- Главная
- Node
- «Դասախոսը խնդրեց, որ իրեն դիմենք անունով, իսկ ազգանվամբ դիմելու տարբերակն ընդհանրապես չէր ընդունվում». ԵՊՀ ուսանողը՝ Աալենի համալսարանի մասին
Февраля 13, 2025 | 17:05
Կրթական ծրագրեր
Կրթություն
Միջազգային համագործակցություն
«Դասախոսը խնդրեց, որ իրեն դիմենք անունով, իսկ ազգանվամբ դիմելու տարբերակն ընդհանրապես չէր ընդունվում». ԵՊՀ ուսանողը՝ Աալենի համալսարանի մասին
ԵՊՀ ուսանող Ռոզա Վարդանյանը Գերմանիայում ուսումնասիրում է գերմանական հայտնի կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաև փորձում է գտնել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծումները: Նա երեք տարի սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Հանրային կառավարում» բակալավրի կրթական ծրագրով, իսկ 4-րդ կուրսում «Էրազմուս+» ծրագրի շրջանակում 6 ամսով մեկնել է Գերմանիա՝ Աալենի համալսարանում ուսումնասիրելու նաև միջազգային փորձն ու է՛լ ավելի հարստացնելու գիտելիքները:
![](/sites/default/files/styles/large_slide/public/2025-02/img_3371.jpeg?h=d318f057&itok=jyNXlspj)
Աալենի համալսարանի բիզնես կառավարման բաժնում Ռոզա Վարդանյանն ընտրել է «Մարքեթինգի հիմունքներ», «Միջազգային մարդկային ռեսուրսների կառավարում», «Մենեջմենթ» առարկաները։
«Ուսումնառության ընթացքում «Մարքեթինգի հիմունքներ» առարկայի շրջանակում վերլուծում ենք շուկայի աշխատանքը, թե ինչ ուղղություններով են իրականացվում ռազմավարությունները: Ուսումնասիրում ենք գերմանական հայտնի այնպիսի կազմակերպությունների գործունեությունը, ինչպիսիք են «Porsche»-ն ու «Mercedes»-ը։ Բացի դրանից՝ դասախոսը հաճախ օրինակներ է բերում մեր շրջապատում գտնվող սպասարկման ոլորտի կազմակերպությունների գործունեությունից՝ ցույց տալու, թե ինչպես են հաճախորդները բաժանվում տարբեր սոցիալական խմբերի»,- ասաց Ռոզա Վարդանյանը:
ԵՊՀ ուսանողը Գերմանիայում նաև պրակտիկ աշխատանքների է մասնակցում։ Նա նշեց, որ «Թվային մարքեթինգ» դասընթացի շրջանակում յուրաքանչյուր ուսանող ընտրել է որևէ կազմակերպություն և ուսումնասիրում է այդ կազմակերպության թերություններն ու ուժեղ կողմերը, ինչպես նաև մշակում է տվյալ կազմակերպության ռազմավարության հիմնական ուղղություններն ու ներկայացնում գնորդի բնութագիրը:
«Միջազգային մարդկային ռեսուրսների կառավարում» առարկայի շրջանակում էլ յուրաքանչյուր դասաժամի ընթացքում ուսանողները, բաժանվելով խմբերի, փորձում են լուծել ոլորտում առկա խնդիրները՝ որպես ՄՌԿ մասնագետներ:
Ռոզան ուսումնասիրում է նաև գիտական աշխատանք գրելու հմտություններն ու մեթոդները, ինչը կնպաստի հետագայում իր հետազոտությունները կատարելուն:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/img_0329.jpeg?itok=J_CBlOkx)
