնվում են միայն հիմնարար գիտելիքի առկայությամբ: Մեր պատկերացմամբ, բարձր արհեստավարժության հիմնական երաշխիքը հիմնարար գիտելիքի կուտակումն է: Այդպիսի մասնագետները դառնում են ոլորտի առաջատարներ:
Ցավոք, պետք է նշեմ, որ հիմնարար գիտելիքի կարևորությունն այսօր մեզանում խորությամբ չի ընկալվում, և հաճախ բնագավառը լավ չպատկերացնելու հետևանքով տուրք է տրվում կիրառական «հրաշքների հայտնությանը», որոնք, հեղինակների պնդմամբ, համադարման են ամենայն խնդիրների լուծման: Կարծում եմ, որ հիմնարար գիտելիքներով մասնագետների պատրաստումը կխթանի երկրում ժամանակակից գիտատեխնիկական ենթակառուցվածքների ձեւավորումը:
- Կրթական նոր ծրագրի շրջանակում միջազգային համագործակցություն նախատեսվո՞ւմ է: Լինելո՞ւ են հրավիրյալ դասախոսներ:
- Անպայմանորեն նախատեսվում է: Մեր ամբիոնը համագործակցում է 16 երկրների գիտնականների հետ. կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, քննարկումներ, տպագրվում են համատեղ հոդվածներ, ինչը լավ հենք է այս ծրագրի հաջող իրագործման համար: Մենք նախատեսում ենք հրավիրել դասախոսներ նաև մեր երկրի գիտակրթական տարբեր կենտրոններից, ինչպեսև մեր համալսարանի տարբեր ֆակուլտետներից:
- Հետագայում այն կարո՞ղ է հիմք հանդիսանալ մագիստրոսական նոր ծրագրի ստեղծման համար:
- Այո՛: Ավելին՝ մենք եկող տարում կձեռնարկենք այս ծրագրի հենքի վրա անգլերենով գործարկվող մագիստրոսական կրթական ծրագրի ստեղծումը: Մեր ամբիոնի և լաբորատորիայի աշխատանքի արդյունավետությունը, գիտական աշխատանքների արդիականությունը և բազմազանությունը, ինչպես նաև մեր գիտնականների միջազգային հեղինակությունը կարող են գրավիչ լինել տարածաշրջանի շատ երկրների՝ մագիստրոսական կրթություն ստանալու ցանկություն ունեցող երիտասարդների համար:
Այս բնագավառում նման ծրագիրն, ըստ իս, ունի հաջողելու մեծ հավանականություն:
- Ե՞րբ է գործարկվելու ծրագիրը:
- Ծրագիրը գործարկվելու է 2020 թ. սեպտեմբերից: Ընդունելության համար հատկացված տեղերը, իմ կարծիքով, քիչ են: Հատկացվել են 5 անվճար և 15 վճարովի տեղեր, բայց վստահ եմ, որ «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի պահանջվածությունը հետագայում մեծանալու է:
Քնար Միսակյան