- Главная
- Node
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԻՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՃԱՄԲԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Января 22, 2019 | 10:31
Հասարակություն
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԻՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՃԱՄԲԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԵՊՀ ուսանողները դեկտեմբերի 31-ին Իրանում մասնակցել են Սառցամագլցման միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպած ճամբար-դասընթացներին և Հայաստան են վերադարձել հաղթանակով:
Նշենք, որ արդեն երկու տարի է ԵՊՀ-ի «Ապառաժ» լեռնագնացության ակումբն ակտիվորեն իրականացնում է ժայռամագլցման պարապմունքներ ու կազմակերպում է միջոցառումներ: Նկատելի է ԵՊՀ ուսանողների ոգևորությունն ու ներգրավվածությունը ժայռամագլցման պարապմունքներին:
Իրանում տեղի ունեցած ճամբար-դասընթացներին մասնակցել են նաև ԵՊՀ ուսանողները: Թեև ուսանողներն անփորձ էին, բայց աչքի են ընկել համառությամբ ու տոկունությամբ:
Հայաստանի ալպինիզմի և լեռնային զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի վարչության անդամ, Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Սուրեն Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ
Նոր տարին դիմավորել են հայրենիքից դուրս, և տարվա մեկնարկին գրանցել են հաջողություններ. «Մեր ուսանողները դասընթաց-ճամբարին մասնակցում էին առաջին անգամ: Մարզումների մի մասը մարզադահլիճում էր, մյուսը՝ դրսում»:
Ուսանողները ծանոթացել են նաև սառցամագլցման գույքին, մասնակցել ժայռամագլցման պարապմունքներին և ստացել որակավորում:
Ստեփանյանի տեղեկացմամբ, դասընթացներին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած՝ ալպինիզմով հետաքրքրված և դրանով զբաղվող մարզիկներ:
Ստեփանյանի հավաստմամբ, ուսանողներն արդարացրել են իր սպասելիքները:
Նա գոհունակությամբ խոսեց նաև մարզիկների պատրաստվածության և թիմային համախմբվածության մասին. «Տանջալից աշխատանք էր, պարապմունքներն ընթանում էր առավոտից երեկո»,- նշեց մարզիչը:
Մարզիկներից Զավեն Առաքելյանը մի քանի տարի է, ինչ մասնակցում է ժայռամագլցման պարապմունքներին: Նա Սուրեն Ստեփանյանի առաջին սաներից է: Առաջին սաներից են նաև Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Սարգիս Մանուկյանը, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներ Արամ Մարկոսյանը և Վահագն Աղաբեկյանը:
Ռոմանագերմանական բանասիրության երրորդ կուրսի ուսանողն ասում է, որ Երևանի աշխարհագրական դիրքը չի խանգարում՝ բարձր գագաթներ բարձրանան.«Ժայռամագլցումը ոչ միայն սիրած զբաղմունք է, այլև՝ ապրելակերպ»:
Զավենը նպատակ ունի բարձրանալու Բիբլիական լեռը՝ Արարատը: «Յուրաքանչյուր հայի բաղձանքն է նվաճել Արարատը»,- ասում է Զավենը:
Կարևորելով լեռնագնացության դերը ապագա և ներկա սերունդների կոփման գործում՝ Ստեփանյանը նշեց. «Մեզ անհրաժեշտ են կոփված, ամուր ու պայքարող երիտասարդներ, որոնք մեր վաղվա ապագայի հենքն են կազմելու»:
Խոսելով ապագա ծրագրերի մասին ՝մարզիչը նշեց, որ մարտի երկրորդ կեսին պատրաստվում են կազմակերպել ժայռամագլցման առաջնություն, որին կմասնակցեն նաև օտարերկրյա մարզիկներ:
Անգին Խաչատրյան