- Главная
- Node
- ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԸ. ՊԱՏՄՈՒՄ Է ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ
Марта 21, 2023 | 11:47
Կրթություն
Գիտություն
ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԸ. ՊԱՏՄՈՒՄ Է ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ
Լիանա Ասատրյանը սովորում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում` մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Նրա հետ զրույցում անդրադարձել ենք մագիստրոսական թեզի թեմայի արդիականությանը, գրանցած հաջողություններում ընտանիքի ունեցած անգնահատելի դերին, ապագայի ծրագրերին և այլ թեմաների:
- Լիա՛նա, ինչո՞վ էր պայմանավորված լեզվաբանի մասնագիտության ընտրությունը: Ինչո՞ւ որոշեցիք կրթություն ստանալ հենց ԵՊՀ-ում:
- Ըստ էության, մասնագիտական կողմնորոշման հարցում մեծ էր ուսուցչուհուս դերը: Նրա կերպարն ու հայոց լեզվի կատարյալ իմացությունն ինձ ոգեշնչեցին դառնալու ոլորտին առնչվող մեծարժեք գիտելիքի տեր մասնագետ:
Հայաստանի գիտակրթական համակարգում ԵՊՀ ունեցած կարևոր նշանակության մասին իմանալով` ընտրեցի համալսարանը և ընդունվեցի հայ բանասիրության ֆակուլտետ: Վստահ էի, որ հենց ԵՊՀ-ում հնարավորություն կունենամ ստանալու որակյալ կրթություն և դառնալու աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մրցունակ մասնագետ:
- Վերհիշելով համալսարանում անցկացրած նախորդ տարիները` ինչպե՞ս կգնահատեք ուսանողական կյանքը:
- Բակալավրիատի առաջին կուրսից անդամակցել եմ և՛ ուսանողական խորհրդին, և՛ ուսանողական գիտական ընկերությանը: Ուսանողական կառույցների նախաձեռնությամբ կազմակերպված տարաբնույթ միջոցառումների շնորհիվ հարստացրել եմ մասնագիտական գիտելիքներս, ձեռք բերել մի շարք հմտություններ, քայլեր կատարել գիտության ասպարեզում։ Միանշանակ, երկու կառույցների դերն անգնահատելի էր ոչ ֆորմալ կրթություն ստանալու, ուսանողական ակտիվ կյանք ունենալու տեսանկյունից:
Ուսանողական տարիներին փոխվել է աշխարհայացքս, սկսել եմ այլ տեսանկյունից դիտարկել բոլոր հարցերը՝ դրանց տալով յուրօրինակ լուծումներ:
- Այժմ սովորում եք մագիստրատուրայում և պատրաստվում եք թեզի պաշտպանությանը: Թեմատիկ ի՞նչ ընդգրկում ունի այն, և ո՞րն է թեմայի ուսումնասիրության կարևորությունը:
- Մագիստրոսական թեզիս թեմայի շրջանակն ընդգրկում է երիտքերականությունը և հնդեվրոպական համեմատական լեզվաբանության 2-րդ փուլը։ Ըստ էության, այն դառնալու է փաստահավաք նյութ, որը կարդալով՝ ընթերցողը հնարավորություն կունենա մանրամասն տեղեկանալու երիտքերականների՝ լեզվաբանության զարգացման գործում ունեցած դերի մասին:
- Դուք համալսարանի այն ուսանողներից եք, որոնք համատեղում են կրթությունն ու ընտանիքը: Ինչպե՞ս եք կարողանում դա անել:
- Գիտե՞ք՝ դա կարելի է կոչել մեկ բառով` ցանկություն: Ընդհանրապես, երբ սահմանում ես նպատակներ, պետք է նաև պատրաստ լինես տարբեր դժվարությունների: Այդ նպատակներին հնարավոր է հասնել աշխատասիրության և անդադար կրթվելու շնորհիվ: Իմ դեպքում նաև ընտանիքն է եղել այն ուժը, որն օգնել է ինձ չընկրկել դժվարությունների հանդիպելիս:
- Ըստ Ձեզ` ընտանիք-հասարակություն-պետություն շղթայական կապի ամրապնդման գործում ի՞նչ դերակատարում ունեն կիրթ մայրերը:
- Պետության զարգացման գլխավոր երաշխիքներից է կիրթ հասարակություն ունենալը: Պատահական չէ, որ բոլոր ժամանակներում շարունակում է արդիական մնալ Մխիթար Գոշի հետևյալ միտքը. «Կրթված կանայք ցանկացած հասարակության համար գանձ են»: Կիրթ մարդիկ ունեն բարձր արժեհամակարգ, որի ձևավորման և զարգացման գործում անգնահատելի դեր ունի Երևանի պետական համալսարանը: Այդ մարդիկ են, որ հետագայում դառնում են վեհ արժեքների կրող ընտանիք կերտողներ, իսկ ընտանիքը հասարակության հիմքն է:
- Անդրադարձաք Ձեր նպատակներին: Կմանրամասնե՞ք:
-Իհա՛րկե: Ինձ համար կարևորագույն նպատակներից է ասպիրանտական կրթություն ստանալը: Լիահույս եմ, որ առավել խորացնելով գիտելիքներս` իմ գործունեությամբ կնպաստեմ համալսարանի և առհասարակ Հայաստանի զարգացմանը:
Մարինե Մկրտչյան