- Главная
- Node
- ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ՝ «ՇՐՋՎԱԾ ԼՍԱՐԱՆՈՒՄ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ
Декабря 18, 2018 | 16:27
Կրթություն
ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ՝ «ՇՐՋՎԱԾ ԼՍԱՐԱՆՈՒՄ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ
ԵՊՀ աշխատակիցները դեկտեմբերի 3-ից 7-ը Շվեդիայի Լինշյոպինգի համալսարանում մասնակցել են «Ակտիվ ուսուցում շրջված լսարանում» վերապատրաստման դասընթացին:
Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել է «PRINTeL» նախագծի շրջանակում, որին մասնակցել են ԵՊՀ գիտական քարտուղար, քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, Սերվիսի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գոռ Ալեքսանյանը և Փիլիսփայության պատմության ամբիոնի դոցենտ Սերոբ Խաչատրյանը:
Դասընթացի ընթացքում վերապատրաստման մասնակիցներին ներկայացվել են ակտիվ ուսուցման գաղափարը, մեթոդների ընտրանին, տեղի են ունեցել խմբային քննարկումներ՝ ներկայացված մեթոդների բարդության (մանկավարժական և թվային հմտությունների տեսանկյունից) աստիճանի սահմանման շուրջ:
Բացի դրանից՝ ներկայացվել և քննարկվել է «Շրջված դասարան» մոդելը, որն ակտիվ ուսուցման մոդել է և հիմնականում հնարավորություն է տալիս ավանդական ձևով անցկացվող դասախոսությանը մասնակցել տնից՝ մուլտիմեդիա տեխնոլոգիաների միջոցով, իսկ դասաժամին արդեն աշխատել ստացված տեղեկատվության մարսման, վերլուծության ու կիրառման վրա:
Մասնակիցների հավաստմամբ, ներկայացվող բոլոր գաղափարներն ու մեթոդները մատուցվել են գործնական և ինտերակտիվ մոտեցումներով:
Դասընթացի օրերին ոչ միայն անցկացվել են ներկայացվող գաղափարների ու դրանց կիրառման գործիքակազմի մասին ներածական ինտերակտիվ դասախոսություններ, այլև մասնակիցները կատարել են վարժություններ դրանք առավել խորությամբ ընկալելու համար («Menti», «Padlet» և այլն):
Վերապատրաստման ծրագրի շրջանակում մասնակիցների համար կազմակերպվել են նաև շրջայցեր դեպի ակտիվ ուսուցման միջավայրեր՝ ակտիվ ուսուցման դասարան, հանրային հարմարեցված տարածքներ և վիրտուալ իրականության լաբորատորիաներ:
Ըստ մասնակիցների՝ դասընթացի կարևորագույն բաղադրիչներից էր ակտիվ և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ դասընթացի ծրագիր կազմելու սկզբունքների ինտերակտիվ ուսուցման աշխատաժողովը (ABC workshop), որի տրամաբանական շարունակությունն էր նման ծրագիր կազմելու խմբային աշխատանքը (DEF lab), որտեղ Հայաստանի թիմը միասնական ծրագիր է կազմել գործընկերների շրջանում վերապատրաստումներ իրականացնելու դասընթացի վերաբերյալ:
Համաձայն «ERASMUS+ PRINTeL» նախագծի շրջանակում ստորագրված համագործակցության համաձայնագրի 2.3 կետի՝ դասընթացի մասնակիցները պարտավորվել են վերապատրաստումից հետո պատրաստել վերապատրաստման համապատասխան կուրսը և 2019 թ. հունվար-մարտ ամիսներին իրականացնել ԵՊՀ առնվազն 10 դասախոսի 5-օրյա վերապատրաստում:
Պատրաստեց Քնար Միսակյանը