Декабря 13, 2023 | 16:00
Образование
Международное сотрудничество
Посол Федеративной Республики Германия в Армении посетил ЕГУ
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) հրավերով Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերն այցելեց ԵՊՀ և ծանոթացավ ՀՀԻ-ում իրականացվող աշխատանքներին։
Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ծրագրել է զարգացնել հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ, և այդ համատեքստում դեսպանի հետ հանդիպումը միտված էր Գերմանիայի փորձագիտական կենտրոնների հետ համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը։
Դեսպանը, գնահատելով կառույցի գործունեությունը, նշեց, որ կաջակցի ինստիտուտին՝ գերմանական առաջատար գիտական, փորձագիտական կենտրոնների և համալսարանների հետ համագործակցության ստեղծմանն ու զարգացմանը․ «Ուրախ կլինեմ, եթե ինստիտուտը կարողանա հետագայում համագործակցել նաև գերմանական գիտական կենտրոնների հետ։ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը մեծ աշխատանք է տանում նոր հայեցակարգեր ձևավորելու ուղղությամբ, և դեսպանությունը պատրաստակամ է համագործակցելու հարցում»։
Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը, կարևորելով դեսպանի այցը, ասաց․ «Մենք բարձր ենք գնահատում դեսպանի այցը Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ և պատրաստակամ ենք հետագայում ևս խորացնելու մեր համագործակցությունը։ Դեսպանը տպավորված էր ինստիտուտի գործունեությամբ, մասնավորապես՝ Բ. Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության, քարտեզագրության և հայ դիվանագիտության հիմնախնդիրների հետազոտական լաբորատորիայով և ոլորտի բանիմաց մասնագետներով»։
ՀՀԻ-ում շրջայցից հետո դեսպանը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում հանդիպեց ինստիտուտի փորձագետների հետ, քննարկվեցին հայ-գերմանական կապերին, զարգացումներին առնչվող հարցեր։
Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի պատասխանատու Նաիրա Գևորգյանը։ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ղեկավարը շնորհակալություն հայտնեց գերմանական հիմնադրամին համագործակցության համար՝ շնորհակալագիր շնորհելով Ն․ Գևորգյանին։
Նշենք, որ ներկայում Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը Գերմանիայի Դաշնային Հանրապետության շուրջ տասը հիմնադրամների հետ է համագործակցում։ Գերմանիայի «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցության շրջանակում ՀՀԻ-ն այս տարի կազմակերպել է ամառային, աշնանային և ձմեռային դպրոցներ՝ «Հայաստանը և ԵՄ արժեքները արտաքին քաղաքական որոշումների կայացման գործընթացում» թեմայով, որոնց ներգրավվել են ԵՊՀ շուրջ 30 ուսանողներ։ Դպրոցում դասախոսություններով հանդես են եկել Հայաստանի և օտարերկրյա առաջատար մասնագետներ, այդ թվում՝ միջազգայնագետներ, պատմաբաններ, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտներ։