- Главная
- Faculty
- Факультет европейских языков и коммуникации
- Кафедра теории и практики перевода
Кафедра теории и практики перевода
Համալսարանում «Թարգմանչական գործ» մասնագիտացումը ստեղծվել է 1992 թ․ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի (այժմ՝ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ) հիմնադրումից մեկ տարի անց: Արդեն իսկ 1999 թ. ֆակուլտետում գործում էր «Թարգմանչական գործ» առանձին մասնագիտությունը, որն ուսանողին հնարավորություն էր ընձեռում 1-ին կուրսից ուսումնասիրելու թարգմանական ոլորտի առանձնահատկությունները:
Ելնելով հայաստանյան աշխատաշուկայում թարգմանիչների մեծ պահանջարկից` 2009 թ. ստեղծվել է թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը: Ամբիոնի հիմնադիրն էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոնա Սեֆերյանը։ Վերջինիս ջանքերով ֆակուլտետում բացվել է նաև շեքսպիրագիտության կենտրոն, որտեղ մինչ այսօր բեղուն գործունեություն են ծավալում թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի դասախոսները (հրատարակվում են Շեքսպիրին նվիրված տարբեր ուսումնասիրություններ, անցկացվում են թարգմանական մրցույթներ, կազմակերպվում գիտական սեմինարներ):
Իր հիմնադրումից ի վեր ամբիոնն ուսումնական և գիտական բեղուն գործունեություն է ծավալում ֆակուլտետում` ոչ միայն պատրաստելով հմուտ թարգմանիչներ, այլ նաև տպագրելով դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գեղարվեստական թարգմանություններ, մենագրություններ և հոդվածների ժողովածուներ: Բակալավրիատում լեզվական խոր գիտելիքներ ստանալուց հետո ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն ուսումնառության 4-րդ կիսամյակում ընտրելու նեղ մասնագիտացում՝ «Թարգմանչական գործ», «Վարչագործարարական թարգմանություն» և «Զբոսաշրջային թարգմանություն» ուղղություններով՝ ձեռք բերելով հնարավորություն՝ հետագայում մագիստրատուրայի բաժնում զարգացնելու թարգմանական ոլորտի մասնագիտական գիտելիքները։
Հարկ է նշել, որ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնն առաջիններից էր, որ ձեռնարկեց և իրագործեց միջգիտակարգային կրթական մագիստրոսական 2 ծրագիր, որոնք տարբերվում են դասավանդվող առարկաների բազմազանությամբ և մասնագիտական խորությամբ, ինչպես նաև առավել ընդգրկուն ուսումնական ծրագրերով, որոնցում ներառված են ոչ միայն լեզվական և թարգմանական հմտությունները զարգացնող մասնագիտական առարկաներ, այլև մասնագիտական ոլորտի իմացության համար կարևոր պատմամշակութային, իրավատնտեսագիտական գիտելիքներ տվող դասընթացներ, ինչպիսիք են հայ եկեղեցու պատմությունը, Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային արդյունաբերությունը, միջազգային զբոսաշրջությունը, զբոսաշրջային ոլորտի մենեջմենթը, մշակութաբանությունը, զբոսաշրջիկների իրավական պաշտպանությունը, նոտարական և դատաբժշկական թարգմանությունը, իրավատնտեսական, քաղաքական թարգմանությունը և այլն:
2017 թվականից թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչն է բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզան Ղազարյանը։
Ամբիոնն իրականացնում է «Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն» բակալավրիատական և «Վարչագործարարական թարգմանություն», «Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն-հայերեն)» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Վերոնշյալ կրթական ծրագրերը եզակի են իրենց.
- միջգիտակարգային բնույթով
- դասավանդվող առարկաների բազմազանությամբ,
- լեզվական և թարգմանական հմտությունները զարգացնող մասնագիտական առարկաներով,
- տարբեր օտար լեզուների (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և ռուսերեն) համադրությամբ թարգմանական հմտությունները զարգացնող դասընթացներով,
- հայաստանյան և միջազգային տարբեր կազմակերպություններում անցկացվող մասնագիտական պրակտիկայով:
Ամբիոնի առաջնային նպատակներն են՝
- ուսանողին ապահովել լեզվական խոր գիտելիքով,
- զարգացնել ուսանողի գրավոր և բանավոր թարգմանության գործնական հմտությունները,
- ուսանողին ծանոթացնել ոլորտային թարգմանության առանձնահատկություններին (իրավաբանական, տնտեսագիտական, բժշկական, զբոսաշրջային և այլն),
- գործել հայաստանյան աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան:
Հարկ է նշել, որ 2019 թ. ամբիոնը քայլեր է ձեռնարկել՝ ընդլայնելու Երևանի պետական համալսարանի և օտարերկրյա համալսարանների միջև համագործակցությունը: Արդյունքում ստեղծվել է Եվրասիական թարգմանական համաժողովը (Eurasian Translation Congress), որի շրջանակում արտերկրյա գործընկեր համալսարանների հետ համատեղ կազմակերպվում են գիտաժողովներ՝ ապահովելու համապատասխան հարթակ թարգմանաբանական ոլորտի արդիական մի շարք հիմնախնդիրների քննարկման համար՝ հրավիրելով թարգմանաբանության, ինչպես նաև հարակից գիտակարգերի ականավոր մասնագետների։
Երևանի պետական համալսարանի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը 2022 թ․ գարնանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Վերոնայի համալսարանի օտար լեզուների և գրականության բաժնի հետ, որի շրջանակում համատեղ անցկացվում են սեմինարներ, վեբինարներ, դասախոսություններ և մի շարք այլ կրթական ծրագրեր ու գիտական միջոցառումներ:
Ամբիոնը համագործակցում է նաև Հայաստանի Հանրապետության պետական տարբեր կառույցների հետ, որի արդյունքում 2020 թ. փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ արդարադատության նախարարության հետ, և այժմ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման պատասխանատու գործընթացը վստահված է Երևանի պետական համալսարանի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնին:
Այսօր վստահաբար կարելի է ասել, որ հայ թարգմանչական դպրոցի հարուստ ավանդույթները շարունակվում են, և Երևանի պետական համալսարանի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը պահպանում և զարգացնում է դրանք: Ամբիոնում աշխատում են հանրապետության առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում: Ամբիոնի դասախոսները հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի և գիտական հոդվածների, որոնք տպագրվում են տեղական և միջազգային գիտական պարբերականներում։
2019 թ. թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը հիմնել է «Translation Studies: Theory and Practice» միջազգային գիտական պարբերականը, որը թարգմանաբանական հարցերին նվիրված միակ գիտական հանդեսն է Հայաստանում: Այն լույս է տեսնում տարեկան երկու անգամ՝ մայիսին և դեկտեմբերին և ընդգրկված է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման կոմիտեի սահմանած՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում: Պարբերականը ներառված է նաև միջազգային հեղինակավոր մի շարք շտեմարաններում՝ Linguistlist, eLibrary, IndexCopernicus, Cyberleninka, ERIHPLUS և այլն: Հանդեսում տպագրվում են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գիտակրթական հաստատություններում կատարվող գիտական աշխատանքներ՝ բացառապես անգլերենով: Խմբագրական խորհուրդը բաղկացած է լեզվաբանության և մասնավորապես թարգմանաբանության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներից։ Պարբերականը հասանելի է ինչպես տպագիր, այնպես էլ առցանց տարբերակով։
Сотрудники
Заведующий кафедрой, доцент
Профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Ассистент
Ассистент
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель