- Главная
- Node
- ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԴԻՄԱՎՈՐԵՑ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Сентября 03, 2019 | 09:19
Ուսանողական
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԴԻՄԱՎՈՐԵՑ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել առաջինկուրսեցիների դիմավորման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:
Հանդիսության սկզբում առաջինկուրսեցիներին ողջունեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, որը նախ շնորհավորեց Արցախի Հանրապետության հռչակման օրը, ապա՝ առաջինկուրսեցիներին՝ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
«Համալսարանական միջավայրն ամբողջանում, կատարյալ և ներկայանալի է դառնում ուսանողների ներկայությամբ,-ելույթում նշեց Նաղաշ Մարտիրոսյանը,- ուստի պետք է խնդրեմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցի համալսարանական լինելու մեծ պատիվն ու առաքելությունը»:
Նաղաշ Մարտիրոսյանը շեշտեց, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսանողները հնարավորություն կունենան ստանալու տեսական և գործնական գիտելիքներ, որոնց կգումարվի հետագա տարիների աշխատանքային փորձը, և ուսանողները կկայանան որպես մասնագետներ:
ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն ասաց, որ ուսանողներն ընդունվել են ամենալավ համալսարանի ամենալավ ֆակուլտետներից մեկը. «Հարյուրամյա համալսարանի ամենակարևոր մասնիկն ուսանողն է, և յուրաքանչյուր քայլ արվում է՝ ցուցաբերելով ուսանողակենտրոն մոտեցում: Ուսանողն էլ պետք է լավ սովորի, ունենա քննադատական միտք և ձեռք բերի հետազոտողի հմտություններ»:
Անդրադառնալով ապագա լրագրողներին՝ Էլինա Ասրիյանը շեշտեց, որ լրագրողի թերևս ամենակարևոր առաքելություններից մեկը պետք է լինի անաչառությունը, որն այսօր ոլորտին շատ է պակասում:
Այնուհետև ԵՊՀ ռեկտորի անունից բրոնզե մեդալով պարգևատրվեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Մովսեսյանը՝ «Լրագրողական մենամարտ» նախագծում ունեցած հաղթանակի համար:
Միլենա Մովսեսյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, նշեց, որ ֆակուլտետում ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն իրեն շատ օգնել են նախագծում հաղթանակի հասնելու համար:
Առաջինկուրսեցիներին ողջունեց նաև Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը:
«Ես հուսով եմ, որ համալսարանում ուսումնառության տարիները հագեցած կլինեն ստեղծագործական մտահղացումներով և ուսանողական ակտիվ կյանքով»,- նշեց Դավիթ Պետրոսյանը՝ ուսանողներին մաղթելով նորանոր հաջողություններ:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռակա 5-րդ կուրսի ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Անի Պողոսյան