ԵՊՀ ուսանողի համոզմամբ՝ արտերկրում ուսումնառելու ամենակարևոր գործոնը միայն ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերելը չէ, այլ նաև վճռականությունն ու նպատակին հասնելու ձգտումը. «Թեպետ ես ունեմ բարձր առաջադիմություն, սակայն կարող եմ ասել, որ այն ամենակարևոր գործոնը չէ արտերկրում սովորելու համար: Ամեն ինչ կախված է այն բանից, թե որքան վճռական ես և ինչ քայլեր ես ձեռնարկում այդ նպատակին հասնելու համար: Շատ ուսանողներ գերազանց առաջադիմություն չունեն, բայց նրանց հաջողվում է ուսումը շարունակել արտասահմանում, որովհետև նրանք գիտեն, թե ինչու են ուզում ուսանել արտերկրում և ինչ են ուզում ստանալ այդ փորձից. դիմում են տարբեր կառույցների կրթաթոշակ ստանալու համար, մասնակցում միջազգային ծրագրերի, ապահովում են ծրագրին դիմելու գործընթացներում պահանջվող փաստաթղթերն ու լավ են պատրաստվում հարցազրույցներին»։
Խոսելով Աալենի համալսարանի դասախոսների վերաբերմունքից՝ ուսանողն ընդգծեց թե՛ ԵՊՀ-ում, թե՛ Աալենի համալսարանում դասախոսների հոգատար ու աջակցող մոտեցումը. «Արտերկրում ևս դասախոսները ընկերական և հարգալից վերաբերմունք ունեն ուսանողների հետ շփման ընթացքում։ Չնայած դասավանդման հիմնական լեզուն անգլերենն է, նրանք մեծ պատրաստակամությամբ օգնում են նաև գերմաներենի հետ կապված խնդիրների դեպքում՝ բացատրելով անհասկանալի հարցերը։ Դասախոսների հետ կապը հնարավոր է ոչ միայն լսարանային պայմաններում, այլև արտալսարանային հանդիպումների, էլեկտրոնային նամակների միջոցով։ Այս առումով ԵՊՀ-ի և Աալենի համալսարանի դասախոսների վերաբերմունքը հիմնականում նման է»:
Այնուամենայնիվ, արտերկրում որոշ դասախոսների հետ շփումը զարմացրել է Ռոզա Վարդանյանին: Ուսանողի ընկալմամբ՝ մշակութային շոկ էր իր համար որոշ դասախոսների չափազանց անմիջական մոտեցումը. «Ֆորմալության բացակայությունն ապշեցուցիչ էր։ Օրինակ՝ մեր առարկաներից մեկի առաջին հանդիպման ժամանակ դասախոսը խնդրեց, որ նրան դիմենք անունով, իսկ ազգանունով դիմելու տարբերակն ընդհանրապես չէր ընդունվում»:
Ռոզա Վարդանյանը, անդրադառնալով ԵՊՀ-ի և Աալենի համալսարանի տեխնիկական հագեցվածությանը, նշեց, որ երկու համալսարաններն էլ ունեն անհրաժեշտ սարքավորումները և ռեսուրսները՝ բարձր մակարդակով կրթություն ապահովելու համար. «Այնուամենայնիվ, ակնառու տարբերություններից մեկը դասավանդման մեթոդաբանությունն է։ Աալենի համալսարանում բոլոր առարկաների դասավանդման ընթացքում շեշտադրվում են պրակտիկ առաջադրանքները, թիմային և հետազոտական աշխատանքները, ինչպես նաև գործնական խնդիրների լուծումը»։
ԵՊՀ ուսանողը վստահեցնում է՝ բազմամշակութային միջավայրում ապրելը բազմաթիվ առավելություններ ունի և, ամենակարևորը, նպաստում է ազատ ու անկաշկանդ մտածողություն ունենալուն։
«Օգնում է ավելի լավ հասկանալ մարդկանց ու լինել հանդուրժող, սովորել նոր լեզուներ, իմանալ այլ երկրների ավանդույթների, տոների, ինչպես նաև սովորույթների մասին։ Այսպիսի միջավայրին հարմարվելը նաև զարգացնում է ճկունությունը, ինքնուրույնությունը։ Միակ թերությունը մշակութային շոկն է, որն այնուամենայնիվ հաղթահարում ես»,- նշում է նա և հավելում, որ արտերկրում ընդլայնվել է իր աշխարհայացքը, հետևաբար նաև հետաքրքրությունների շրջանակն է մեծացել: Գերմանիայում նա սկսել է ուսումնասիրել այնպիսի ոլորտներ, որոնցով նախկինում չի հետաքրքրվել:
Ռոզա Վարդանյանը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ ոլորտում կներդնի իր գիտելիքները, երբ վերադառնա Հայաստան, սակայն մեկ հարցում վստահ է՝ հայրենիքում կկարողանա գտնել այն ուղին, որը համապատասխանելու է իր հետաքրքրություններին ու ապագա նպատակներին։