- Главная
- Node
- ՆՈՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ «ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Августа 30, 2019 | 12:22
Գիտություն
ՆՈՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ «ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ-ի միջև այսօր կնքվեց պայմանագիր՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում «Աստղաֆիզիկա» մասնագիտության գծով մագիստրատուրայի ուսանողներին վարձավճար տրամադրելու նպատակով:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հյուրերն էին ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Գևորգյանը և «Աստղաֆիզիկա» մագիստրոսական ծրագրի ղեկավար Էմիլիա Կարապետյանը:
Հանդիպման ընթացքում կողմերի միջև կնքվեց պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ ՀՀ ԳԱԱ-ն ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան 2018 թվականի միջազգային գիտական մրցանակից ֆինանսական միջոցներ է հատկացնում ԵՊՀ-ին՝ 2019-2020 թթ. ուսումնական տարվա «Աստղաֆիզիկա» մագիստրոսական ծրագրով վճարովի հիմունքներով ընդունված ուսանողներին վարձավճար տրամադրելու նպատակով:
Մեզ հետ զրույցում Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, որը նաև ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնաժողովի քարտուղարն է, տեղեկացրեց, որ մրցանակի մի մասը (100.000 ԱՄՆ դոլար) տրամադրվում է Հայաստանում աստղագիտության զարգացման համար:
«Ծրագրում ներառված են գիտահետազոտական դրամաշնորհները, որոնք կարող են շահել առանձին գիտնականներ կամ գիտնականների խմբեր, գործուղումներ դեպի օտարերկրյա գիտական հայտնի կենտրոններ , որոնք ֆինանսավորվում են մեր կողմից, և գիտաժողովների ու ուսանողների աջակցության ծրագրեր»,- պարզաբանեց Ա. Միքայելյանը:
Նա նշեց, որ այսուհետ «Աստղաֆիզիկա» մասնագիտությամբ յուրաքանչյուր կուրսում մրցութային կարգով կհատկացվի երեք անվճար տեղ. «Այս ամենի շնորհիվ ավելի կմեծանա ուսանողների հոսքը դեպի մեր մասնագիտություն»:
Ա. Միքայելյանի համոզմամբ, մագիստրոսական ծրագիրը նպաստելու է աստղաֆիզիկայի զարգացմանը. «Հայաստանն աստղագիտական երկիր է, մեր նպատակն է աստղագիտությունը զարգացնել այնպես, ինչպես Վ. Համբարձումյանի ժամանակ էր: Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ ոլորտում հաջողությունները նվազեն»:
«Աստղաֆիզիկա» մագիստրոսական ծրագրի ղեկավար Էմիլիա Կարապետյանն էլ ընդգծեց, որ այս ծրագրի շնորհիվ որոշ ուսանողներ, որոնք վարձավճարի պատճառով չեն շարունակել իրենց ուսումը, հնարավորություն կստանան սովորելու անվճար. «Մեզ անհրաժեշտ են լավ մասնագետներ, իսկ այս ծրագիրը նրանց ընտրելու լավագույն տարբերակն է»:
Անգին Խաչատրյան