Վարչագործարարական թարգմանություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր:
Հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Սույն մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ թարգմանիչներ վարչագործարարական փաստաթղթերի թարգմանության բնագավառում՝ բարձրացնելով ԵՊՀ և ՀՀ այլ բուհերի օտար լեզուների ֆակուլտետների և մասնավորապես թարգմանչական բաժնի շրջանավարտների մասնագիտական իրազեկությունը, ինչպես նաև ձևավորել պրոֆեսիոնալ թարգմանական գործունեություն իրականացնելու հմտություններ վարչագործարարական փաստաթղթերին առնչվող տարբեր ոլորտներում։
Առավելությունները
Ներկայում վարչագործարարական փաստաթղթերի թարգմանության պահանջարկը առանձնապես մեծ է միջազգային բիզնես, տարատեսակ միջպետական իրավական գործընթացներ և վարույթներ, նոտարական գործ և այլ ոլորտներում, որոնց բոլորին էլ հատուկ է համապատասխան պաշտոնական փաստաթղթավորում։
«Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իր տեսակով եզակի է Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում, քանի որ համանման միջգիտակարգային բնույթի կրթական ծրագիր չի իրականացվում ՀՀ որևէ այլ բարձրագույն կրթական հաստատությունում։ Այն աչքի է ընկնում առարկայական ծրագրերի խորությամբ և բազմաբովանդակությամբ՝ համադրելով մի շարք մասնագիտական ոլորտների (իրավաբանական, տնտեսագիտական, քաղաքագիտական) դասավանդում՝ ուսանողների մոտ տվյալ բնագավառներում թարգմանչական հմտություններ զարգացնելու նպատակով: Սույն կրթական ծրագրի շրջանակում ուսուցանվող առարկայացանկը, ի թիվս թարգմանական գիտելիքներ և հմտություններ ձևավորող դասընթացների, ընդգրկում է նաև վերոնշյալ հարակից մասնագիտական ոլորտների հիմնարար դասընթացներ, որոնց դասավանդումն իրականացվելու է անգլերեն՝ ոլորտային առաջատար մասնագետների կողմից։
Կարիերայի հնարավորությունները
«Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների աշխատանքի տեղավորման հնարավորությունները բազմազան են, քանի որ ծրագրի ավարտին ուսանողը կունենա ամբողջական և խոր գիտելիքներ վարչագործարարական թարգմանության ոլորտում և ունակ կլինի կատարելու գրավոր և բանավոր թարգմանություններ իրավաբանական, տնտեսագիտական և մասնագիտական այլ բնագավառներում, ինչպես նաև իրականացնել բարձրակարգ թարգմանական հմտություններ պահանջող տարբեր գործառույթներ, ինչը կապահովի բարձր մրցունակություն աշխատաշուկայում: Սույն մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատել տարբեր նախարարությունների արտաքին կապերի բաժիններում, տարբեր մասնագիտական ոլորտներին (իրավական, տնտեսական, քաղաքական և այլն) առնչվող միջազգային կազմակերպություններում և միջպետական համատեղ ձեռնարկություններում, նոտարական գրասենյակներում, դատարաններում, բանկերում և ֆինանսական այլ կազմակերպություններում, ինչպես նաև մի շարք պետական հաստատություններում և մասնավոր ձեռնարկություններում։
Կրթական ծրագրի շրջանակում նախատեսվում է պրակտիկա հետևյալ հաստատություններում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններ, ՀՀ արդարադատության նախարարությանը կից թարգմանչական բյուրո, տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպություններ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, ՀՀ անվտանգության խորհուրդ և պետական այլ գերատեսչություններ: