- Գլխավոր
- Նորություններ
- «Հաջողության գրավականը ոչ միայն ստացած կրթությունն է, այլև շարունակաբար ինքնակրթվելը»․ ԵՊՀ ուսանող Էմմա Նոնինյան
Հունվար 13, 2025 | 16:00
Մրցույթներ
Ուսանողական
«Հաջողության գրավականը ոչ միայն ստացած կրթությունն է, այլև շարունակաբար ինքնակրթվելը»․ ԵՊՀ ուսանող Էմմա Նոնինյան
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Էմմա Նոնինյանը, սովորելով «Հայոց լեզվի պատմություն և լեզվաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի երկրորդ կուրսում, իր կարևոր նպատակներից է համարում կրթությունը շարունակելը, որպես մասնագետ կայանալը՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, հմտություններ և փորձ։ Նա մատնանշում է ինքնակրթության կարևոր դերը որակյալ մասնագետ դառնալու ճանապարհին, ինչը նոր դռներ է բացում գիտակրթական ոլորտում՝ նպաստելով մասնագիտական հմտությունների զարգացմանը։
ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թ․ մրցույթի հաղթողներից է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Էմմա Նոնինյանը։ Նա պատմում է, թե ինչպես է փոփոխվել իր արժեհամակարգը ուսանողական տարիներին, և ինչպես է պատրաստվում շարունակել իր մասնագիտական ճանապարհը՝ սահմանելով նոր նպատակներ ու առաջնահերթություններ։ Նշենք, որ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողը «ԵՊՀ լավագույն ուսանող-2024» մրցույթում ևս ճանաչվել է հաղթող։
ԵՊՀ ուսանող Էմմա Նոնինյանը իր հաջողությունների և կրթական ուղու մասին խոսելիս նշում է, որ թեև այս և նախորդ մրցույթների միջև ժամանակային հեռավորությունը շատ չէ, այնուամենայնիվ ինքը հասցրել է այդ կարճ ժամանակահատվածում արձանագրել նոր հաջողություններ՝ մասնակցելով գիտական միջոցառումների և սոցիալական նախագծերի։
«Նոր գիտաժողովներ, նոր զեկուցումներ, հասարակական, կրթական, մասնագիտական նոր հաջողություններ․․․ Շուտով կավարտեմ նաև մագիստրատուրան՝ այդուհետ հաջորդաբար իրագործելով նպատակներս»,- ընդգծում է նա։
Կարևոր է մասնագիտությանը նվիրվել անմնացորդ, սովորել և սովորածը կիրառել գործնականում․․․
Էմմայի խոսքով՝ թե՛ ուսման ժամանակ, թե՛ հասարակական գործունեության ընթացքում, թե՛ աշխատանքում բազմաթիվ մարտահրավերներ են եղել, որոնք ընդունել է սիրով՝ գիտակցելով, որ դրանք հաղթահարելով՝ առավել ուժեղ և կայացած է դառնում։
«Կարևոր նպատակներիցս է որակյալ և մրցունակ մասնագետ դառնալը։ Վերջերս որպես կրտսեր հետազոտող զեկուցում եմ ներկայացրել Մատենադարանի միջնադարագիտական միջազգային գիտաժողովում, ինչը ևս մեկ կարևոր քայլ էր գիտության ոլորտում»,- նշում է նա։
Էմմայի երբեմնի երազանքներից է եղել լավ ուսուցիչ կամ դասախոս դառնալը, իսկ երազանքների իրականացման գործում նրան օգնում են կրթությունն ու աշխատանքը։ Նա վստահ է, որ ցանկացած մարդու լավ ապագայի գրավականը ոչ միայն ստացած կրթությունն է, այլև շարունակաբար ինքնակրթվելը, երբեք նույն տեղում չկանգնելը, եղածով չսահմանափակվելը։
Արժեհամակարգի ձևավորումը սկսվում է ընտանիքից, ապա շարունակվում դպրոցում, համալսարանում...
«Այս հարցում ևս պարտական եմ ընտանիքիս, ապա՝ Օձունի №1 միջնակարգ դպրոցին, որտեղ կերտվել են ապագա հաջողություններս, որտեղ առաջինն են հավատացել ինձ և թևեր տվել, անգամ համալսարանական տարիներին մշտապես եղել են կողքիս և անկեղծորեն ուրախացել իմ յուրաքանչյուր հաջողությամբ։ Եվ այսօր ես հպարտորեն եմ ասում, որ Օձունի №1 միջնակարգ դպրոցի շրջանավարտ եմ։ Հաջորդ կարևոր օղակը Երևանի պետական համալսարանն է, որտեղ իմ արժեքային համակարգն ավելի ամրապնդվեց, սկսեցի ավելի լավ ճանաչել թե՛ ինձ, թե՛ ինձ շրջապատող մարդկանց։ Դասախոսներս ինձ սովորեցրին երբեք չնահանջել, առաջ գնալու նորանոր ուղիներ որոնել։ ԵՊՀ-ում բարձրագույն կրթություն ստանալու որոշումը կյանքիս լավագույն որոշումներից է»,- անկեղծանում է Էմման։
Խոսելով իր համար կարևորագույն արժեքների մասին՝ Էմման ընդգծում է․ «Սիրել ընտանիքդ և հայրենիքդ, նվիրվել մասնագիտությանդ․ սրանք են անքակտելիորեն միմյանց կապված այն արժեքները, որոնք ուղենշում են իմ կյանքի ճանապարհը»։
Էմման շարունակել է նաև «Ուսանողի օրագիր» խորագրով հարցարանում ընդգրկված անավարտ նախադասությունները՝ դրանք ավարտուն դարձնելով հետևյալ կերպ։
Սովորելու ընթացքում ինձ իսկապես զարմացրեց իմ կամքի ուժը։
Հաջողություն եմ համարում ոչ միայն գրանցած արդյունքը, այլև դրան հասնելու համար անցած ճանապարհը, որի ընթացքում բազմապատկվում են ուժերդ։
Նշանակալի հաղթանակ է այն, երբ կարողանում ես հասնել ինքդ քո առջև դրված նպատակներին։
Ուսանողական տարիներին ամենամեծ դասը, որ ստացել եմ, սեփական կարողությունները չթերագնահատելը, ինչպես նաև սեփական ուժերին հավատալն է։
Եթե կարողանայի նորից անցնել իմ ուսանողական ճանապարհը, ապա ոչինչ չէի փոխի։
Համալսարանական կյանքն ինձ սովորեցրել է պայքարել։
Անկախ ամեն ինչից՝ ես միշտ կհիշեմ, որ իմ գրանցած հաջողությունների համար պարտական եմ ԵՊՀ-ին։