- Главная
- Node
- ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ
Май 04, 2022 | 17:31
Կրթություն
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ
Մասնագիտական կողմնորոշման նպատակով ավագ դպրոցների աշակերտները շարունակում են հանդիպել Մայր բուհի դասախոսների հետ, լսել տարբեր թեմաներով դասախոսություններ, կատարել գիտափորձեր, շոշափել արդիական թեմաներ, ծավալել բովանդակային քննարկումներ:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանն այցելեց Երևանի թիվ 187 և Առինջի միջնակարգ դպրոցներ՝ ներկայացնելու ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ֆակուլտետում տեղ ունեցած բարեփոխումները, ֆիզկայի բնագավառի նորարությունները: Հանդիպման ընթացքում պրոֆեսորը ներկայացրել է «Լազերների կիրառությունները» թեմայով դասախոսություն: Դեկանին ուղեկցում էին ֆիզիայի ֆակուլտետի առաջին կուրսի 2 ուսանողներ:
Մասնագիտական կողմնորոշման նպատակով Ռ. Հակոբյանը հեռավար /Zoom հարթակ/ հանդիպում ունեցավ Գորիսի թիվ 4, Կապանի թիվ 2, Կապանի թիվ 9, Սիսիանի, Սյունիքի, Վայքի, Եղեգնաձորի ավագ դպրոցների, ինչպես նաև Կապանի թիվ 3, Մեղրիի թիվ 1, Մեղրիի թիվ 2, Քաջարանի թիվ 1, Քաջարանի թիվ 2, Ագարակի միջնակարգ դպրոցների տարբեր դասարանների աշակերտների և ֆիզիկայի ուսուցիչների հետ:
Ռաֆիկ Հակոբյանը նույն նպատակով այցելեց նաև Երևանի «Քվանտ» վարժարան, որտեղ ներկայացրեց «Ֆիզիկայի ժամանակակից պրոբլեմները» թեմայով դասախոսություն:
Ֆակուլտետի դեկանը «Արդի ֆիզիկան՝ որպես հետաքրքրությունների և մտածողության արգասիք» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ նաև Ճամբարակ և Բերդ համայնքների ավագ և միջնակարգ դպրոցներում:
Ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Արամ Սահարյանը բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողների հետ այցելեց Երևանի թիվ 142 ավագ դպրոց։ Այցը նվիրված էր Տիեզերագնացության միջազգային օրվան։ Գուրգեն Սահարյանը դասախոսություն կարդաց «Ինչպե՞ս է ընդարձակվում Տիեզերքը և ինչո՞ւ» թեմայով, ներկայացրեց տիեզերագիտության պատմության համառոտ նկարագրությունը, ժամանակակից տիեզերագիտության նվաճումները, կրթական ծրագրերը և առկա խնդիրները։
Երևանի թիվ 54 ավագ դպրոցի աշակերտները դպրոցի՝ ֆիզիկայի ուսուցչուհու ուղեկցությամբ հյուընկալվեցին Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի՝ մեխանիկայի լաբորատորիայում, որտեղ անցկացվեց բաց դաս՝ նվիրված մարմնի իմպուլսին և իմպուլսի պահպանման օրենքին: Իմպուլսի պահպանման օրենքի վերաբերյալ երկու փորձ անցկացվեց: Ավագ լաբորանտ Մ. Ստեփանյանի օժանդակությամբ աշակերտները ակտիվորեն մասնակցեցին փորձերի ընթացքին: Այցի ավարտին մասնակիցները քննարկեցին ստացված փորձնական արդյունքները, ապա պատասխանեցին թեմային առնչվող հարցերի:
Մասնագիտական կողմնորոշման նպատակով Երևանի թիվ 142 ավագ դպրոցի աշակերտները այցելեցին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ: Հանդիպման ընթացքում աստված. գիտ. թեկն. Դիանա Ծաղիկյանը աշակերտներին ներկայացրեց աստվածաբանության նշանակությունը, աստվածաբանության՝ որպես գիտության զարգացումը, ապա՝ աստվածաբանության ներքին բաժանումները՝ տեսական, պատմական, գործնական: Հանդիպման ընթացքում Դ. Ծաղիկյանը պատասխանեց աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին քրիստոնեական բարոյագիտությանը: Հանդիպման հաջորդ հատվածում ներկայացվեցին առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների ծեսերը և դրանց միջև եղած տարբերությունները: Աշակերտները նաև լսեցին պատմություններ մի շարք ուսուցիչների և վարդապետների մասին (Մեսրոպ Մաշտոց, Եզնիկ Կողբացի, Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի և այլք)՝ վերստին արժևորելով նրանց կատարած գործն ու ունեցած առաքելությունը:
Երևանի թիվ 198 ավագ դպրոցի աշակերտները հանդիպեցին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի հետ: Հանդիպման ընթացքում Ս. Մուրադյանը աշակերտներին ներկայցրեց Հովհաննես Թումանյանի կյանքին ու ստեղծագործական ուղուն վերաբերող տեղեկություններ: Կարևորելով աշակերտների հետ հանդիպումների դերը՝ նա նշեց. «Շատ կարևոր են այսպիսի հանդիպումները: Աշակերտները կարող են հայ հանճարի մասին իմանալ ոչ դասագրքային տեղեկություններ: Նրանք Թումանյանի մասին լսում են տեղեկություններ, որոնք մեզ են փոխանցվել, ինչպես օրինակ, Մ. Մկրյանից, Էդ. Ջրբաշյանից»:
Երևանի թիվ 42 ավագ դպրոցի աշակերտները այցելեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ:
Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան ֆակուլտետի կառուցվածքին, լսեցին «Անչափասների իրավունքը» թեմայով դասախոսություն, ապա շրջեցին ֆակուլտետով:
Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի խոսքով՝ այցի նպատակը պարզապես ֆակուլտետը ներկայացնելը չէ: «Շատ ավելի կարևոր է, որ ապագա դիմորդը պատկերացնի, թե ուր է գնալու և ընդունվելուց հետո ինչ է իրեն սպասվում ոչ միայն համալսարանում, այլև արտերկրում ուսումը շարունակելու դեպքում, ինչո՞ւ ոչ, նաև աշխատանքի անցնելիս»,- նշեց Գ. Ղազինյանը:
Հատկանշական է, որ դասախոսության թեման առաջարկվել էր դպրոցի կողմից: Կարևորելով աշակերտների այցերը՝ ֆակուլտետի փոխդեկան Աննա Մարգարյանը նշեց, որ դրանք նպաստում են աշակերտների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը: «Այցերի ընթացքում աշակերտներին ծանոթացնում ենք իրավունքի հիմնական ճյուղերին՝ անկյուանաքար դիտելով այն ոլորտները, որոնք առավելապես առնչվում են իրենց կամ միտված են իրենց պաշտպանությանը: Հարցուպատասխանի ձևաչափը հնարավորություն է տալիս, որ մենք արձագանքենք իրենց հետաքրքրող հարցերին»,- ընդգծեց Ա. Մարգարյանը:
Մասնագիտական կողմնորոշման նպատակով թիվ 16 ավագ դպրոցի աշակերտները այցելեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ: Այցի ընթացքում աշակերտները լսեցին դասախոսություն՝ «Գենետիկա և բջջաբանություն» թեմայով:
Գյումրիի Ֆոտոն վարժարանի աշակերտներն այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան և ռադիոֆիզիկայի ֆակուլտետ: Այցի ընթացքում նրանք լսեցին «Ռադիոֆիզիկայի և նանոտեխնոլոգիաների նորագույն նվաճումները» թեմայով դասախոսություն:
Այցերի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ: