- Գլխավոր
- Նորություններ
- Մանրէաբանության և էներգետիկ փոխանակության ժամանակակից դասերը՝ պրոֆեսոր Նաթի մեկնաբանությամբ
Հունվար 13, 2025 | 10:30
Գիտություն
Կրթական ծրագրեր
Հետազոտություն
Մանրէաբանության և էներգետիկ փոխանակության ժամանակակից դասերը՝ պրոֆեսոր Նաթի մեկնաբանությամբ
Մանրէաբանության և կենսաքիմիայի ոլորտներում գիտահետազոտական համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և ոլորտի արդիական թեմաների շուրջ դասախոսություններով հանդես գալու նպատակով ԵՊՀ էր հրավիրվել Դելիի տեխնոլոգիական ինստիտուտի (Հնդկաստան) ճանաչված գիտնական, պրոֆեսոր Սունիլ Նաթը։ ԵՊՀ ներքին գիտակրթական դրամաշնորհային ծրագրի շրջանակում կատարած այցի ընթացքում նա ներկայացրել է նաև դասախոսություն՝ «Մանրէների ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի սկզբունքներ» թեմայով։
Մանրէների ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի առաջատար մասնագետի հետ զրուցել ենք մանրէաբանական ուսումնասիրությունների արդիականության, նյութափոխանակության խանգարումների պատճառների և նրա հեղինակած «Նաթի 2 իոնային տեսության» գաղափարների մասին։
- Ո՞րն է մանրէների ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ուսումնասիրման հիմնական նպատակը։
- Մանրէների ֆիզիոլոգիան և կենսաքիմիան կապ ունեն գիտական բազմաթիվ ուղղությունների հետ՝ սկսած քաղցկեղի հետազոտություններից մինչև արտադրական գործընթացներ։ Եթե հարցին նայենք ֆունդամենտալ տեսանկյունից, ապա այստեղ առնչվում ենք նյութափոխանակության և էվոլյուցիայի հետ։ Նախկինում գիտական աշխարհում գերիշխող տեսակետ կար, որ քաղցկեղը գենետիկական խնդիրների հետևանք է, սակայն այժմ ավելի խորքային ըմբռնում կա, որ այն նյութափոխանակության խանգարումների արդյունք է։ Այս առումով ամենակարևոր դերակատարությունը միտոքոնդրիումների կողմից ԱԵՖ-ի (ադենոզինեռֆոսֆատ) սինթեզն է։
ԱԵՖ-ը, որը արտադրվում է միտոքոնդրիումներում, բջջից դուրս է գալիս և օգտագործվում է մեր մկաններում էներգիայի պահանջարկի ապահովման համար, սնվելու և ցանկացած այլ գործողություն կատարելիս։ Մարդու օրգանիզմը օրական արտադրում է շուրջ 75 կիլոգրամ ԱԵՖ՝ կենսագործունեությունը պահպանելու համար։ Նյութափոխանակային գործընթացների խանգարումները հանդիսանում են մի շարք հիվանդությունների (ներառյալ քաղցկեղը) պատճառ։ Այս ուսումնասիրությունները թույլ են տալիս հասկանալ նաև, թե որտեղից են ծագում հիվանդությունները, որոնք նախկինում անբացատրելի էին թվում։
- Մանրէների ֆիզիոլոգիայի հիմնական սկզբունքների իմացությունը որքանո՞վ է կարևոր ուսանողների համար։
- Այս թեման ոչ միայն կարևոր է ուսանողների, այլև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են կենսաբանական գիտություններով։ Մանրէների ուսումնասիրությունը մանրադիտակով միայն կառուցվածքային պատկեր է տալիս, բայց դրանց ֆունկցիաները (սպիտակուցների և ֆերմենտների աշխատանքը) ավելի խորքային մոտեցում են պահանջում։ Դրա համար կենսաբանական համակարգերի ըմբռնումը պահանջում է ֆիզիկական, քիմիական և կենսաբանական պրոցեսների համադրություն։
Մանրէների էներգետիկ փոխանակության ուսումնասիրությունը կարևոր է բոլոր կենդանի օրգանիզմների համար։ Նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ ներկայում մենք կարողանում ենք հետ գնալ միլիոնավոր տարիներ և հասկանալ, թե ինչպես են նյութափոխանակության գործընթացները զարգացել։ Տեխնոլոգիական առաջընթացը թույլ է տալիս պարզել էներգետիկ փոխանակության և էվոլյուցիոն փոփոխությունների խորքային պատճառները։
- Մանրէների ուսումնասիրության ոլորտում ի՞նչ նորարարություններ կառանձնացնեք։
- 1990-ական թվականներին թե՛ Հնդկաստանը, թե՛ Հայաստանը կանգնած էին գիտության զարգացման միանման խնդիրների առաջ՝ սարքավորումների և ֆինանսավորման սղություն։ Սակայն այսօր մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Գերճշգրիտ սարքավորումները դարձել են ժամանակակից գիտության անբաժան մասը։ Այստեղ՝ ԵՊՀ-ում, ես տեսնում եմ բազմաթիվ արդիական սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս ստեղծելու նոր գիտելիքներ։
Նորարարության և գիտության զարգացման մեջ փոքր երկրները կարող են մեծ դեր խաղալ։ Փոքր պետությունների ուժը կրթված հասարակությունն է։ Կրթված մարդը կարող է առանց արտասահման մեկնելու իրականացնել կարևոր հետազոտություններ և զարգացնել գիտությունը հենց իր երկրում։
Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել նաև իմ սեփական տեսությունը, որը հայտնի է որպես «Նաթի 2 իոնային տեսություն»։ Այն էականորեն անդրադառնում է նյութափոխանակային պրոցեսների կարգավորմանը և դրան առնչվող մեխանիզմներին։