- Главная
- Node
- ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԽԹԱՆ. ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Марта 02, 2022 | 16:50
Հասարակություն
ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԽԹԱՆ. ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ, նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները և ընդլայնման հեռանկարը: Այնուհետև դեսպանն այցելել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ և ուսանողներին ներկայացրել Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի մասին:
Ողջունելով դեսպանին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց ԵՊՀ-ի զարգացմանն ու միջազգայնացմանն ուղղված ծրագրերը՝ նշելով, որ արվում է ամեն ինչ՝ տրամադրելու որակյալ կրթություն և ապահովելու նորարարական ու միջազգայնորեն մրցունակ հետազոտություններ իրականացնելու միջավայր:
Հ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ում սովորում են ճապոնացի ուսանողներ, դասավանդվում է ճապոներեն, որի նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը բավականին մեծ է:
Դեսպան Ֆուկուշիման ասաց, որ ԵՊՀ-ն իրավամբ Հայաստանի ամենաազդեցիկ բուհն է, նշեց, որ Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է, ինչի վկայությունն են կառավարության կողմից իրագործված աջակցության բազմաթիվ ծրագրերը:
Ըստ դիվանագետի՝ իրենց համար առաջնային են երկու երկրների միջև տնտեսական, մշակութային ու գիտական հարաբերությունների զարգացումը, երիտասարդների միջև փոխանակման ծրագրերի իրականացումը: Նա վստահեցրեց, որ պատրաստ են աջակցել դրանց իրագործմանն ուղղված նախաձեռնություններին:
Հ. Հովհաննիսյանն արձագանքեց, որ ուսանողների փոխանակումն իսկապես շատ կարևոր է, սակայն կարևոր են նաև դասախոսների փոխանակումը, համատեղ հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև ակադեմիական և մշակութային միջոցառումների անցկացումը:
Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը ներկայացրեց ԵՊՀ-ի և Ճապոնիայի համալսարանների միջև առկա համագործակցությունը՝ նշելով, որ այս պահին գործում է 3 համաձայնագիր: Ա. Մարգարովն ասաց, որ ԵՊՀ-ն բաց է համագործակցության համար և սիրով պատրաստ է նոր կապեր հաստատել:
Կողմերը քննարկեցին մի քանի նոր գաղափար ու ծրագիր, որոնց իրագործումը կամրապնդի երկկողմ համագործակցությունը, կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:
Այնուհետև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանն այցելեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, հանդիպեց ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը ներկայացրեց հայ-ճապոնական հարաբերությունների պատմությունը, առանձնահատկություններն ու զարգացման հեռանկարը:
Դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարարության («MEXT») ծրագիրը, որը կրթաթոշակներ է սահմանում ճապոնական համալսարաններում սովորել ցանկացողներին:
Նրա խոսքով, այդ ծրագրի նպատակն է խթանել մարդկային ռեսուրսները, որոնք դառնալու են բարեկամության կամուրջ դրամաշնորհառու երկրի և Ճապոնիայի միջև՝ նպաստելով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:
Ծրագրի մանրամասներն այստեղ՝ https://bit.ly/3C8RNB6