- Главная
- Node
- ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԼՍԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿՈՉՎԵՑ ԼԵԶՎԱԲԱՆ ՄԱՆՎԵԼ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ
Октября 08, 2018 | 16:50
Հասարակություն
ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԼՍԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿՈՉՎԵՑ ԼԵԶՎԱԲԱՆ ՄԱՆՎԵԼ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ
Այսօր Հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ լեզվաբան, հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մանվել Ասատրյանի անվան լսարանի բացումը:
Մեծատաղանդ լեզվաբանի ստեղծած գիտական արժեքները հայ ավանդական լեզվաբանության լավագույն ավանդույթների շարունակությունն ու զարգացումն են: Իր գիտական երկերով և հոդվածներով հեղինակն առաջինն է արձագանքել հայրենագիտության վիճահարույց հարցերի լեզվաբանական բանավեճերին:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը, Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, Հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանը, Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը, Մանվել Ասատրյանի զավակները՝ Հրաչյա և Ռուզաննա Ասատրյանները:
Միջոցառումը մեկնարկեց Արծրուն Ավագյանի բացման խոսքով. «Այսօր նշանավոր օր է բոլորիս համար, քանի որ Հայ բանասիրության ֆակուլտետում բացվելու է համալսարանի և մեր ֆակուլտետի նշանավոր դեմքերից մեկի՝ Մանվել Ասատրյանի անվան լսարանը»,- ասաց դեկանն ու շնորհավորելով բանասերներին՝ հավաստիացրեց, որ լսարանի բացումը մեկ անգամ ևս հիշեցնելու է Մանվել Ասատրյան գիտնականի վաստակը:
Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը, ով միջոցառման կազմակերպիչն էր, ներկայացրեց անվանի գիտնականի կենսագրությունն ու գիտական վաստակը:
Աբաջյանի խոսքով, Մանվել Ասատրյանը գիտնական լինելուց զատ` անփոխարինելի մանկավարժ էր, խստապահանջ դասախոս, ազնվագույն, սկզբունքային և անկողմնակալ մարդ. «Արտաքուստ խստաբարո էր թվում մեծ գիտնականը, բայց նույնքան բարի և նրբազգաց էր, կենսասեր, սրամիտ և սրախոս: Նրա խոսքը միշտ շաղախված էր նուրբ հումորով»,- պատմեց ամբիոնի վարիչն ու նշեց, որ այսուհետ միջանցքում շրջող բանասերները զգալու են մեծ լեզվաբանի շունչն ու հավերժ գոյությունը:
Մեծանուն գիտնականի արժանի սաներից մեկի՝ Ռուբեն Սաքապետոյանի բնորոշմամբ, Մ. Ասատրյանին հատուկ էր երկաթյա տրամաբանությունը, իսկ նրա յուրաքանչյուր խոսքը հիմնավորված էր. «Ես նայում եմ ներկաներին ու ափսոսում, որ չեն տեսել ու լսել նրա դասախոսությունները»:
Հուշապատումով հանդես եկավ պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ով հիշեց, որ Ասատրյանը ստեղծել էր հանիրավի մեղադրվող գրական կերպարների դատապաշտպանական խումբ. «Այդկերպ նա պաշտպանում էր հալածվող հերոսներին. արդյունքը և՛ զվարճալի, և՛ հետաքրքիր էր»:
Մանվել Ասատրյանի ժառանգ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Հրաչյա Ասատրյանը նշեց, որ հոր բնավորության կարևորագույն հատկանիշներից էր աշխատասիրությունը. «Հայրս որոշ ժամանակ եղել է մաթեմատիկայի ուսուցիչ: Նա պնդում էր, որ մաթեմատիկան և լեզվաբանությունը սերտորեն կապված են»:
Միջոցառումն ավարտվեց լսարանի բացմամբ:
Անգին Խաչատրյան