Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ամերիկահայ վաստակաշատ սոցիոլոգ, պրոֆեսոր Էդվարդ Աշոդ Թիրյաքյանը (Edward A. Tiryakian)։
Համաշխարհային սոցիոլոգիայի ոլորտում մեծ ավանդ ունեցած պրոֆեսոր Թիրյաքյանը ծնվել է 1929 թ. օգոստոսի 6-ին Բրոնքսվիլում (Նյու Յորք), հայ ընտանիքում։ Նրա ակադեմիական ուղին նշանավոր է և ազդեցիկ:
Էդվարդ Թիրաքյանը 1952 թ․ գերազանցությամբ ավարտել է Փրինսթոնի համալսարանը և 1956 թ․ ստացել Հարվարդի համալսարանի սոցիոլոգիայի դոկտորի (Ph.D.) կոչում: Իր ակադեմիական կարիերայի ընթացքում Էդվարդ Թիրյաքյանը տարբեր պատվավոր պաշտոններ է զբաղեցրել Փրինսթոնի, Հարվարդի և հատկապես Դյուկի համալսարաններում, որտեղ աշխատել է որպես ամբիոնի վարիչ և միջազգային հետազոտությունների ղեկավար՝ առանցքային դերակատարում ունենալով համալսարանի միջազգային համագործություններում:
Պրոֆեսոր Թիրյաքյանի գիտական գործունեությունն ընդգրկում է սոցիոլոգիական հիմնախնդիրների ամենալայն տիրույթը: Մեծ և նշանակալի է նրա ներդրումը էքզիստենցիալ ֆենոմենոլոգիական սոցիոլոգիայի զարգացման գործում, ինչպես նաև կրոնի, մշակույթի, ազգայնականության, էթնիկ հակամարտությունների, աղետների և սոցիալական փոփոխությունների ուսումնասիրության գործում:
Պրոֆեսոր Թիրյաքյանը, իր ակադեմիական նվաճումներից բացի, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սիրելի գործընկերն էր: Կրթության և հայկական ժառանգության հանդեպ իր նվիրվածության արտացոլումն էր ֆակուլտետին իր անձնական գրադարանի նվիրատվությունը, որը զգալիորեն հարստացրեց ֆակուլտետի ռեսուրսները և ոգեշնչեց սոցիոլոգների ապագա սերունդներին:
Վշտակցում ենք նրա ընտանիքին և գործընկերներին՝ միաժամանակ հպարտությամբ հիշելով պրոֆեսոր Թիրյաքյանի անգնահատելի ավանդը սոցիոլոգիայի զարգացման գործում: Նրա գիտական ժառանգությունը և մարդկային վեհանձնությունը մշտապես կմնան որպես ոգեշնչման աղբյուր գալիք սերունդների համար: