- Главная
- Node
- Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերները. վտանգներ և հնարավորություններ
Февраля 11, 2025 | 10:00
Գիտություն
Կրթություն
Հասարակություն
Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերները. վտանգներ և հնարավորություններ
Ժողովրդագրությունը ոչ միայն գիտություն է բնակչության թվի մասին, այլև այն հիմնասյունը, որի միջոցով կանխորոշվում է երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային ապագան։ Այսօր Հայաստանը կանգնած է ժողովրդագրական լուրջ մարտահրավերների առջև, որոնք պահանջում են մանրակրկիտ ուսումնասիրություններ և լուծումներ։ Այս ամենի մասին մեզ հետ զրույցում պատմել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արամ Վարտիկյանը՝ ներկայացնելով իր տեսլականը նշյալ խնդիրների, ոլորտում երիտասարդ մասնագետների ներգրավման և համալսարանի դերի վերաբերյալ։
![](/sites/default/files/styles/large_slide/public/2025-02/01_4.jpg?h=2b6aa4c0&itok=_uwB6Nls)
Ժողովրդագրական մարտահրավերները Հայաստանում
Անդրադառնալով բնակչության թվաքանակի նվազման հետևանքներին՝ Արամ Վարտիկյանը նշեց․ «Մենք այսօր կանգնած ենք բնակչության թվաքանակի նվազման և դրա հետևանքների առջև, ինչը մեծ ազդեցություն ունի տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքի վրա։ Բնակչության թվի խաթարումը Հայաստանում մեծապես կապված է սոցիալական և տնտեսական խնդիրների հետ, և եթե մենք խոսում ենք ժողովրդագրական ճգնաժամի մասին, ապա չենք կարող այն զատել մեր առօրյա կյանքում տեղի ունեցող փոփոխություններից։ Բնակչության քանակական տատանումները փոխում են երկրի տնտեսական մոդելը, ազդում աշխատաշուկայի վրա և ստիպում վերանայել մեր քաղաքական առաջնահերթությունները»։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/04_5.jpg?itok=zdruhV29)
Արամ Վարտիկյանի խոսքով՝ աշխատաշուկան անմիջականորեն կապված է ժողովրդագրական տատանումների հետ։
«Նույնիսկ եթե մենք խոսում ենք այն մասին, որ աշխատաշուկան ավելի ու ավելի է ավտոմատացվում, զարգանում են տեխնոլոգիաները, այդուհանդերձ կան ոլորտներ, որտեղ մարդկային ռեսուրսը չի կարող փոխարինվել։ Մենք տեսնում ենք, որ երիտասարդության ներգրավվածությունը աշխատաշուկայում նվազում է։ Սա նշանակում է, որ մեր ամենաարդյունավետ տարիքային խումբը՝ երիտասարդները, աստիճանաբար «անհետանում են» աշխատաշուկայից։ Եվ սա լուրջ ազդակ է տնտեսության ապագայի մասին մտահոգվելու համար»,- ընդգծեց նա։
Երիտասարդ հետազոտողների դերը ժողովրդագրական ոլորտում
«Ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում ժողովրդագրությունը դիտարկվում է որպես երկրորդական ոլորտ, ինչը չափազանց վտանգավոր միտում է։ Հայաստանի պարագայում մասնագետ ժողովրդագիրներ (դեմոգրաֆներ) գրեթե չկան, իսկ երիտասարդների շատ քիչ մասն է ներգրավված ոլորտում։ Անառարկելի է այն փաստը, որ ապագան հենց երիտասարդների ձեռքերում է, բայց նրանց ներգրավվածությունն այս ոլորտում քիչ է, քանի որ հասարակությունն այս ոլորտը չի դիտարկում որպես առաջնային հետաքրքրություն, ինչը խիստ մտահոգիչ է,- մատնանշեց Ա․ Վարտիկյանը։
Նա հավելեց, որ ժողովրդագրական գիտությունն այսօր ունի մեծ ներուժ, սակայն դրա համար անհրաժեշտ է պետական և ակադեմիական աջակցության հստակ ռազմավարություն։
«Եթե մենք այսօր մտածում ենք ժողովրդագրական ճգնաժամից դուրս գալու մասին, ապա չենք կարող անտեսել երիտասարդ մասնագետների դերը։ Նրանց ներգրավումը պետք է դառնա ռազմավարական նպատակ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ տարիներով սպասել մասնագետների պատրաստմանը։ Հարկ է ստեղծել պայմաններ, որտեղ երիտասարդ մասնագետները կկարողանան միանգամից մուտք գործել գիտության և քաղաքականության ոլորտներ»,- շեշտեց նա։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/03_6.jpg?itok=_4Q2eFkx)
Համալսարանի դերը ժողովրդագրական հետազոտությունների զարգացման գործում
«Համալսարանն առանցքային դեր ունի ժողովրդագրական հետազոտությունների զարգացման գործում։ Այսօր ժողովրդագրություն դասավանդվում է աշխարհի տարբեր համալսարաններում։ Այն ներկայում ընդգրկված է համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ու սոցիոլոգիայի ֆակուլտետների կրթական ծրագրերում, սակայն մանրամասն ուսումնասիրության պակասը այնուամենայնիվ զգացվում է»,- ասաց ԵՊՀ դասախոսը։
Ա․ Վարտիկյանի կարծիքով՝ ժողովրդագրությունը պետք է դառնա միջգիտակարգային գիտություն, որը կընդգրկի տարբեր գիտություններ՝ տնտեսագիտություն, սոցիոլոգիա, քաղաքագիտություն։
«Եթե մենք ուզում ենք հասկանալ ժողովրդագրական փոփոխությունների էությունը, ապա պետք է այն ուսումնասիրենք առավել լայն համատեքստում՝ հաշվի առնելով տնտեսական գործոնները, միգրացիոն հոսքերը, կրթական համակարգի դերը։ Սա պետք է դառնա մեր գիտական և քաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչը»,- ընդգծեց ԵՊՀ դասախոսը։
Ըստ նրա՝ անհրաժեշտ են ծրագրեր, որոնք կմիավորեն երիտասարդ մասնագետներին, միջազգային փորձագետներին, տնտեսագետներին, սոցիոլոգներին, ինչի արդյունքում հնարավորություն կունենանք համապարփակ մոտեցում մշակելու մեր ժողովրդագրական ապագայի վերաբերյալ։
«Ժողովրդագրությունը միայն թվերի մասին չէ, այն մեր երկրի զարգացման հիմնական գործոններից մեկն է»,- ամփոփեց Արամ Վարտիկյանը։
Նշենք, որ Երևանի պետական համալսարանի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով գործադրելու իրենց բոլոր ջանքերը երկարաժամկետ համագործակցություն և գործընկերություն հաստատելու համար կայուն զարգացման օրակարգի, մասնավորապես ժողովրդագրական դիմակայունության, երիտասարդների զորացման, գենդերային հարցերի, տվյալների ու հետազոտության շրջանակում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջխաղացման գործում: