- Главная
- Node
- ԿԱՅԱՑԵԼ Է «ՖԻԶԻԿԱՆ ՈՒ ՄԵՆՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ
Августа 23, 2022 | 11:03
Կրթություն
Գիտություն
ԿԱՅԱՑԵԼ Է «ՖԻԶԻԿԱՆ ՈՒ ՄԵՆՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ
Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից մոտ 30 աշակերտներ ու բուհերի ցածր կուրսերի ուսանողներ, մասնակցելով ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում կայացած «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարին, հնարավորություն են ունեցել ծանոթանալու ֆիզիկայի կիրառական տարբեր խնդիրների գործնական լուծումներին։
Ճամբարում անցկացրած հինգ օրերի ընթացքում մասնակիցները կառուցել են ժամանակակից սարքեր, որոնք հետագա մշակման պարագայում կարող են արտադրանք դառնալ։Փորձառու մարզիչների օգնությամբ նրանք իրականացրել են լազերային 2D տպիչ սարքի նախագիծ։
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆ․մ․գ․դ․ Ռաֆիկ Հակոբյանը մասնակիցներին ներկայացրել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և նրա շրջանակում կազմակերպվող միջոցառումները։
«Ճամբարը հնարավորություն է տալիս ոչ միայն ձեռք բերելու խոր գիտելիքներ, այլև ներգրավվելու գիտահետազոտական գործընթացում, տեսնելու, թե գիտությունն ինչպես է կապվում նորարարություններին»,- ասել է դեկանը։
Ռաֆիկ Հակոբյանը նաև ընդգծել է, որ ճամբարը նպատակ ունի կամուրջ դառնալու ակադեմիական և կիրառական գիտության մեջ, որով կքայլեն երիտասարդները՝ սերտելով կյանքում գիտության կարևոր դերը։
«Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարի գլխավոր կազմակերպիչ, ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Գոռ Չալյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ճամբարի կազմակերպման կարևորությանը, նշեց, որ մասնակիցները հնարավորություն են ունեցել ֆիզիկայի բնագավառում արդյունաբերական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծանոթանալու։
Ճամբարի ավարտին մասնակիցներն ստացել են հավաստագրեր, իսկ մարզիչները՝ շնորհակալագրեր։
Նշենք, որ «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարի կազմակերպիչներն են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին առընթեր գործող Օպտիկների միջազգային կազմակերպությունների (OPTICA և SPIE) մասնաճյուղերը` «YSO Student Chapter»-ը և «IPR Armenia Optica Student Chapter»-ը։
Երկրորդ տարին անընդմեջ ճամբարը հովանավորում է «Thorlabs» օպտիկայի ընկերությունը։